«Թուրքիան մեր առջև դրել է երեք նախապայման երկկողմ հարաբերություններ հաստատելու համար». Ռուբեն Մելքոնյան

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ զեկուցմամբ անդրադարձավ սահմանազատման հարցերին՝ նկատելով, որ վերջին շրջանում դրանք հատկապես ակտուալ են։

«Մեր հասարակությունը, մեր պետությունը բախվեց սահմանազատման տարօրինակ մի իրավիճակի, երբ մեր պետականության սահմանները տարօրինակ կերպով, GPS-ային սկզբունքով  սկսեցին ուղղակի մասնատվել։

Եվ ես այսօր ուզում եմ ներկայացնել նմանատիպ մի խնդիր, բայց ոչ թե հայ-ադրբեջանական, այլ հայ-թուրքական։ Խնդիրն ունի՝ ինչպես պատմական խորք, այնպես էլ՝ սպառնալիք, որը կարող է ամեն պահի կանգնել Հայաստանի պետականության առջև,  և իմ զեկուցման նպատակն է նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս հավանական սպառնալիքի վրա, որ բխելու է Թուրքիայից։

Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանները, որոնք վերաբերում են Հայաստանին, գծվել են՝ ըստ Կարսի պայմանագրի։ Կարսի պայմանագրի ճանաչումը Թուքիայի համար ունի գերկարևոր նշանակություն և թուրքական հայտնի երեք նախապայմաններից մեկն է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցում,  Կարսի պայմանագրի ճանաչում, կամ երբեմն ձևակերպում են հողային պահանջատիրությունից հրաժարում, և երրորդը՝ Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծում։

Այս նախապայմաններից մեկը՝ Արցախի հարցը,  թուրքական ագրեսիան մասամբ և, վստահ եմ,  խիստ ժամանակավոր կարողացել է լուծել, բայց հաջորդ երկու նախապայմանները մնում են օրակարգում։ Ուստի սա այն  քողարկված խոչընդոտն է, որտեղ կարող է Հայաստանը հայտնվել հատկապես ոչ  հմուտ դիվանագիտության պարագայում»,- նշեց թուրքագետը։

Նա պատմական ակնարկով անդրադարձավ հայ-թուրքական սահմանի սահմանազատման դրվագներին՝ նշելով, որ առաջին անգամ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատումը եղել է 1924-1926 թվականներին, որով ուրվագծվել է այն սահմանը, որ մենք ունենք Թուրքիայի հետ, բայց հիմքը Կարսի պայմանագիրն է եղել․ «Հետագայում՝ տարբեր տարիների,  կախված տեխնիկական խնդիրների հետ, առաջ է եկել նոր սահմաններ գծելու կամ վերասահմանազատման խնդիր,  և այդ վերասահմանազատման մի կարևոր դրվագ իր մեջ պարունակում է բավականին հետաքրքիր շերտեր․ խոսքը 1967-1973 թվականներին արված սահմանազատումն է, ըստ էության վերջին, գլոբալ արված սահմանազատումը, որ տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի և Թուրքիայի Հանրապետության միջև»։

Բանախոսը մանրամասնեց՝ սահմանազատմանը մասնակից հանձնաժողովներում յուրաքանչյուր կողմից ներգրավված է եղել 12 անդամ՝ քարտեզագիրներ, պատմաբաններ, ռազմական ու պետական գործիչներ, սահմանապահներ և այլք։

Թուրքագետը նկատեց, որ թեև սահմանազատման իրավական կողմը՝ պայմանագրային կողմը,  առավելապես տեխնիկական է և ոչ քաղաքական,  բայց թուրքական կողմը պնդել է, որպեսզի 1973 թվականին վերասահմանազատման պայմանագրին կից հայտարարության մեջ հստակ նշվի խորհրդաթուրքական սահմանի անխախտելիության մասին և հիշատակվի Կարսի պայմանագիրը՝ որպես հիմք այս ամենի․ «Ի՞նչն  է հետաքրքիր, որ խորհրդային պատվիրակությունը դիմադրել է շատ կարճ և այնուհետ համաձայնվել է այդ տարբերակին, այսինքն՝ այդ 1973 թվականի պայմանագրով վերահաստվել է հայկական տարածքների անօրինական փոխանցումը Թուրքիային։

Եվ մի հետաքրքիր դրվագ, որ վերաբերում է այդ հանձնաժողովի անդամ, հայազգի գնդապետ Գուրգեն Նալբանդյանին։ Գուրգեն Նալբանդյանն ամեն կերպ փորձել է բարձրաձայնել, որ սա տեխնիկական պայմանագիր է, և այստեղ քաղաքական կամ պատմական  հղումներ թույլատրելի չեն։ Բայց չհասնելով արդյունքի՝ բավական խիզախ այդ գնդապետը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը, և Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատումը ենթադրող պայմանագրում չկա Հայաստանի ներկայացուցիչ գնդապետ Նալբանդյանի ստորագրությունը։

Ինչով է կարևոր այս դետալը․  որ անգամ խորհրդային տարիների խորհրդային պաշտոնյան գտել է  իր մեջ այնքան համարձակություն, որ ակնհայտ դեմ է գնացել վատ քողարկված թուրքական մակարդակի սպառնալիքին» ։

Թուրքագետը նշում է, որ մեր օրերում ևս առկա է այս սպառնալիքը․ «Տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որպեսզի Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930