«Բրիտանական շտամը 70 %-ով ավելի վարակելի է, երեխաներն ավելի հակված են վարակվելու». բժիշկ

Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք: Իսկ ինչո՞վ է տարբերվում բրիտանական շտամը Covid 19-ի սկզբնական ձևից: Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ բրիտանական շտամը մուտացված տեսակն է, որը քիչ է ուսումնասիրված:

«Այս շտամը 70 %-ով ավելի շատ վարակելի է, քան սովորականը, և երեխաներն ավելի  հակված են վարակվելուն: Մենք հիմա ասում ենք, որ երեխաներն ավելի քիչ են վարակվում, կամ ավելի թեթև են տանում, որովհետև իրենց ԱՓՖ2 ընկալիչները, որոնք գտնվում են թոքերում, ստամոքսաղիքային տրակտի բջիջների մեջ, քիչ են, դրա միջոցով է վիրուսը ներս մտնում, ուրիշ ճանապարհով չի կարող մտնել: Ես կարծում եմ, որ բրիտանական շտամի մուտքը, ներթափանցումը օրգանիզմ ոչ միայն ԱՓՖ ընկալիչներով է, դրա համար երեխաներն ավելի շատ են հակված վարակվելու: Չկան այնպիսի տվյալներ, որոնք փաստում են, որ ինքն ավելի ծանր է ընթանում, կամ ավելի բարձր մահացություն ունի: Իր ընթացքը մոտավորապես նույն կերպ է, ինչպես սրանը»,- ասաց Մանուկյանը:

Մեր հարցին, թե ախտանշանները նո՞ւյնն են, ինչ  Covid 19-ի մյուս շտամերի պարագայում, բժիշկը պատասխանեց, որ ախտանշանները բացարձակ նույնն են: Իսկ կարելի՞ է այս շտամն ավելի վտանգավոր համարել:

«Չի կարելի ավելի վտանգավոր համարել, փաստացի նման տվյալներ չկան: Շտամն առաջին անգամ հայտնաբերվել է 2020-ի դեկտեմբերին՝ Բրիտանիայում, դեկտեմբեր-հունվար ամիսների հետազոտությունները ես գիտեմ, որ ավելի բարձր մահացություն կամ ավելի ծանր ընթացք չունի, չկա նման բան, բայց երեխաներն ավելի հակված են վարակվելու, շատ բարձր է իր վարակելիությունը: Չեմ պատկերացնում, թե սովորական շտամից ավելի բարձրը ի՞նչ է նշանակում, քանի որ սրա վարակելիությունն արդեն շատ բարձր է, բայց գիտնականներն այդպես են փաստել»,- ասաց Մանուկյանը:

Բժշկի պնդմամբ՝ վարակը փոխանցվում է նույն կերպ, ինչպես Covid 19-ի սկզբնական տարբերակի դեպքում, հետևաբար՝ պաշտպանիչ միջոցներն էլ նույնն են՝ դիմակ, 1.5 մետր հեռավորություն, ձեռքերի ախտահանում:

«Առայժմ այդ պաշտպանիչ միջոցները մենք ունենք, բայց չգիտեմ, թե ինչքանո՞վ կօգնեն, հետո ես չեմ պատկերացնում, թե ինչպես փոքր երեխաներին մենք պետք է դիմակ դնենք, որ իրենք ներգրավված լինեն, չեմ պատկերացնում նաև, որ 5 տարեկանից ցածր երեխաները կարողանան մշտական և ճիշտ դիմակ կրել: Երեխաների մոտ արդեն կային դեպքերը, որ զարգանում է կավասակիի համախտանիշը և մուլտի համակարգային բորբոքում է լինում, այդպես է կոչվում: Սա ասում եմ՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսների հետազոտությունները»,- ասաց բժիշկը:

Իսկ ի՞նչ ազդեցություն է ունենում բրիտանական շտամը թոքերի վրա:

«Սովորական, առաջին շտամի դեպքում, որ թոքը սկսեր ախտահարվել, 38-ից բարձր ջերմության ժամանակ նոր թոքը սկսում էր ախտահարվել: Հիմա կան դեպքեր, և ես ինքս եմ ունեցել, երբ մարդը բացարձակ առանց ջերմության, որևէ լուրջ ախտանիշի, մենք իրեն կարող ենք կլինիկորեն գնահատել՝ որպես թեթև տեսակ, բայց հանկարծակի ստուգում ես սատուրացիան, տեսնում ես՝ շատ ցածր է, ուղարկում ես KT-ի, տեսնում ես՝ թոքերի 25-30 % ավելի ախտահարում կա: Այ սա է, որ կլինիկական ախտանշանները ուղիղ համեմատական չեն թոքերի ախտահարման հետ:

Կարծում եմ, որ բրիտանական շտամն ավելի շատ է ու ավելի շուտ կար Հայաստանում, որովհետև այս երրորդ ալիքի ժամանակ շատ էին մուտացիաները, ուրիշ կորոնավիրուս եմ տեսնում, չգիտեմ՝ բրիտանական, հարավաֆրիկյան, բրազիլական շտամն է, այնքան շտամեր կան, բայց որ ինքը մուտացված է, նույն վարքագիծը չունի, ինչ նախորդ ալիքի ժամանակ, դա միանշանակ: Հիվանդը կարող է բացարձակ թեթև վիճակում լինել, և հանկարծակի հայտնաբերվի լուրջ թոքաբորբ: Երբ արդեն ավելի մեծ տարածություն է ախտահարվում՝ 50-60 %, էդ հիվանդը նոր սկսում է գանգատ ունենալ, այստեղ կարող ենք բաց թողնել: Կլինիկան որ չի համապատասխանում, ավելի ծանր վիճակում նոր հիվանդը սկսում է գանգատ ունենալ, այդ ժամանակ օգնություն տալու հնարավորությունը նվազում է: Այս դեպքում կարող է շատանան մահացությունները»,- ասաց Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս