«Ինձ գնահատողը Դուք չեք…»․Մելիքսեթ Պողոսյանը՝ Վահե Հակոբյանին

Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե` «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով, մենք ում ի նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը»:

Նախ, Սյունիքում, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետությունում որևէ արտաքին ագրեսիայի դիմակայելու համար կան ՀՀ զինված ուժերը, սահմանապահ զորքերը և այլն։

Ես հայտարարել եմ արդեն, որ ինձ համար սև ու սպիտակ չկա, բոլորը մեր քաղաքացիներն են, իսկ ա՛յ, Ձեր ղեկավարման ժամանակ Սյունիքի մարզպետարանում, ենթակա կառույցներում բոլորին ստիպել եք անդամակցել ու դառնալ կոնկրետ մեկ կուսակցության անդամ, հրաժարվողները «պատժվել» ու անօրինական ազատվել են աշխատանքից․ ի դեպ, այսօր դատարաններում կարողանում են դա ապացուցել ու վերականգնվել աշխատանքում։

Ձեր ղեկավարման օրոք էր նաև, որ մարզում մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, մարդկանց լարելով միմյանց դեմ…

Ղեկավարման տարիներին չհասցրեցիք լինել մարզի գյուղերում, այսօր ես, մեր աշխատակիցները անընդհատ գյուղերում ենք, եղել ենք գրեթե բոլոր սահմանամերձերում ու լսել կարծիք, որ Ձեր ղեկավարման օրոք այնտեղ մարզպետարանից մարդ չեն տեսել, իրենց ձայնը լսող չի եղել։

Սրտացավ ու Սյունիքի մասին հոգացող մարզպետը ոչ թե ուղղաթիռով, այլ իր քաղաքացիների պես սովորական ճանապարհով ու ավտոմեքենայով է գալիս աշխատանքի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մարզում, մարզի բնակիչներին հանդիպելու, նրանց հետ խոսելու, հոգսերի մասին լսելու համար։

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս նորից ու լավ ծանոթանալ իմ կենսագրությանն ու Ձեր կենսագրությանը, համոզվելու համար, որ չարժե անգամ փորձել դրանք նույն նժարին դնել, տեսնելու համար, թե ով ինչպես է ծառայել Սյունիքին, առհասարակ՝ հայրենիքին. ինձ գնահատողը Դուք չեք…

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս