Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելությունն այս տարի անցկացվելու է մինչև համավարակը եղած կարգով
Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելությունն այս տարի անցկացվելու է այն կարգով, որը եղել է մինչև համավարակը: Դիմորդները ասպիրանտուրայի ընդունելության համար պետք է ներկայացնեն մագիստրատուրայի կամ դրան հավասարեցված դիպլոմ, ինչպես նաև օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ շուտով կհաստատվի Հայաստանում ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը և ցանկացողները կարող են դիմել:
«Այն, ինչ կար նախորդ կարգում, այդպես էլ մնացել է, նույն պահանջները, որ պետք է լինեն, պահպանվել է: Շուտով ասպիրանտուրայի մասնագիտությունների ցանկը կհաստատվի կառավարության կողմից: Ոչ մի մտահոգության առիթ չեմ տեսնում»,-ասաց Էդգար Ալեքսանյանը:
Մեր դիտարկմանը, որ նախորդ տարի, Covid-19-ով պայմանավորված, ասպիրանտուրայի ընդունելության կարգում փոփոխություններ էին եղել և հանվել էին օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների քննության պահանջը, հետևաբար դիմորդների մոտ անորոշություն կար այս տարվա կարգի հետ կապված, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ նախորդ տարվա որոշումը վերաբերում էր միայն նախորդ տարվան:
«Կառավարության որոշման մեջ նշված էր, որ այն վերաբերում է միայն 2020-2021 թվականների ուսումնական տարվան: Այսինքն՝ կոնկրետ ժամկետ է նշվել, թե այդ փոփոխությունը, որ ուսումնական տարվան է վերաբերում: Ես կարծում եմ, որ մի փոքր ավելորդ անհանգստություն է: Ինչ վերաբերում է պատրաստվելուն, պարապելուն, ու դրանք հասցնելուն, ապա նորից եմ ընդգծում նախորդ տարվա կառավարության որոշումը վերաբերում էր միայն նախորդ տարվա ուսումնական տարվան»,-ասաց Էդգար Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ ըստ մասնագիտությունների՝ ասպիրանտուրայի տեղերի հաստատումը սահմանված ժամկետում կկատարվի: