Հայաջինջ եղեռնից փրկված 850.000 հայերից 200.000-ը` հիմնականում կանայք և երեխաներ, բռնությամբ կրոնափոխվել, դարձել էին մահմեդական․ Կ․Պոլսում լույս տեսնող հայկական «Ճակատամարտ» թերթի վկայությունը

Հայոց ցեղասպանության և որբերի ու տարագիրների մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, մենագրություններ՝  հայ և օտարազգի պատմաբանների, ցեղասպանագետների և հիշյալ հիմնախնդրով զբաղվող այլ ոլորտների մասնագետների կողմից:

ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու  Մարիամ Հովսեփյանը, հիմնվելով  Կ.Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթի  հրապարակումների վրա, 1918-23 թվականների կտրվածքով  ներկայացրել է հայ գաղթականների և որբերի հիմնախնդիրները, ինչպես նաև՝ Հայաստանի Առաջին Հանրապետության  և Թուրքիայի պետական ու հայ ազգային կառույցների կողմից դրանց լուծման նպատակով  իրականացված ծրագրերն ու կարևոր ձեռնարկները:

«Պարբերականի աշխատակիցների շնորհիվ թերթի հրապարակումներն ամենօրյա պարբերականությամբ պատկերացում  են տվել Մուդրոսի զինադադարից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի, Հայկական հարցին առնչվող գործընթացի, արևմտահայության բեկորների գոյապայքարի, աշխարհաքաղաքական փոփոխությունների և ընթացիկ զանազան հարցերի մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Հովսեփյանը։

– Տարբեր օրենքներ են ընդունում, որոնք թույլ չեն տալիս գաղթական դարձած արևմտահայությանը վերադառնալ իրենց տները։

– «Ճակատամարտ» թերթը լույս է տեսել 1918-1924 թվականներին: Խմբագիրները եղել են Շավարշ Միսաքյանը և Հակոբ Սիրունին (Ճոլոլյան): Նախաձեռնողը եղել է Հակոբ Սիրունին: Այս երկու խմբագիրները և աշխատակազմից ևս 1-2 հոգի եղել են նաև «Ճակատամարտ»-ից առաջ  հրատարակված «Ազատամարտ» թերթի խմբագրակազմի աշխատակիցներ:  «Ազատամարտ»-ը, ի դեպ, ունեցել է կուսակցական պատկանելություն՝ ի տարբերություն «Ճակատամարտ»-ի:

«Ազատամարտ»-ը եղել է ՀՅԴ Արևմտյան բյուրոյի պաշտոնաթերթը, և որպես օրաթերթ՝ լույս է տեսել 1909-1915 թվականներին: Երիտթուրքական իշխանությունները պարբերաբար փակել են  «Ազատամարտ» օրաթերթը, այն հաճախ հայտնվել է դատական քաշքշուկների մեջ, մի քանի անգամ փակել են թերթը՝ հոդվածների պատճառով, որովհետև աշխատակիցներն իրենց էությամբ անվախ, պայքարող լրագրողներ էին, իրենց կոչմանը հավատարիմ, չէին կարող չտեսնել և չխոսել, թե ինչ է կատարվում  երիտթուրքերի իշխանությունների օրոք կամ, ընդհանրապես, թուրքական իշխանությունների օրոք: Հատկապես գրում էին, թե ի՞նչ է կատարվում հայ ժողովրդի հանդեպ՝ արևմտահայ գավառում:

Իսկ երբ սկսվել է հայերի հանդեպ ցեղասպանական գործընթացը, առաջին ձերբակալվածների, զոհերի ցուցակում հայտնվել են նաև «Ազատամարտ»-ի աշխատակիցները: Ապրիլի 24-ի գիշերը ոստիկանները հայտնվում են «Ազատամարտ»-ի խմբագրությունում ու ձերբակալում աշխատակիցներին, իսկ խմբագրությունը թալանվում է: Տանում են ոսկի, գումար: Այդ նույն շենքում եղել է նաև ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի  անդամների հավաքատեղին, ինչպես նաև գրադարանը: Արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանը եղել է «Ազատամարտ»-ի խմբագիրը,  Հայոց Մեծ եղեռնի զոհերից մեկը:  Հայոց ցեղասպանությունից հետո փրկված մի քանի մտավորական՝ Հակոբ Սիրունու գլխավորությամբ, որոշում են, որ եթե կկարողանան, կշարունակեն հրատարակել «Ազատամարտ»-ը, բայց արդեն ոչ որպես կուսակցական թերթ՝ լույս տեսավ «Ճակատամարտ»-ը, որովհետև այդ շրջանում արդեն կուսակցությունները չէին գործում Թուրքիայում: Թերթը լույս տեսավ՝ որպես հասարակական-քաղաքական ազգային թերթ, բայց ուներ դաշնակցական ուղղվածություն, որը բացահայտ ձևով չէր արտահայտվում:

«Ճակատամարտը» լույս տեսնելով  որպես օրաթերթ՝ կրկին փորձում էր ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում էին ոչ միայն՝ հայ ժողովրդին, այլև՝ Թուրքիայի քաղաքացիներին: Այնտեղ կային մարդիկ, ովքեր փոփոխությունների կողմնակից էին, բայց տեսնում ենք, որ ազգայնամոլական շարժումը կարողանում է նորից իշխանությունը վերցնել և ոչ միայն շարունակել նախկինների վարած հայակործան, հայաջինջ  քաղաքականությունը, այլև ընդհանրապես հային դուրս մղել իր բնօրրանից: Տարբեր օրենքներ են ընդունում, որոնք թույլ չեն տալիս գաղթական դարձած արևմտահայությանը վերադառնալ իրենց տները: Տարբեր  ուսումնասիրողների մոտ տարբեր թիվ  է նշվում, սակայն 200.000-360.000 հայ վերադարձել էին իրենց տները՝ տարբեր դժվարությունների միջով անցնելով: Սակայն թուրքական իշխանությունները, 1918 թվականից սկսած, հայերի տներում բերել և տեղավորել են իսլամ դավանող թուրքերի, քրդերի և այլ ժողովուրդների:

– Հայ գաղթականներին թուրքական իշխանությունները տրամադրել են ապրանքատար գնացքների բաց վագոններ և երկու օրվա ճանապարհն անցել են երկու շաբաթում

– «Ճակատամարտ» թերթը բավականին աչալուրջ է մոտեցել գաղթականների և որբերի խնդիրներին: 1918 թվականի նոյեմբերի համարներից պարզվում է, որ գաղթականները, ովքեր ուզում էին վերադառնալ իրենց տները, նախ  մի քանի արգելք պետք է հաղթահարեին։ Որոշման մեջ գրել են, որ պետությունը հոգալու է տուն վերադառնալ փորձող հայ գաղթականների և որբերի  ճանապարհածախսը, կեցության հարցերը, և երբ նրանք հասնեն տուն, դրանք կդատարկվեն թուրքերից, որոշակի նպաստ կտան, որ կարողանան գոյատևել։ Որոշման համաձայն՝ նախ պետք է գնացքի վագոններ տրամադրեին անվճար, ու մարդիկ ցրտին շաբաթներով սպասում էին՝ չունենալով գումար։ Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն են եղել, շատ մարդիկ են հիվանդացել ու, ասենք, 15 օրում 20 մարդ կայարանում մահացել է թե ցրտից, թե քաղցից։ Հետո, թերթը գրում է, որ ի վերջո հայերին տրամադրում են ապրանքատար գնացքների բաց վագոններ, և երկու օրվա ճանապարհը, որ մարդը պետք է անցներ  իր տուն հասնելու համար, անցել է երկու շաբաթում։ Գնացքավարին միտումնավոր չեն տրամադրել քարածխի անհրաժեշտ պաշարը, որ մարդկանց հասցնի իրենց գյուղերը։ Օրերով սպասել են, որ քարածուխը բերեն, ու մոտ 2000 հոգի անձրևի, ձյան, ուժեղ քամիների տակ սպասել է։ Բնական է, շատերը հիվանդացել են, մահացել։ Ու թերթը գրում է, որ սա էլ սպիտակ ջարդի մի տեսակ էր, որ թուրքական իշխանությունները վարում էին գաղթականների նկատմամբ։

Այստեղ մի խնդիր էլ կար․ երբ հայերը վերադարձել են իրենց տները, ո՞վ, թուրքը պետք է դո՞ւրս գար հայից գրաված տնից, իհարկե՝ ոչ։ Ու մարդիկ մնում էին թափառաշրջիկի կարգավիճակում՝ անտուն, անփող։ Պարզ է, որ պետք է կրկին գաղթականի ցուպը վերցնեին ու շարժվեին հարևան երկրներ։

– «Մուշի ամբողջ հայությանը կենդանի-կենդանի այրեցին»։

– «Ճակատամարտը» փորձել է ներկայացնել այն, ինչ կատարվել է Հայոց ցեղասպանության տարիներին՝ «Վերապրողները» շարքում։ Ո նրանք, ովքեր փրկվել են, ներկայացրել են իրենց գյուղում կատարվածը։ Սրանք ականատեսի վկայություններ են։ Հազարավոր վկայություններ կան թերթի էջերում՝ կոնկրետ գյուղերով, անուններով։ Նշում են, թե որ գյուղում քանի մարդ է  ապրել նախքան կոտորածը, հետո, թե ինչպես են սպանել երեխաներին, կանանց ու տղամարդկանց։ Դաժանությունների մասին ևս բազմաթիվ փաստեր կան։ Օրինակ, վերնագրերից մեկն այսպիսին է՝ «Մուշի ամբողջ հայությանը կենդանի-կենդանի այրեցին»։ Հենց նույն համարում վերապրողների հուշերի կողքին նաև կա հայերի ինքնապաշտպանական մարտերի մասին հոդված, վկայություններ, լուսանկար։  Սա շատ կարևոր է, քանի որ թերթը միայն չի ներկայացրել խեղճուկրակ հայի պատկերը։ Թերթն անընդհատ այն գիծն է առաջ տարել, որ հայերը պայքարող ժողովուրդ են եղել ու հենց դրա համար են արժանացել թուքերի ատելությանը։ Հայերը փորձել են պայքարել անկախության, իրենց տեսակը պահելու համար։ Թերթում առկա մի շարք փաստաթղթերը կարող են օգտագործվել հիմա, քանի որ հստակ նշված է, թե որ քաղաքում ու գյուղում հայերն ինչքան ունեցվածք են ունեցել, ինչպես նաև ոչ նյութական արժեքներ՝ եկեղեցիներ, մշակույթի տներ, դպրոցներ և այլն։

1918 թվականի համարներում նշված է նաև, որ հայ իրավագետների միություն է ստեղծվել Կ․Պոլսում, ովքեր կոչով  դիմել են Հայոց ցեղասպանությունից փրկվածներին՝ ասելով, որ՝ եկեք, ներկայացրեք ձեր նյութական կորուստները, որպեսզի մենք հետագայում միջազգային ատյաններում հայց ներկայացնենք Թուրքիայի դեմ։ Հմայակ Խոսրովյան անուն-ազգանունով իրավաբանն է այս հարցով զբաղվել։ Իհարկե, սկզբնական շրջանում թերթը գրում է, թե ովքեր են փրկվել, սակայն հետո չի ներկայացնում, թե Հմայակ Խոսրովյանի կոչին համապատասխան արված աշխատանքը որ փուլում է։ Դա մնում է  գաղտնի, չի հասկացվում, թե ինչ արվեց։ Անդրադարձել են նաև Պողոս Նուբարի գործունեությանը, և կարծում եմ՝ գուցե տրամադրած լինեն նրան ամբողջ ուսումնասիրությունը։

– Պայքար էր գնումհայերն ուզում էին փրկելի իսլամացած որբերին, հայուհիներին, իսկ թուրքական իշխանությունները ամեն ինչ անում էին, որ դա չկատարվեր:

– «Ճակատամարտ»-ում եղել է նաև «Կը փնտրվին» էջը։ Մարդիկ փորձել են այս կերպ գտնել իրենց փրկված հարազատներին։ Առանձին ներկայացվել է նաև որբերի և բռնի իսլամացած կանանց հարցը՝ փորձելով օգտակար լինել այն հանձնաժողովին, որը ստեղծվել էր  Կ․Պոլսի հայահավաք կամ հայափրկիչ անձանց կողմից, հատկապես արևմտահայոց վերջին պատրիարք Զավեն Տեր Եղիայանի ջանքերով։ Թուրքական իշխանություններն էլ կեղծ պետական հանձնաժողով էին ստեղծել, որը հիմնականում ոստիկաններից էր կազմված։ Թերթն ասում է՝ երեխաները հենց տեսնում էին նրանց, հիշում էին, թե ինչպես էին մի քանի տարի առաջ այդ նույն մարդիկ՝ ոստիկանական համազգեստով, մտնում  իրենց տները, տանում ծնողներին, սպանում, խոշտանգում իրենց աչքերի առջև։ Եվ պարզ է, որ արդեն իսլամացած երեխաները չէին ասելու, որ հայ են։ Պայքար էր գնում․ հայերն ուզում էին փրկել  իսլամացած որբերին, հայուհիներին, իսկ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում էին, որ դա չկատարվեր, չնայած թղթով թույլ էին տալիս, որ վերադառնային իրենց կրոնին, համայնքին։ «Ճակատամարտ»-ը փաստում է՝ Օսմանյան կայսրությունում բնակվող 2․5 միլիոն հայությունից հայաջինջ եղեռնից փրկված 850․000 հայերից 200․000-ը՝ հիմնականում կանայք և երեխաներ, բռնությամբ կրոնափոխվել, դարձել էին մահմեդական։

Թերթը տեղեկացնում է, որ թուրքական իշխանությունները նաև որոշում են կայացրել, որ  հայուհին, ով անունը փոխել և իսլամ է ընդունել, չի կարող համարվել իր հայ հոր կամ ամուսնու ժառանգորդը, քանի որ այլևս հայ, քրիստոնյա չէ։ Բայց մեր համայնքը և, հատկապես պատրիարքարանը, հնարավորության սահմաններում շարունակել են ամեն ինչ անել, որ երեխաներին ու կանանց փրկեն թուրքերի ձեռքից։ 1921 թվականին, երբ Կ․Պոլսի Պատրիարքարանը զեկույց  է պատրաստում, այնտեղ  նշվում է, որ դեռևս 63․000 բռնի իսլամացած հայեր կան։ Նշեմ նաև, որ որբերին և գաղթականներին օգնելու համար համայնքը պատրիարքի ջանքերով կարևոր երեք ծրագիր է իրականացրել։ 1919թ․ փորձել են հանգանակել մեկ միլիոն օսմանյան ոսկի՝ առաջիկա ծախսերը հոգալու համար։ Գումարը կարողացել են հավաքել։ 1921թ․ ապրիլի 24-ին Զավեն Տեր Եղիայանի ջանքերով Կ Պոլսի մայր եկեղեցում առաջին անգամ նշվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որից հետո ամենուր խնկարկում և մեր հիշատակի տուրքն ենք մատուցում  զոհերին։

Իսկ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը կրկին Պատրիարքի կոչով  Կ․Պոլսի ամբողջ հայ համայնքը հայտարարում է որբերի շաբաթ, և հիմնականում գումարի տեսքով նվիրատվություններ են լինում։ Իսկ այն հայերը, ովքեր տուրքը չեն տվել, թերթում եղել է սև ցուցակ, որտեղ գրել են այն հայերի անունները, ովքեր գումար ունեցել, սակայն չեն վճարել։ Թերթը փորձել է նրանց պախարակել այդ ցուցակով, իսկ Պատրիարքարանն էլ տվյալ մեծահարուստի կնունքի, հոգեհանգստի արարողությունը չի կատարել։

Թերթը 1922 թվականին ունեցել է շարք՝ «Ինչպե՞ս են ապրում մեր որբերը», և ռեպորտաժներ է ներկայացրել Կ․Պոլսի հայկական որբանոցներից՝ մանրամասն գրելով, թե ինչպես են ապրում։

– Եթե որևէ ցեղասպանագետ ցանկանա գտնել որևէ կարևոր փաստաթուղթ, որոշում, դա կարող է գտնել «Ճակատամարտ» թերթում։

– Մուդրոսի զինադադարից հետո՝ 1918-1919թ․ կեսերին Թուրքիայում դեռևս կարողացել են ազատորեն խոսել՝ ոչ միայն «Ճակատամարտը», այլ հայկական մյուս  պարբերականները։ Սակայն, 1920 թվականից հետո, երբ իշխանության են գալիս քեմալականները, տեսնում ենք, որ «Ճակատամարտը» արդեն գրաքննության մամլիչի տակ է հայտնվել։ Տեսնում ենք, որ խմբագրականները չկան, տեղը դատարկ է կամ հոդվածի ինչ-որ հատված սպիտակ է, այսինքն, հանված է։

Իսկ 1923-24թթ․ թերթը էլ չի կարողանում որևէ բան տպագրել թուրքական իշխանությունների դեմ, արտատպումներ է կատարում խորհրդայնացված Հայաստանի մամուլից։ Ամեն դեպքում,  թերթում առկա բազմաթիվ վկայություններն այն մասին, թե ինչպես է արևմտահայ գավառում կատարվել հայության կոտորածը, ունեզրկումը և այլն, կարելի է որպես փաստ՝ այժմ էլ օգտագործել։ Մարդիկ գրում են, որ՝ ես այսինչ մարդն եմ, ապրել եմ այստեղ, ունեցել եմ ունեցվածք, բայց չեմ կարողանում տիրանալ, որովհետև այնտեղ թուրքեր են ապրում, կամ վերադարձել և տեսել եմ, որ տունս թալանել և քանդել են, այգիները՝ ոչնչացրել։ Ցանկացած համար որ բացի ուսումնասիրողը՝ վկայություններ, փաստեր կգտնի։ Եթե որևէ ցեղասպանագետ ուզի գտնել որևէ կարևոր փաստաթուղթ, որոշում, դա կարող է գտնել թերթում։

Տեսանյութեր

Լրահոս