«ՀՀ իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկում՝ հակադարձելու թուրքական քաղաքականությանը, այլև բոլորովին հակառակ բաներն են անում». թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիվ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:

Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հնարավոր է, ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն եզրույթը:

168.amի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան երբեք չի դադարեցրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված իր պայքարը։

«ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իսկապես իր քայլերով կարող է ակնկալիք առաջացնել, որ այս տարի Միացյալ Նահանգները կարող է արտաբերել Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին լարված են թուրք-ամերիկյան հարաբերությունները, այս ամենը բավականին վախեցնում է Թուրքիային, և նա քայլեր է իրականացնում այդ ամենը կանխելու համար։ Մասնավորապես՝ Էրդողանի  խոսնակ Իբրահիմ Քալընի ուղերձը»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է այս ամենի նկատմամբ Հայաստանի իշխանությունների քայլերին, ապա թուրքագետը նկատեց՝ նույնիսկ ակադեմիական բառ չի գտնում բնորոշելու այն քայլերն ու հայտարարությունները, որոնք անում են Հայաստանի իշխանությունները։ Այս ֆոնին տարբեր մակարդակներում՝ սկսած վարչապետից մինչև տարբեր պատգամավորներ, Անվտանգության խորհրդի քարտուղար, հնչեցնում են ամենատարբեր անհեթեթ հայտարարությունները, որոնք հասնում են անմեղսունակության աստիճանի։

«Այսինքն՝ տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկում՝ հակադարձելու թուրքական այդ քաղաքականությանը, այլև բոլորովին հակառակ բաներն են անում, որն անձամբ ինձ մոտ, որը տասնամյակներով զբաղվել է խնդրով, չի կարող զայրույթ ու տարակուսանք չառաջացնել։ Հայաստանի իշխանությունների կողմից ադեկվատ քայլեր ու հայտարարություններ չկան։ Այն, ինչ կատարվում է դրսում, մասնավորապես՝ Միացյալ Նահագներում, բացառապես ոչ թե Հայաստանի վարած քաղաքականության արդյունքն է, այլ այնտեղ գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ է, որոնք կարող են որևէ արդյունք տալ»,- հավելեց Անուշ Հովհաննիսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանի իշխանությունների կողմից չկա պաշտոնական համապատասխան քայլ, մթնոլորտ, ապա այդ ամենը կարող է զգալիորեն թուլացնել լոբբիստական կազմակերպությունների դիրքերը։ Ըստ նրա՝ Թուրքիան խորամանկ քայլ է անում՝ ասելով, թե հիմա իրենք պատրաստ են Հայաստանի հետ կառուցողական քայլերի, և Ցեղասպանության ճանաչումը կարող  է խանգարել այդ կառուցողական քայլերին։

«Սա թուրքերի խորամանկ քայլն է, և առաջին անգամ չէ։ Եթե հիշում եք, 2008 թվականին, երբ Օբաման չափազանց մոտ էր կանգնած Հայոց ցեղասպանության ճանաչմանը, թուրքերը պատճառաբանում էին, թե խանգարում են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Իհարկե, այս քաղաքականությունն անցանկալի է, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ցեղասպանության ճանաչումը կամ հակառակը, այս կամ այն պետությունն անում է՝ իր շահերից ելնելով։ Հայոց ցեղասպանության փաստն օգտագործվում է որպես գործիք՝ Թուրքիայի վրա ներազդելու կամ սեփական քաղաքականությունն առաջ տանելու համար։ Ցեղասպանության ճանաչման գործոնը մեր արտաքին քաղաքականության այն կարևոր գործիքակազմն է, որը մեր ձեռքին կարող է լինել իսկապես շատ լուրջ գործոն։ Իսկ մեր իշխանությունները կարծես թե հրաժարվում են այդ գործոնից, ինչը ցավալի է»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս