
Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք տրամադրելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում հաշվառված և մշտապես բնակվող քաղաքացիներին՝ առանց 5 տարի նվազագույն ժամկետով ողորկափող որսորդական հրազեն ունենալու պահանջի, տալ նաև ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք:
Ըստ նախագծի հեղինակների, օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը և ապահովության զգացումը:
Ներկայացնելով նախագիծը, Արմեն Խաչատրյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել, քանի որ զենքի օգտագործման կանոնների և առհասարակ զենքի հետ կապված իրավահարաբերությունների առնչությամբ կա որոշակի փուլում արդեն ստեղծված փաթեթ, որը համապարփակ կարգավորումներ ունի։
«Մեզ նաև վիճակագրական տվյալներ են պետք, և ազդեցության գնահատականի հարց պետք է լուծվի։ Այս ամենից ելնելով՝ հարցի քննարկումը հետաձգենք»,- շեշտեց Ա. Խաչատրյանը։