«Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ՝ գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող այն տեսակետներին, թե հայ ռազմագերիներին Ադրբեջանը չի վերադարձնում, քանի որ նպատակներ ունի նրանց փոխանակել հայկական տարածքների հետ։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է, առաջին հերթին, Հայաստանում լարվածություն առաջացնելու համար։
«Դա տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել։ Գերիների հարցն իրողություն է, որը պետք է լուծել։ Առաջին պատերազմից հետո մենք տևական ժամանակ այդպիսի խնդիրների մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ այսպես քաղաքական պարտադրանքների լեզվով չէր գնում, դա պրոցես էր, որը տևում էր տարիներ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողների փոխանցած տեղեկությանը, թե խոսում են, որ թուրք-ադրբեջանական պատվիրակություն է եկել Հայաստան՝ Մեղրիում տեղորոշման աշխատանքներ կատարելու համար, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ շատ բան են խոսում, պետք է նայել, թե ովքեր են նման բան խոսում։
«Խոսացողները, նաև իրենց խոսելու արդյունքում, փակուղի են ստեղծում գերիներին օր առաջ վերադարձնելու հարցում։ Երբ ասում էի, որ գերիների հարցը շատ զգայուն է, և այդ հարցը պետք է այնպես իրացվի, որ հակառակորդը դա չդարձնի մեր երկիրը քաղաքական գործողությունների թատերաբեմ»,- հավելեց նա։