1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողները չեն կարող այլևս հանդուրժվել. Եվրախորհրդարանի պատգամավոր
Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեսանդրո Պանցան եվրոպական հաստատություններում պաշտոն զբաղեցնող անձանց հորդորում է անել այնպես, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողներն այլևս չհանդուրժվեն:
«Սիրելի՛ հայ ընկերներ, ապրիլի 24-ը Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ցեղասպանության հիշատակման օրն է։ Չնայած այս փաստին, չնայած նրան, որ շատ տարիներ են անցել, դեռևս ինչ-որ մեկը ասում է, որ այն տեղի չի ունեցել։ Այդ մեկը Թուրքիան է, բռնապետ Էրդողանն է, այն երկիրն է, որը ժխտում է, որ Հայոց ցեղասպանությունը երբևիցե տեղի է ունեցել։ Ինձ նմանները, ովքեր այս հաստատություններում են, Եվրոպական հաստատություններում են, պետք է օգտագործեն իրենց դերը, իրենց աշխատանքը այս ամենին վերջ տալու համար, համոզվելու համար, որ նրանք, ովքեր ժխտում են մեկ ու կես միլիոն մարդկանց բնաջնջումը, չեն կարող այլևս հանդուրժվել»,- նշել է պատգամավորը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։