
Իրանը բաց է թողել կալանված հարավկորեական լցանավը. Yonhap

Իրանն ազատ է արձակել հունվարին Պարսից ծոցում կանգնեցված հարավկորեական Hankuk Chemi լցանավը եւ դրա անձնակազմին: Ապրիլի 9-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Գործակալության տվյալներով՝ նավն անձնակազմի 13 անդամներով արդեն հեռացել է Իրանի նավահանգստից: Իրանի առափնյա պահպանությունը հարավկորեական նավը կալանել է հունվարի 4-ին: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները որպես դրա հնարավոր պատճառ նշել են Սեուլի կողմից 7 միլիարդ դոլարի իրանական ակտիվների սառեցումը, որը կատարվել է ԱՄՆ-ի պահանջով:
Իր հերթին, իրանական կողմը պնդում է, որ լցանավը կալանվել է դրա կողմից ծոցի ջրերի աղտոտման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: