Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը և Ուկրաինան ձեռնարկում են պաշտպանական նորարարությունների արագացման նախաձեռնություն

Եվրոպական հանձնաժողովը և Ուկրաինան սկսում են իրականացնել BraveTech EU նախաձեռնությունը, որի նպատակն է ավելի սերտ համագործակցության միջոցով արագացնել պաշտպանական նորարարությունների մշակումն ու ներդրումը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությունում:

«BraveTech EU-ն ռազմավարական նոր քայլ է Եվրամիության և Ուկրաինայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։ ԵՄ-ն և նրան անդամակցող պետություններն ունեն արդյունաբերական ներուժ, որը Ուկրաինային կարող է օգնել մշակել պաշտպանական նոր համակարգեր և բարձրացնել Եվրոպայի դիմակայունությունը»,- այս առթիվ նշել է պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Անդրյուս Կուբիլյուսը։

Նա ընդգծել է, որ նախաձեռնության շնորհիվ ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերությունը կարող է նաև շատ բան սովորել ուկրաինական պաշտպանական տեխնոլոգիական համայնքից։ Կուբիլյուսի գտնում է, որ դա նաև հնարավորություն կտա խորացնելու երկուստեք ինտեգրումը, ինչը, նրա գնահատմամբ, չափազանց անհրաժեշտ է և՛ Ուկրաինային և՛ ԵՄ-ն:

«Սա ավելին է, քան պարզապես տեխնոլոգիական գործընկերությունը. սա ռազմավարական ներդրում է եվրոպական անվտանգության մեջ»,- նշված է հաղորդագրությունում:

BraveTech EU նախագիծն իրականացվելու է երկու փուլով։ Առաջինը կսկսվի 2025 թվականի աշնանը և կհիմնվի Եվրոպական պաշտպանության հիմնադրամի (EDF) ընթացիկ միջոցառումներին՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունը Ուկրաինայի պաշտպանական համալիրի հետ։ Երկրորդ փուլը կոչված է ընդլայնելու առաջինի միջոցառումները՝ օգտագործելով EDF-ի և Ուկրաինայի աջակցության գործիքի (USI) լրացուցիչ ռեսուրսները՝ Եվրոպական պաշտպանական արդյունաբերության առաջիկա ծրագրի (EDIP) շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս