Բաժիններ՝

Եվրամիությունը հաստատել է, որ Իսրայելի վրա ճնշում գործադրելու եղանակներ է փնտրում

Եվրամիությունը փնտրում է Իսրայելի վրա ճնշում գործադրելու եղանակներ՝ Գազայի հումանիտար իրավիճակը բարելավելու համար, հայտարարել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, իսկ անդամ պետությունները քննարկում են Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ հաշվի առնելով այն, ինչը նրանք համարում են մարդու իրավունքների հնարավոր խախտումներ։

ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը ներկայացրել է Իսրայելի դեմ քաղաքական գործողությունների 10 տարբերակ՝ անցյալ ամիս հայտարարելով, որ հայտնաբերել է «նշաններ», որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները, հաղորդում է Reuters-ը։

ԵՄ անդամ պետությունների համար պատրաստված փաստաթղթում տարբերակները ներառում են ինչպես խոշոր քայլեր, մասնավորապես՝ ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի կասեցումը, որը վերաբերում է առևտրային հարաբերություններին, այնպես էլ ավելի փոքր քայլեր, մասնավորապես՝ տեխնիկական նախագծերի կասեցումը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալլասը նշել է, որ տարբերակները պատրաստվել են ի պատասխան Իսրայելի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու անդամ պետությունների խնդրանքների՝ Գազայի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության տառապանքները մեղմելու համար։

«Մեր նպատակը Իսրայելին որևէ կերպ պատժելը չէ, այլ իրականում բարելավել իրավիճակը (Գազայի հատվածում), քանի որ մարդասիրական իրավիճակն անընդունելի է»,- հայտարարել է նա։

Կալլասը նշել է, որ Իսրայելը համաձայնել է ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունը Գազա, ներառյալ՝ ավելացնելով մարդասիրական օգնության բեռնատարների, անցակետերի և բաշխման կենտրոններ տանող երթուղիների քանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս