
Մալայզիայում պատվաստված 40 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով

Մալայզիայի քառասուն բուժաշխատողներ, ովքեր ստացել էին կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները, վարակվել են: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության գխավոր տնօրեն Նուր Հիշամ Աբդուլլան:
«Նրանցից ինը վարակվել են երկրորդ դեղաչափը ստանալուց ավելի քան երկու շաբաթ անց, իսկ 31-ը՝ երկու շաբաթից քիչ ժամանակում: Եվս 142 բուժաշխատակիցներ կորոնավիրուսով վարակվել են պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո»,- հայտնել է նա՝ նշելով, որ անկախ պատվաստումից պետք է պահպանել անվտանգության միջոցները:
Աբդուլլան ընդգծել է, որ վարակվածներից ոչ մեկի մոտ ծանր ախտանշաններ չեն հայտնաբերվել:
Նա հայտնել է, որ այս պահին երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 438 հազար մարդ:
Մալայզիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 370 հազար 528 դեպք, մահացել են 1365-ը: