Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Զալկալիանին շատ հստակ ֆիքսեց, որ իրենք իրենց չեն տեսնում 3+3  ֆորմատի մեջ. վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովում անդրադառնալով վրաց-թուրքական հարաբերություններին՝ դրանք բաժանեց երեք ոլորտների՝  ռազմաքաղաքական, տնտեսական  և հումանիտար։ Այս համատեքստում վրացագետը հիշեցրեց․ «Թուրքիայի Հանրապետությունն առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Վրաստանի անկախությունը, հաստատեց դիվանագիտական հարաբերությունները, և նույն 1992 թվականին իրենց միջև  ստորագրվեց պայմանագիր գործընկերության, համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների մասին, ինչը հիմք հանդիսացավ ապագայում խորացնելու հարաբերությունները։

2016 թվականին այս հարաբերությունները դուրս եկան մի նոր բարձունքի, երբ Վրաստանի վարչապետի այցի ժամանակ ստորագրվեց փաստաթուղթ՝ բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների մասին, որով «ցույց է տրվում» այդ ռազմավարական հարաբերությունները։

Թուրքիան Վրաստանի հետ ակտիվ զարգացնում է նաև առևտրատնտեսական հարաբերությունները։ 2007թվականին ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիրը, և առայսօր Թուրքիան Վրաստանի համար մեկ առևտրային գործընկերն է, որի հետ առևտրային շրջանառությունը հասնում է մեկ միլիարդ ու կեսի։  Այս տարիների ընթացքում ուղիղ ներդրումները Թուրքիայից գերազանցել են մեկ միլիարդ դոլարը։ Թուրքիան հիմնականում ներդրումներ է կատարում տուրիզմի, ֆինանսների, էներգետիկայի ոլորտներում։ Վրաստանում գործում են մի քանի թուրքական բանկեր, երկու օդանավակայանները՝ Բաթումի և Թբիլիսիի, թուրքական ընկերություն է սպասարկում»։

Վրացագետը, սակայն,   շեշտեց՝  թյուր է այն պատկերացումը, թե Թուրքիան բոլոր լծակներն ունի Վրաստանում,  և թե վրացական իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման տակ որևէ քայլ չեն կարող անել։

Ի թիվս այլ օրինակների՝ այս համատեքտում Ջոնի Մելիքյանը խոսեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության առաջարկի՝ Թուրքիա-Ադրբեջան-Իրան և Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով բանակցություններ նախաձեռնելու   կամ հայտնի 3+3-ի շուրջ Վրաստանի դիրքորոշման մասին․  «Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար  Զալկալիանին շատ հստակ՝ մարտի սկզբին՝ Անկարայում, և երեկ՝ գագաթաժողովում, թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ֆիքսեց, որ իրենք իրենց չեն տեսնում այս ֆորմատի մեջ, քանի որ բոլոր պետությունները, որոնք այնտեղ պետք է ներկայացված լինեն,  պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ նկատի ունենալով, պարզ է, Ռուսաստանին։

Իրենք նաև բաց ասել են՝  եթե մենք կարող ենք հարթակ լինել հայ-ադրբեջանական բանակցություններին՝ խնդրեմ, բայց այլ հարց է, թե ինչքանով Վրաստանը կարող է հարթակ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս