Հադրութում հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: