«Ես չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտեմ, բայց կողքից հետևելով իրադարձություններին և տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում, ունեմ նման տպավորություն»․ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները ոչ թե քաղաքական էին, այլ «խուլիգանական դրսևորումներով»։
«Դժգոհելու առիթ միշտ կա և լինելու է բոլոր պարագաներում և բոլոր իշխանությունների պարագայում։ Այստեղ հարցն այլ է։ Հարցն այն է, որ կա որոշակի միտում Հայաստանը բաժանելու մասերի, և դա նկատվում է առանձին խմբակների կողմից, ինչը չի կարող ընդունելի լինել։ Ես չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտեմ, բայց կողքից հետևելով իրադարձություններին և տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում, ունեմ նման տպավորություն, որ այդ ամենն ուղղորդված է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ անուններ չի կարող հնչեցնել, թե ում կողմից են այդ գործողություններն ուղղորդված, սակայն ունի այդպիսի տպավորություն։
Ըստ Լիլիթ Մակունցի՝ իրենց իշխանությունը երբեք չի փորձել և միտում էլ չի ունեցել տարանջատելու հասարակությանը։
«2018 թվականի մայիսից եղել են հայտարարություններ և գործողություններ, որոնք միտված են եղել դաշտում բոլորին տալու հնարավորություններ թե՛ ինքնադրսևորվելու, թե՛ իրենց մասնագիտական ու պաշտոնական գործողություններում ունենալու հայանպաստ վարքագիծ։ Սա է եղել մեր գործողությունները։ Մասնավորապես՝ վերջին ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունների գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին ձեռնարկելու նման գործողություններ»,- հավելեց Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին, Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից, հետևաբար՝ ճիշտ կլինի՝ հրաժարականի պատճառների մասին մեկնաբանություն տա հենց Մեսրոպ Առաքելյանը։
Միաժամանակ Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում կկայացնի ու հանդես կգա հայտարարությամբ՝ արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելու վերաբերյալ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ժամկետներին, Լիլիթ Մակունցն ասաց. «Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ կլինի հրաժարականը, կոնկրետ օր այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց մինչև ամսվա վերջ կլինի հրաժարական»:
Հարցին՝ ո՞րն է այս իշխանության ամենամեծ ձեռքբերումը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Այն մեծ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց մեծ թափով գնում է Հայաստանը և ազատ քաղաքացին»։
Նա դժվարացավ ասել, թե որոնք են բացթողումները։