«Եթե Հայաստանը համագործակցությունը մեծացնի Իրանի հետ՝ հնարավորություններ ունի այդ ծրագրում դերակատարում ունենալու համար». Փույա Հոսսեյնի

Մարտի 27-ին Իրանում ստորագրվեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական, համագործակցության փաստաթուղթը։ Ըստ փաստաթղթի, Չինաստանը կիրականացնի 450 մլրդ դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտների՝  մշակույթի, անվտանգային և ռազմական համագործակցության, տնտեսության, կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։

Ինչպե՞ս կարող է Հայաստանն ընդգրկվել այդ ռազմավարական ծրագրում, այն որևէ բան կարո՞ղ է փոխել տարածաշրջանում և առհասարակ ի՞նչ հունով են այսօր ընթանում հայ-իրանական հարաբերությունները։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնիի հետ։

«Չինաստան-Իրան 25-ամյա պայմանագիրը մի քանի անգամ մեծացնում ու զարգացնում է Իրանի տնտեսությունը և այն երկրների հնարավորությունները, որոնք համագործակցում են ու հարաբերություններ ունեն Իրանի հետ։ Այս պահին պայմանագրի բոլոր կետերը պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, բայց այն մի քանի կետերը, որոնք հայտնի են, տեսնում ենք, որ կա հնարավորություն, որպեսզի երրորդ երկիր ինչ-որ չափով մասնակցի ու համագործակցի ծրագրի շուրջ։

Պայմանագրում կա կոնկրետ մեկ կետ, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին՝ Չինաստանը մեծ ներդրումներ կանի Իրանի տնտեսական ազատ գոտիներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը շուտով անդամակցելու է ԵԱՏՄ-ին, Իրանի ու Հայաստանի սահմանին մոտակայքում գտնվում է երկու ազատ գոտի՝ Արաքս տնտեսական ազատ գոտին, որը գտնվում է Իրանի սահմաններից ներս, և Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Եթե Իրանը միանա ԵԱՏՄ-ին, կարող են այդ երկու ազատ տնտեսական գոտիները միասնական հանդես գալ, և այդ համատեքստում Չինաստանը կարող է Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումներ անել։ Այդ կետում մենք հնարավորություններ ենք տեսնում այս ծրագրի շուրջ Հայաստանի հետ համագործակցելու։ Մեկ կետ ևս, որը մեզ համար հայտնի է՝ երրորդ երկրում համատեղ սահմանային գոտու ստեղծումն է, այս պահին դեռևս շատ պարզ չէ, թե ինչ բովանդակություն ունի այդ սահմանային գոտին, բայց եթե սահմանային գոտի է, ապա վերաբերում է հարևան երկրներին, այստեղ Հայաստանը ևս հնարավորություններ ունի մասնակից դառնալ սահմանային գոտում»,- նշեց Փույա Հոսսեյնին։

Նա նաև ընդգծեց, որ վերջին շրջանում Իրանը միանում է մի քանի խոշոր ծրագրերի, նախ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, Չինաստան-Իրան-25-ամյա ծրագիրը, Հնդկաստանի ներդրումները Իրանի Չաբահարի նավահանգստում, Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի վերաբերյալ վերջերս Հնդկաստանը ցանկություն է հայտնել՝ այդ ծրագրի շուրջ համագործակցելու նաև Հայաստանի հետ։

«Այս ամենը նշանակում է, որ մեծ հնարավորություններ են ստեղծվել նաև Հայաստանի համար։ Եթե Հայաստանը համագործակցությունը մեծացնի Իրանի հետ, մեծ հնարավորություններ է ձեռք բերում նշածս ծրագրերում մեծ դերակատարում ունենալու համար։ Հայաստանի կողմից մնում է միայն բանակցություններ սկսել Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ ու ստանալ իր բաժինն այդ ծրագրերից, որոնք շուտով իրականություն կդառնան տարածաշրջանում։ Որքան Հայաստանը շուտ սկսի բանակցությունները, այնքան շատ օգուտ կքաղի այդ ծրագրերից»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայ-իրանական հարաբերություններին, Փույա Հոսսեյնին, նկատեց՝ Արցախի պատերազմից հետո Իրանի դիրքերն Անդրկովկասում թուլացել են, նրա ազդեցությունը նվազել է։

«Պատերազմից հետո Իրանը փորձում է վերականգնել իր դիրքերը, Իրանը կարծում է, որ այդ ամեն ինչից դուրս է մնացել։ Վրաստանով Անդրկովկաս մուտք գործելն Իրանի համար փակ է, մնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Վերջինս Թուրքիայի և Իրանի գործոնն է, և այս առումով Իրանը մտահոգ է։

Իրանը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Ադրբեջանում, որպեսզի դիմադրի Թուրքիային և Իսրայելին, սակայն նրան չի հաջողվում, քանի որ Ադրբեջանն ավելի մեծ դեր է տվել Թուրքիային ու Իսրայելին։ Անդրկովկասում մնում է միայն Հայաստանը, որի միջոցով Իրանը հնարավորություն ունի դիրքերն ու ազդեցությունն Անդրկովկասում մեծացնելու համար։ Այդ հարցում համագործակցելը, կարծում եմ՝ Հայաստանի ու Իրանի համար շահավետ է, քանի որ համագործակցելով՝ կարող են անվտանգային հարցեր լուծել երկու երկրների համար, Անդրկովկասում վերականգնել ուժային բալանսը»,- եզրափակեց Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս