Ասել է՝ պատերազմը հաղթենք, հասնեմ տղայիս ծնունդին. 44-օրյա պատերազմում զոհված Լևոնի այրին՝ նրա մասին

2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի պատճառով  բազմաթիվ հայ երիտասարդներ զոհվեցին: Ցավոք, նրանց թվում էր նաև 27-ամյա Լևոն Համբարյանը, ով երկու մանկահասակ երեխաների հայր էր:

«Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, հետախույզ: Զոհվել է Մատաղիսում՝ հոկտեմբերի 6-ին: Մասնակցել է նաև 2020թ. հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի շրջանի Չինարի և Մովսես գյուղերի հարևանությամբ տեղի ունեցած  մարտերին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, պետք է նաև անվանական զենք ուղարկեն՝ որպես լավ զինծառայող»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի այրին՝ Հասմիկ Քարամյանը, հայտնելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ Լևոնն Արցախում է:

«Մենք չէինք իմացել, որ Արցախում է, մեզ ասել էր՝ Տավուշում է: Վերջին 2 օրում ենք իմացել այդ մասին: 27 տարեկան էր, ունենք 2 երեխա՝ տղա և աղջիկ: Իր ընկերներին, որոնք հետ էին եկել, հարցրեցի, թե ինչ ցանկություն է ունեցել, ընդհանրապես ի՞նչ է խոսել՝ պատմեցին, որ ասել է՝ պատերազմը հաղթենք, հասնեմ տղայիս ծնունդին: Մեր որդու ծնունդը հոկտեմբերի 13-ին է, դառնում էր 2 տարեկան, սակայն չհասցրեց գալ, զոհվեց հոկտեմբերի 6-ին: Գիտեք, մեր որդու հետ շատ-շատ էր կապված: Աղջկաս ծննդյան գիշերը հուլիսյան պատերազմն էր սկսվել, ու հիմնականում Տավուշում էր լինում, մի քանի օր գալիս էր տուն: Մեր աղջկան գրեթե չտեսավ»,- պատմեց Հասմիկը:

Նա ցավով նշեց, որ միասին երեխաներին չեն կարողանա մեծացնել, հասցնել իրենց նպատակներին, սակայն վստահ է՝ հատկապես որդին հոր նման բարի, կամեցող է մեծանալու:

«Տղաս շատ փոքրիկ է, դեռ չի խոսում, բայց սկսել է մի երկու բառ ասել՝ գնում է հոր նկարի մոտ, միշտ կանգնում ու ասում է․ «Արի՛ պապա»: Հայր և որդի շատ նման են ու, թեկուզև, իր մեջ ոչ մի բան էլ չսերմանեմ՝ տղաս ամուսնուս բնավորության լավ գծերը կարծես թե ունի՝ բարի է, կամեցող: Ամուսինս անձնվիրաբար ծառայել է և՛ հայրենիքին, և՛ իր ընտանիքին. երբեք փոխհատուցման չի սպասել»,- նշեց զոհվածի այրին:

Տեսանյութեր

Լրահոս