Խոցւած պահանջատիրութեան երթի վերականգնման երաշխիքը…

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Դերենիկ Մելիքեան

Փա՛ստ է եւ դա անվարան պէտք է արձանագրել, որ ազգովի թեւակոխում ենք մեր համազգային պահանջատիրութեան 106-րդ հանգրւան խիստ տարօրինակ ու աննախադէպ պայմանների թելադրանքի ներքոյ…:

Հայոց պահանջատիրութիւնը՝ Հայ Դատը եւ դրա պատմաբանագիտական բնորոշում՝ նոյնինքն հայոց ազգային գաղափարախօսութիւնը խոցւած է ըստ ամենայնի…:

Խոցման կիզակէտում յայտնւեց հէնց համազգային մեր պահանջատիրութեանը, Հայ Դատին ու հայոց ազգային գաղափարախօսութեանը նախորդ դարավերջին նոր ուժականութիւն հաղորդած արծւաբոյն Արցախը…, որպէս յուսալի խարիսխ ու հանգրւան՝ մեր դարակերտ պահանջատիրութեան:

Փաստ է նաեւ ու մանաւանդ այն, որ Արցախի խոցումով՝ թէկուզ պոտենցիալ առումով, բայց խոցւած է նոյնպէս հայոց պետականութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը: Իսկ սրա իրական (ներգործուն) եւ ոչ թէ պոտենցեալ (ներուժ) վտանգի ու սպառնալիքի առկայութեան մասին, ահա, ահազանգը հնչում է այսօր՝ Սիւնիքում… ու նրա «բաց դարպասներում» դարանակալած՝ Ցեղասպանի ժառանգորդների կրակոցներով…:

…. Համաշխարհային կայսերապաշտական համընդհանուր նկրտումներն ու դիպուկ՝ տարածաշրջանային շահակցական նպատակները փոխլրացման օրինաչափութեամբ՝ պատուհասել են մեր ազգային-պետական շահերն ու դրանք մարմնաւորող համապատասխան արժէքներն ու սրբութիւնները՝ մեր անմիջական թշնամիների ուղղակի դերակատարմամբ: Առաւել ցաւալի փաստը, սակայն, կայանում է նրանում, որ ցեղասպանների ժառանգորդները օգտագործեցին մեր ներքին թուլութիւնը՝ Հայի «Աքիլեսեան գարշապարը», որի համահեղինակներն հանդիսացան՝ «Առանց Արցախի լաւ ապրել» – ու մերօրեայ ջատագովները… Ահա, թէ ուր է թաղւած շան գլուխը…:

Եւ ահա, թէ ինչու ենք ազգովի բոլոր նախընթաց օրինաչափութիւններից հեռու՝ տարօրինակ պայմաններում թեւակոխում մեր պահանջատիրութեան 106-րդ հանգրւան:

Ահաւասիկ, դժւարանցանելի հանգրւան, որն դեռեւս նշանաւորւել է յետպատերազմական յաջորդական շրջանից սկսեալ՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» ահազանգի հնչեցմամբ: Ահազանգ, որն անկախ օրախնդիր թէ՛ իրադրային հանգամանքներից ու իշխանախաղական բարդոյթներից, սեպւելու է մեր համընդհանուր պահանջատիրութեան վէմին, նրանում առաջացած արհեստական ճեղքը լիցքաւորել-փակելու եւ առաջնահերթօրէն՝ ներազգային պայքարի պատւանդանը ամրակայելու անյետաձգելի անհրաժեշտութիւնից ելնելով:

Ու դրանով էլ՝ վերականգնւելու, վերաիմաստաւորւելու եւ իր բուն օրինաչափութիւնների կիրառման հանգրւան է հասնելու մեր անբեկանելի պահանջատիրութեան յաղթական երթը…:

Տեսանյութեր

Լրահոս