«Նրանք անբարոյականներ են, կոպտել են հիվանդ մինուճար մորս ու ծանր հիվանդ քրոջս». Բիլյանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Հինգ տարի բանտում եմ եղել, ընդամենը 2 ամիս առաջ փոխվեց իմ խափանման միջոցը և ես ազատության մեջ եմ այժմ։ Ուզում եմ հիշեցնել, որ իմ նկատմամբ հարուցված է եղել շինծու գործ: Այդ կեղծ մեղադրանքի պատճառով, երբ 2018 թվականին խմբի բոլոր անդամների խափանման միջոցը փոխվեց՝ բացառությամբ ինձ և ևս մեկ հոգու, ես շարունակեցի կալանավորված մնալ։ Այդ կեղծ մեղադրանքը վերջապես տապալվեց, երկու ամիս առաջ ես ազատ արձակվեցի։ Գտնվելով ազատության մեջ՝ հաճախ եմ նկատել, որ ոմանք ինձ համարում են «Սասնա ծռեր» կուսակցության կամ «Ազգային ժողովրդավարական բևեռ » նախաձեռնության անդամ։ Կամ էլ հետաքրքրվում են նրանց նկատմամբ իմ դիրքորոշմամբ. ուզում եմ հստակ հայտարարել՝ ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։

«2016 թվականին ես գործողության գնացել եմ ամբողջական համոզմունքով, մինչև այս րոպեն էլ հավատարիմ եմ մնում այդ համոզմունքներին։ Սխալ է «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնացնել ՊՊԾ գունդը (Ոստիկանության պահակապարեկային ծառայության) գրաված խմբավորման հետ։ Խմբավորման բազմաթիվ անդամներ նույնպես ոչ մի կապ չունեն այդ կուսակցության հետ։ Ես չեմ կարող ինձ նույնացնել անբարոյականության և անբարոյականների հետ։ Այդ քաղաքական խմբի առաջնորդները բարոյականից հեռու են, իսկ ամեն ինչի սկիզբը հենց բարոյականությունն է։ Նրանք դրանից հեռու են թե՛ քաղաքականության մեջ, թե՛ մարդկային, ընկերական հարաբերություններում»,- հայտարարեց նա:

Արմեն Բիլյանի խոսքով՝ նա ՊՊԾ գնդի գրավման հետ կապված դեռ չի կարող բոլոր փակագծերը բացել, մի շարք հարցեր կան, որոնք իր համար մինչ օրս էլ անհասկանալի են։

«Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել, օրինակ՝ գործողությունը վարելու և փոփոխվող պահանջների կապակցությամբ։ Այդ մարդիկ անբարոյականություն են դրսևորել ոչ միայն իմ, այլև հարազատներիս նկատմամբ։ Նրանք ընկերոջ նկատմամբ շինծու մեղադրանքի նկատմամբ անտարբեր են մնացել, դա հերիք չէր, մի հատ էլ համարձակվել են ինձ ու հարազատներիս անվանել ծախված։ Կոպտել են հիվանդ մինուճար մորս ու ավելի ծանր հիվանդ քրոջս։ Ոչ նյութական, ոչ էլ բարոյական աջակցություն չեն ցույց տվել»,- հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս