Ինչպես ձևացնել, թե կատարում ես կառավարության որոշումը
Երկրի տնտեսության վիճակի ամենաբնութագրիչ մակրոտնտեսական ցուցանիշն արտաքին առևտրի տվյալներն են: Այս տարվա հունվար-փետրվարի ապրանքաշրջանառության թվերը ոգևորող չեն: Մեղմ ասած: Նախորդ տարվա համեմատ՝ արտաքին առևտուրը կրճատվել է 12.2 տոկոսով: 5.5 տոկոսով կրճատվել է արտահանումը, իսկ 15.8 տոկոսով՝ ներմուծումը: Իհարկե, զարմանալ կարելի է, որ արտահանումների ծավալն այդքան քիչ է նվազել: Բայց վերջին ժամանակաշրջանի տնտեսական վիճակագրությունը պարզ-պարզ «հուշում է», թե ինչի հաշվին է դա ապահովվել: Մեր տնտեսությունն ունի մի ոլորտ, որի վրա ոչ համավարակն ազդեց, ոչ պատերազմի ընթացքն ու պարտությունը: Սա շատ նուրբ ոլորտ է: Այնքան նուրբ, որ այդ ոլորտի արձանագրված աճին նույնիսկ ամենաթունդ ու ամենաբարձրաստիճան իշխանավորներն իրենց հրապարակային ելույթներում չեն անդրադառնում: Խոսքը հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման մասին է:
Այս տարվա հունվար-փետրվարին հանքագործությունը (բնապահպանների ականջին չհասնի) 13.8 տոկոս աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: Սա՝ այն դեպքում, երբ մեր արդյունաբերության ոլորտը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 7.9 տոկոսով: 2018-ին ու 2019-ի սկզբում մշակող արդյունաբերությունը (որը արդյունաբերության 55-60 տոկոսն է կազմում) աճում էր:
Տնտեսական կյանքում (որի մասին իշխանություններն այդ պահին խոսում էին «տնտեսական հեղափոխություն» անհասկանալի տերմինով) դա միակ դրական փաստն էր: Բայց պարզվեց, որ աճն իր հիմքում լուրջ գործընթացներ չուներ: Տեսեք՝ մեր տնտեսության ամենահայտնի ոլորտներից ծխախոտագործությունը (այս մեկն էլ Առողջապահության նախարարության ականջին չհասնի) կրճատվում է մեծ տեմպերով, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: 2021թ․ առաջին երկու ամսվա ընթացքում ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ կրճատվել է 41.3 տոկոսով: Այս ոլորտն էլ նախկինում արտահանման էական ծավալներ ուներ: Հետևաբար՝ նկատելի է դառնում, որ միայն հանքերի թալանի մակարդակի արդյունահանումով արտաքին ապրանքաշրջանառության՝ մասնավորապես, ու տնտեսության աճ՝ ընդհանրապես չես ապահովի:
Բայց անդրադառնանք մի թեմայի, որի պատճառով պարզ սպառողը չի վստահում տնտեսական վիճակագրությանը: Հայտնի բան է՝ Թուրքիային թշնամի չդիտարկող մեր կառավարությունը (համենայն դեպս, այդպես կարելի է եզրակացնել վարչապետի ու այլ պաշտոնատարների հանրահայտ ելույթներից) որոշել է այս տարվա հունվարի 1-ից ժամանակավորապես դադարեցնել տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ: Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվարկում է երկրների երեք հիմնական խմբերով՝ ԱՊՀ անդամ երկրներ (որոնց մեջ առանձին ներկայացվում է ԵԱՏՄ երկրների ծավալը):
Օրինակ, ԱՊՀ անդամ երկրներին է բաժին ընկնում մեր աևտաքին առևտրի 34.1 տոկոսը: Առանձին նշվում է, որ արտաքին առևտրի մեջ ԵԱՏՄ երկրների մասնաբաժինն ընդհանուր առևտրի 32.1 տոկոսն է: Իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների առանձին տվյալներում նշվում է, որ Ռուսաստանի մասնաբաժինը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ 31.2 տոկոս է:
Արտաքին գործընկեր երկրորդ խոշոր խումբը ԵՄ անդամ երկրներն են՝ ընդհանուրի 20.4 տոկոս մասնաբաժնով: Այս խմբում մեր ամենախոշոր գործընկերը Գերմանիան է` ընդհանուրի 4.1 տոկոս մասնաբաժնով (հանքարդյունաբերություն):
Երրորդ խոշոր՝ 45,5 տոկոս մասնաբաժին ունեցող խումբը կոչվում է «Այլ երկրներ»: Մինչև անցած տարի հենց այս խմբում էին ներկայացվում Թուրքիայի հետ մեր ապրանքաշրջանառության տվյալները:
Հիմա Թուրքիան արտաքին առևտրաշրջանառության երկրների ցանկից հեռացված է: Հավանաբար վիճակագրության այս հատվածի պատասխանատուներն այդպես են որոշել կատարել կառավարության որոշումը: Բայց ինչպես կասեր բարձրորակ (կամ վատ) դեդեկտիվի խուզարկուն՝ «Չկա հանցագործություն, որ տնտեսական հետք չթողնի»:
Թուրքիայի անվան բացակայությունից պետք չի եզրակացնել, թե վիճակագիրները չեն նկատում այդ երկրի հետ մեր տնտեսական կապերը: Որովհետև «Արտաքին առևտրի տվյալների բազա» կոչված հատվածում մեր վիճակագիրներն արձանագրել են, որ 2021թ․ հունվար-փետրվարին Թուրքիայից արդեն ներմուծել ենք 5 մլն 661.5 հազար դոլարի ապրանք:
Նշվում է նաև, որ արտահանվել է չնչին արժեքի՝ 12.8 հազար դոլարի ապրանք: Ահա այսպես կարելի է կատարել (կամ՝ ձևացնել թե կատարում են) կառավարության հրամանը, բայց այս կամ այն չափով արձանագրել իրականությունը: