Դատարանը պետք է տեղեկություն տրամադրի՝ ինչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ անունից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին. փաստաբան. tert.am
Այսօր Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վաղ առավոտյան գրություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին առ այն, որպեսզի տրամադրի տեղեկություն, թե ինչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր անունից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։
Tert.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ այս պահի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ եղանակով է մակագրվել բողոքի քննարկումը դատավոր Մանվել Շահվերդյանին:
Նշենք, որ այս առիթով փաստաբանը երեկ տեղեկացել է, որ բողոքի քննարկումը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 18:30-ին, մինչ դեռ պահանջը ենթադրում է անհապաղ քննարկում, սակայն միայն լսել են պատասխան, թե քննիչին հարմար չի մինչ այդ, քանի որ ծանրաբեռնված աշխատում է:
«Ես չգիտեմ, թե ինչով է ծանրաբեռնված քննիչը, որ չի կարող անհապաղ քննարկման մասնակցել, դա այդքան էլ էական չէ, քանի որ քննիչի մասկանցությունը պարտադիր էլ չէ, դատարանը պարտավոր էր անհապաղ քննարկել նշված բողոքը, եթե պահանջն անհապաղ է, քննարկվում է մարդու ազատության հարցը, ինչը նշանակում է, որ այն պետք է կազմակերվեր առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասաց նա:
Պապոյանը շեշտեց, որ շատ կարևոր է՝ դատարանը չգնա քաղաքական հետապնդման պահանջի կատարման ճանապարհով և այս առիթով վերջինս դատարան է գնում՝ հասկանալու, թե որն է եղել մակագրման եղանակը:
Պաշտպանը հավելեց նաև, որ երեկվա Շահվերդյանի դատականի նիստը այսօր 18:30-ին նշանակելը պատահական չի համարում, ըստ նրա՝ սա հատուկ է կազմակերպված, քանի որ այսօր ՔԿ-ից ծանուցագիր են ստացել, որի պահանջով ժամը 15:00-ին Մխիթար Զաքարյանի մասնակցությամբ պետք է ներկայանալ ՔԿ:
«Ենթադրում եմ, որ մեղադրանք են առաջադրելու, ապա կալանավորման միջնորդության ներկայացնել դատարան և Շահվերդյանը հատուկ երեկ չի քննարկել ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ բողոքը, որպեսզի այսօր միաժանակ ներկայացնի և՛ իմ կողմից ներկայացրած բողոքը և՛ քննիչի՝ կալանավորման միջնորդությունը»: