Բայդենն Էրդողանին տեղեկացրել է Ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ տրվող ԱՄՆ նախագահի ավանդական ուղերձին ընդառաջ կայացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ի դեպ, սա երկու երկրների ղեկավարների առաջին շփումն էր Բայդենի հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալությունից հետո։
Ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, Էրդողանը բավականին ծանր էր ընդունում հեռախոսազրույցի և շփման բացակայությունը Բայդենի հետ։ Այս 3 ամիսների ընթացքում հարաբերությունները բավականի լարված էին, Թուրքիան նույնիսկ պատվիրակներ էր ուղարկում ԱՄՆ նախագահին մոտ կանգնած պաշտոնյաների հետ հանդիպման, փորձելով հալեցնել «սառույցը»։
Մարտի վերջին նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ Թուրքիային անհանգստացնում են Վաշինգտոնից հնչող ազդակները, ըստ որոնց` նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուստի Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպեց ԱՄՆ-ի նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ:
Հանդիպման նպատակն էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 4 կետերից բաղկացած դիրքորոշման ներկայացումը:
Ժամեր առաջ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Բայդենն իր թուրք գործընկերոջն ասել է, որ հետաքրքրված է երկկողմ կառուցողական հարաբերություններով՝ լայն համագործակցությամբ և տարաձայնությունների արդյունավետ կառավարմամբ։ Ըստ հաղորդագրության, ղեկավարները պայմանավորվել են հանդիպել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում ավելի ընդլայնված բանակցություններ վարելու նպատակով։
Սպիտակ տան հաղորդագրությունում որևէ խոսք չկա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, սակայն ամերիկյան բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայդենը Էրդողանին հայտնել է իր մտադրությունների մասին։ Bloomberg-ը գրում է․ «Նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուրբաթ օրն ասել է, որ մտադիր է ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները, որպես Ցեղասպանություն, ըստ այն մարդկանց, որոնք ծանոթ են ղեկավարների հեռախոսազրույցին»։
Նույն լրատվամիջոցի փոխանցմամբ, շաբաթ օրվա իր ուղերձում Բայդենն օգտագործելու է «Ցեղասպանություն» եզրույթը, ինչը խոստացել էր անել իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Դրանով Բայդենը կդառնա վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թ․ տեղի ունեցած մասսայական ջարդերը կանվանի Ցեղասպանություն։
Միայն ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին Հոլոքոստի մասին գրավոր հայտարարությունում հպանցիկ հղում էր արել Հայոց ցեղասպանությանը։
Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, այս քայլը մեծապես սպասված է նաև այն պատճառով, որ մեծաթիվ սենատորներ ու կոնգրեսմեններ են դիմել Բայդենին ճանաչման պահանջով։