Համավարակը, իշխանությունն ու արդյունաբերության կառուցվածքը

Արդեն հրապարակվել են 2020թ․ հիմնական տնտեսական հաշվետվությունները: Հետևաբար՝ արդեն կարելի է տեսնել, թե նոր իշխանությունները՝ իրենց անփորձությամբ, ու անողոք համավարակն ինչ հետք են թողել տնտեսության վրա:

Ենթադրում եմ, որ այդ երկու ազդեցությունների չափի վերլուծությունը քաղաքագետների, սոցիոլոգների ու սոցիալ-հոգեբանների վերլուծության թեմա է: Թող նրանք որոշեն, թե որ երևույթը որքան է պատուհասել տնտեսությանը: Անփորձությո՞ւնն ավելի մեծ «ավանդ» ունի տնտեսական անկման գործում, թե՞ համավարակը: Այսօր մենք դիտարկենք, թե ինչ հետք թողեց 2020թ․ տնտեսության ամենաիրական հատվածներից մեկի՝ արդյունաբերության վրա:

Միանգամից արձանագրենք, որ իրականացան այն փորձագիտական կանխատեսումները, որ փոխվելու էր թե ՀՆԱ, թե, մասնավորապես, արդյունաբերության կառուցվածքը: ՀՆԱ կառուցվածքի փոփոխությունը խիստ սպասելի էր, որովհետև համավարակի ազդեցությունը տնտեսության մի շարք ոլորտների վրա հեշտ ապացուցելի էր: Ակնհայտ էր, որ կրճատվելու են ծառայությունների ոլորտի ու, ասենք, զբոսաշրջության  ծավալները: Իսկ արդյունաբերության ոլորտի կառուցվածքային խեղաթյուրման աստիճանի հասցնող փոփոխությունների կանխատեսումները համարվում էին պակաս իրատեսական: Կամ, պարզ հայերենով ասած՝ «չուզողություն»: 2019թ․ մեր արդյունաբերության կառուցվածքն այսպիսին էր. հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն ընդհանուր արդյունաբերության 13.25 տոկոսն էր կազմում, մշակող արդյունաբերության բաժինը 75.62 տոկոս էր, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումը կազմում էր 10.4 տոկոս, և 0.8 տոկոս էլ բաժին էր ընկնում ջրամատակարարմանը, կոյուղու, թափոնների կառավարում-վերամշակմանը:

2020-ի ընթացքում փորձագիտական կանխատեսումները, որ էականորեն կրճատվելու է մշակող արդյունաբերության ծավալը, լուրջ չընկալվեցին: Արդյունքում՝ արդյունաբերության 0,9 տոկոսանոց անկման ֆոնին նվազեց նաև մշակող արդյունաբերության ծավալը: Նախորդ տարվա համեմատ՝ այն 75.62 տոկոսի փոխարեն՝ նվազեց 71.5 տոկոս (արդյունաբերության  ընդհանուր ծավալում): Իսկ արդյունաբերության 0.9 տոկոսանոց ցածր անկումը բացատրվում է հանքարդյունաբերության մասնաբաժնի աճով. 2019-ի 13.25 տոկոսի փոխարեն՝ 2020-ին այն արդեն 16.77 տոկոս էր ընդհանուր ծավալում:

Մինչ մշակող արդյունաբերության ոլորտի անկման ու ներքին կառուցվածքային փոփոխություններին անդրադառնալն արձանագրենք, որ 2020-ին էներգետիկայի ու գազի ոլորտի մասնաբաժինն էլ աճել է՝ դառնալով 11 տոկոս, իսկ ջրի-կոյուղու-թափոնների կառավարումը մնացել է մասնաբաժնի նույն ծավալում: Հիմա արձանագրենք, որ մշակող արդյունաբերության կրճատման վտանգավոր տենդենցը պահպանվում է նաև այս տարի: Ու կրկին կառուցվածքային փոփոխությունները մշակող արդյունաբերության «հաշվին» են: Եկեք 2020 անհաջող տարվա հունվար-փետրվարյան թվերը համեմատենք 2021-ի նույն շրջանի հետ:

Արդյունաբերության կառուցվածքում մեծ տեմպով շարունակում է ավելանալ հանքարդյունաբերության մասնաբաժինը: Այն 2020-ին ընդհանուրի 20 տոկոսն էր, իսկ այս տարի՝ 27.7: Մշակող արդյունաբերության 2020-ի 61 տոկոսանոց մասնաբաժինն այս տարի դարձել է 53.9 տոկոս: Հանքագործության ոլորտի 13.8 տոկոսանոց աճն է (կամ որ նույնն է՝ հանքերի թալանի հասնող շահագործումը)  այս կառուցվածքային դեֆորմացիայի պատճառը: Բայց՝ ոչ միակը: Որովհետև դրան զուգահեռ՝ բացասական գործընթացներ կան նաև բուն մշակող արդյունաբերության ոլորտում:

Մշակող արդյունաբերության բուն կառուցվածքը ևս փոխվում է: Այստեղ անհասկանալի գործընթացներ կան: Մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներն էին՝ սննդի արդյունաբերություն, ծխախոտի արտադրատեսակների արտադրություն և խմիչքի արտադրություն: Այս եռյակը 2019թ․ մշակող արդյունաբերության մեջ համապատասխանաբար զբաղեցնում էր՝ 48.4, 11.1 և 9.5 տոկոսներ: 2020-ին արդեն կտրուկ նվազում է ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը: Այն նախկին 11.1 տոկոսի փոխարեն՝ անցած տարի 8.9 տոկոս էր: Ոլորտի անկումը շարունակվում է նաև 2021-ին: Այն նույնիսկ 2020-ի համեմատ կրճատվել է զգալի՝ 41,3 տոկոսով:

Ահա այսպիսի տենդենցներ կան, որոնց պատշաճ ուշադրությամբ քննարկումը կարող է կանխել արդյունաբերության ոլորտի կառուցվածքային բացասական փոփոխությունները: Բայց մեր իշխանությունները սիրում են ժամանակակից երևալ ու խոսել համակարգիչների, էլեկտրոնային ու օպտիկական այլ բարձր տեղեկատվական ոլորտների մասին: Ոլորտներ, որ մեր արդյունաբերության կառուցվածքում 2019-ին, 20-ին և 21-ին շարունակում են մնալ աննկատելի (ընդհանուր ծավալում տոկոս չկազմելու պատճառով):

Տեսանյութեր

Լրահոս