«Մենք զգոն ենք, բայց սա միայն Մեղրիի հարցը չէ». Մեղրիի համայնքապետ
Ապրիլի 8-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ այդ օրը Բաքվից Երևան է տեղափոխվելու հայ ռազմագերիների ևս մեկ խումբ, սակայն ինքնաթիռը եկավ, բայց դատարկ։
Ռազմագերիների խմբի վերադարձի մասին էր ասել նաև իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Թե ինչու էին իշխանության ներկայացուցիչները նման կեղծ լուրեր տարածում, դժվար է ասել, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչ էին զգացել գերիների ծնողները, որոնք ժամ առաջ շտապել էին «Էրեբունի» օդանավակայան՝ իրենց զավակներին դիմավորելու:
Այս անհասկանալի միջադեպից հետո շատ լրատվամիջոցներ գրեցին, որ Բաքվից ինքնաթիռը դատարկ չի հասել Երևան, այն Հայաստան է բերել թուրք-ադրբեջանական պատվիրակության, որոնք եկել են «Մեղրիի միջանցքի» հարցով, որն ունենալն Ադրբեջանի ու Թուրքիայի տարիների երազանքն է։ 168.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ այս պահին Մեղրիում որևէ նախանշան չկա, այնտեղ օտարականներ չկան։
«Առնվազն մենք որևէ բանից տեղյակ չենք, եթե այս առնչությամբ որևէ մեկը հստակ տեղեկատվություն ունի, թող ասի։ Մենք որևէ փաստ չունենք, որ նման խումբ է եկել, եթե լիներ, ապա ինչ մեզանից կախված է, կանեինք՝ ժողովրդի հետ միասին։ Մենք զգոն ենք, բայց սա միայն Մեղրիի հարցը չէ, համահայկական հարց է։ Սա շատ լուրջ թեմա է, ու ես այս պահին չեմ ուզում ենթադրություններ անել»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Նաև հավելեց՝ տա Աստված, որ այս ամենը միայն մարդկանց երևակայության արդյունքը կամ մտավախությունը լինի։
«Ախր մենք իբր թե իշխանություն ունենք, պետություն ենք, լավ կլիներ, որ պաշտոնական խողովակով այս ամենը կա՛մ հերքեին, կա՛մ հաստատեին, սա նորմալ կլիներ։ Ովքեր իրավասու են, թող խոսեն, հերքեն, թե չէ ոչինչ չեն ասում, ու մարդկանց արհեստականորեն գրգռում են, այսպես ճիշտ չէ»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։
Հ․Գ․ Ի դեպ, ավելի ուշ ՊՆ-ն հերքեց այդ լուրերը: