Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցրել յուրայիններին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է եւ ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան չանցածների հավաքած տոկոսները՝ «փոշին» յուրացնելն իրենց ավելի ձեռնտու է, քան մարդ-կուսակցությունների հետ հետընտրական կոալիցիաները խորհրդարանում։ Որոշել են՝ չարժե կախման մեջ ընկնել իրենցից բան չներկայացնող ուժերից։
Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին։
Որոշ կուսակցությունների սա փաստի առաջ է կանգնեցրել, եւ հիմա դաշինք կազմելու կամ չմասնակցելու մասին են մտածում։ Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը․ նախ՝ որ դա խաղի կանոնների փոփոխություն չէ, երկրորդ՝ դրանից ոչ թե տուժելու են քաղաքական ուժերը, այլ՝ շահելու»: