Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի պրոֆեսիոնալ բանակների տեսլականները. ո՞րն է տարբերությունը

Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, երբ ՀՀ ԶՈւ-ն մարտունակ բանակի համարում ուներ տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի՝ Արցախն ամբողջովին գրավելու ծրագրերը կարողացել էր ձախողել՝ թե՛ 2016-ի Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, թե՛ դրանից առաջ և հետո: ՀՀ զինված ուժերի բարձր  վարկանիշը նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության շնորհիվ էր: Բանակի հանդեպ հատուկ վերաբերմունք կար ոչ միայն միջազգային համապատասխան կառույցների, այլ նաև հասարակության շրջանում, ուստի քայլելով  և աշխարհաքաղաքական ինչ-ինչ կենտրոնների ջանքերով իշխանության եկած և «ժողովրդի իշխանության» աջակցությունը ստացած Փաշինյանը չէր կարող միանգամից վերցնել և, օրինակ,  ասել՝ «նախկինների ստեղծած բանակը մարտունակ չէ», ինչն անում է այսօր: Փոխարենը՝ նա հայտարարեց, որ բանակը կոռումպացված է, զինվորը որակյալ սննդի և ներքնաշորի՝ վարտիքի, և այլն, կարիք ունի: Այսինքն, այն, ինչ հասու է իր «ռազմական» գիտելիքներին և բանակի վերաբերյալ սահմանափակ իր պատկերացումներին: Բայց, որպեսզի ինտելեկտուալ ֆոն ապահովի և ցույց տա նաև, թե լուրջ բաներից գլուխ է հանում, 2019-ին մի քանի անգամ տարբեր առիթներով բանակում չծառայած Փաշինյանը խոստացավ՝  տարածաշրջանում ունենալու ենք ամենաինտելեկտուալ բանակը:

«Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- 2019-ի հուլիսի 19-ին Արմավիրի մարզի N զորամաս այցելության ժամանակ նշել էր նա: Նույն խոստումը տվել էր նաև 2019-ի դեկտեմբերին, երբ մասնակցում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝  «մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ՝ ուժային, հոգեբանական, բայց  ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով»:

Առաջին հայացքից ոչ մի վատ բան չկա Փաշինյանի այս խոստման մեջ, ավելին, 21-րդ դարի բանակը պետք է ինտելեկտուալ լինի և  նաև մտքի ուժով հաղթի. Նա, այդ խոսքերը կրկնելով, ոչ միայն նորություն չի ասում, այլև մեջբերումներ է անում հայաստանյան և արտերկրի ռազմական տարբեր գործիչների ելույթներից: Բայց ամեն ինչ այնքան կասկածելի և վտանգավոր չէր լինի, եթե խոստում տվողը չլիներ հենց Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես նշեցինք, հեռու է ռազմական գործից, աշխարհի բանակների փորձը տիրապետելուց և այլն:

Փաշինյանական իշխանության երեք տարիները ցույց տվեցին, որ մեր մտավախություններն անտեղի  չէին. երկրի գլխավոր հրամանատարն ինտելեկտուալ բանակ ստեղծելու ոչ մի նպատակ էլ չունի, այլապես 3 տարի շեշտը չէր դնի միայն «տրուսիկ-մայկայի» և կուշտ փորով հաց ուտելու, ելակը բանակ հասցնելու վրա: Ավելին, Փաշինյանը ոչ միայն տարածաշրջանում ամենաինտելեկտուալ  բանակի չվերածեց  հայկական բանակը՝ ներառյալ Արցախի ՊԲ-ն, այլև իր գործողություններով հարվածեց նախկիններից ժառանգված կարևորագույն ասպեկտներին՝ ուժային և հոգեբանական: Մինչդեռ դրանք պետք էր զարգացնել, պատերազմի մեջ գտնվող զինվորը չպետք է  պարապ մնար բանակում և ձեռքը «չբռներ» ժամանակակից սպառազինություն, տեխնիկա, չտիրապետեր ռազմական նշանակության կարևորագույն միջոցների:

Այսօրվա անվտանգային և ապառազինական առումով արագ փոփոխվող աշխարհում բանակը պետք է ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի առկա մարտահրավերներին համահունչ փոփոխությունների ենթարկվի: Անշուշտ, այսպես ասած,  նախկինների բանակում փոփոխելու շատ բան կար, բայց նաև կար կայուն բազա, որի վրա կարող էին նորերը կառուցել իրենց  իշխանության ժամանակ առաջ եկած անվտանգային մարտահրավերներին դիմակայելու քայլերը:

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակվեց բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին  պետ Օնիկ Գասպարյանը:

Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։

Այսինքն, գործ ունեինք  բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են  բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։

Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատարման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:

Նիկոլ Փաշինյանն այս յոթնամյա ծրագիրը գրչի մեկ հարվածով ջնջեց, և նախապատերազմյան, պատերազմյան և հետպատերազմյան շրջանում իր գործողություններով ամեն ինչ արեց և անում է, որ չլինի հայկական կանոնավոր բանակ, ինչպես ցանկանում է Ադրբեջանի նախագահը:

«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- ընթացիկ տարվա փետրվարին հայտարարել էր Ալիևը: Մինչդեռ կանոնավոր բանակի լինելիությանն ու Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը դեմ Ալիևը  նույն ժամանակահատվածում  հայտարարել էր՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել, ավելին, արդեն իսկ  գործուն քայլեր են անում:

ՀՀ-ից սրան, բնականաբար, կոշտ արձագանք չեղավ, փոխարենը, ինչպես նշեցինք, Փաշինյանն աստիճանաբար իրականացրեց թուրք-ադրբեջանական երազանքը. նախ խզեց ՊԲ-ՀՀ ԶՈՒ կապը, ՀՀ-ից Արցախ ծառայությունը չեղարկվեց, իսկ հիմա արդեն ուղիղ տեքստով խոսում է ՀՀ բանակում ժամկետային ծառայության կրճատման գաղափարի մասին, որը, միանշանակ, լինելու է  արտահերթ ընտրություններում իշխանության կարգախոսը, և, ցավոք, ազդեցություն է ունենալու և ձայներ բերելու: Բայց, որ բանակը քանդողի անուն չհանի, Փաշինյանը, ինչպես իշխանության գալու օրերին,  զուգահեռ խոսում է նաև պրոֆեսիոնալ բանակ ունենալուց, որի ռեսուրսն այսօր, ավելի քան երբևէ, չունենք: Եվ սա շատ լավ գիտի Փաշինյանը, որը փորձում է հայկական պրոֆեսիոնալ բանակի անվան տակ ունենալ ինչ-որ միավորում ռուսական ազդեցության գոտում կամ ներքո:

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային  կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն պետք է կարողանանք փոփոխել։ Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը։ Ինչպես նաև կան քննարկումներ, որ Սյունիքի մարզում մենք 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավական արդյունավետ քննարկումներ ենք ունենում ՌԴ մեր գործընկերների հետ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասնակցում են ռուս սահմանապահները։ Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն  իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով»,- ԱԺ ամբիոնից վերջերս  հայտարարել էր Փաշինյանը:

2017-ին պրոֆեսիոնալ բանակ ունենալու խնդրին անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանը, բնականաբար, այլ մոտեցում էր արտահայտել:

«Ուզում եմ նաև մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել և ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային և այլն: Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է»,- ասել էր այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վերադառնալով ՌԴ-ի հետ համագործակցությանը պաշտպանական բարեփոխումների ոլորտում,  որպեսզի տարընթերցման տեղիք չտրվի, նշենք՝  հետպատերազմյան այսօրվա պայմաններում ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ համագործակցությամբ  ռազմական և պաշտպանական բարեփոխումներ կարող են լինել, այդ թվում՝ ՌԴ-ի հետ սահմանների համատեղ պահպանության ընդլայնում: Բայց դա պատճառ չէ բանակի կրճատման, ի վերջո, յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում, և վաղը չես կարող ասել, թե այդ  ռուսական շահերը որքանով  և ինչ չափով կարող են համընկնել քո երկրի  ազգային շահերի հետ:

Դեռևս 2 տարի առաջ «168 Ժամ» թերթի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը այս համատեքստում նախիջևանյան թևում հնարավոր գործողություններից խոսելիս՝ նշել էր.  «Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, և չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան»:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի դեպքում ազգային շահի մասին խոսելը, Վազգեն Սարգսյանի պատգամը հիշեցնելը, թե «հայ զինվորը պետք է ենթարկվի հայ եֆրեյտորին», անշնորհակալ գործ է: Մի մարդու պարագայում, որը ժամանակին քաղաքացիական ճակատում և քրեակատարողական հիմնարկում իր «կամավոր ծառայությունը» նույն հարթության վրա է դրել բանակում ծառայության հետ, և ով թուրքին արցախյան վերջին պատերազմից հետո  էլ չի դիտարկում թշնամի:

Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգային և բանակի հետ կապված անհեթեթ գաղափարներից հետո հաճախ ենք լսում՝  մենք Շվեյցարիա չենք, թերևս, տեղին է  նաև հիշեցնել, որ այս երկիրը համարվում է ամենառազմականացված երկրներից  մեկը,  զինվորական ծառայությունը համընդհանուր և պարտադիր է արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար, իսկ կանանց համար՝ կամավորության սկզբունքով:  2013-ին հարցում էր  կատարվել շվեյցարացիների շրջանում՝ «ճի՞շտ կլինի զորակոչը հանելու հարցը դնել հանրաքվեի»: Արդյունքում հարցվողների 73 տոկոսը կողմ էր արտահայտվել պարտադիր զորակոչին: 

Ավելին, 2018-ին ուսումնասիրություն էր կատարվել՝ «Անվտանգություն-2018», որտեղ շվեյցարացիների 81 տոկոսը համարել էր՝ երկիրը «բացարձակ» կամ «ավելի շուտ» կարիք ունի սեփական զինված ուժերն ունենալու:

Արտաքին թշնամիների առումով հանգիստ Շվեյցարիան, ըստ էության, առաջնորդվում է ազգ-բանակ կարգախոսով, մինչդեռ թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի ղեկավարությունն  ամեն կերպ մերժում է այս գաղափարը և կոնցեպտը՝ փորձելով հանուն աթոռի և հետագայում ստանալիք  բավարար չափի քվեների, բավարարել մի քանի ծնողի պահանջը՝ որդիներին չուղարկել Արցախ, կրճատել զինվորական ժամկետային ծառայությունը: Այսինքն, հարմար պահի Փաշինյանը կամուֆլյաժը նորից կդարձնի «քաղաքական կատեգորիա», որպեսզի դրանից հետո  վերջնականապես ազդարարի  «սուպերնախարարության» վերջը, ինչպես անթաքույց երազել է երիտասարդ լրագրող եղած ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս