Սենատոր Փորտանտինոն լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմն ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթընի Փորտանտինոն լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը, որը հայ ժողովրդի լավ բարեկամն է, ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հիշելով նախորդ տարի ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման փաստը՝ նա հույս է հայտնել, որ այս տարի դա կդառնա ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն: Էնթընի Փորտանտինոն հատկապես կարևորել է նման քայլը Արցախի դեմ նախորդ տարի սանձազերծված պատերազմից հետո:
«Նախորդ տարի Արցախում տեղի ունեցածն իսկական ողբերգություն էր: Ես խորապես ցավում եմ՝ հասկանալով, որ մարդիկ, ում հետ հաց եմ կիսել Հադրութում, վիրավորվել և սպանվել են»,- նշել է նա:
Սենատորը հպարտությամբ է արձանագրել, որ Կալիֆորնիա նահանգը Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի ինքնիշխանությունը ճանաչող բանաձևեր է ընդունել: «Վաշինգտոնը պետք է հետևի Կալիֆորնիայի օրինակին: 100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածները պետք է ճանաչվեն: Նախորդ տարի Արցախի հետ տեղի ունեցածը պետք է դատապարտվի: Բոլորս պետք է մեր համերաշխությունը հայտնենք Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին:
Պետք է միշտ հիշել, թե ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ: Պետք է հիշել այն սանձազերծված հարձակումը, որը տեղի ունեցավ Արցախի դեմ, հիշել ռազմագերիներին, որոնք մինչ օրս ազատ արձակված չեն:
Ես ամերիկացի եմ, և իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր հայ ընկերներիս ու հարևաններիս, քանի որ կարևոր է միավորվել այս հույսի ու ճանաչման ուղերձի շուրջ: Համայնքը պետք է ապաքինվի: Ժառանգները պետք է իմանան, որ նրանց նախնիները չեն մահացել առանց ճանաչման: Նրանք պարզապես թվեր չեն, այլ մարդիկ էին, ովքեր տառապեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով»,- ասել է սենատորը: