«Մենք չենք քննարկում պահվող անձանց կարգավիճակը հանրային հարթակում: Ադրբեջանն արտահայտում է իր տեսակետը, Հայաստանն՝ իրենը». ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար

Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն: «Արմենպրես»-ն այս աշխատանքների մասին զրուցել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

-Հարգելի պարոն Ռիբո, 2020թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմը լուրջ խնդիրներ առաջադրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Ներկայացրեք, խնդրեմ, ձեր աշխատանքի գերակա ուղղությունները վերջին ամիսներին: Ի՞նչ աշխատանքներում է առաքելությունը հիմնականում ներգրավված:

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում է 1992-ից սկսած, պատվիրակություններ ունենք Երևանում և Բաքվում, ինչպես նաև առաքելություն Լեռնային Ղարաբաղում: Եվ մինչև այսօր շարունակում ենք առանց դադարի գործել տարածաշրջանում: Անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը հանգեցրեց մեր արձագանքի, աշխատանքի ավելացմանը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում արտակարգ արձագանք տվեցինք՝ աջակցելով հիվանդանոցային հնարավորությունների հարցում, օգնելով բնակչությանը սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով տեղական կառույցների միջոցով:

Հայաստանում կենտրոնացանք հակամարտության սրացման հետևանքով տեղահանված շատ մարդկանց աջակցության հարցի ուղղությամբ, նաև աջակցում ենք առողջապահական հաստատությունների, կրթության հասանելիության հարցում: Հիմա արտակարգ իրավիճակն ավարտվել է, և Հայաստանում մենք հատկապես ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ համայնքներին՝ օգնելով այնտեղ ապրող քաղաքացիական բնակչությանը, որ բախվել է նոր իրավիճակի: Տարիներ շարունակ մենք աշխատում ենք Տավուշի մարզում, ներկայում ցանկանում ենք ծրագրեր զարգացնել նաև Սյունիքում, հնարավորության դեպքում՝ նաև Գեղարքունիքում և Վայոց Ձորում:

Մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը օժանդակությունն է հյուրընկալող ընտանիքներին և տեղահանվածներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ մենք օգնում ենք այդ հյուրընկալող ընտանիքներին հաղթահարել դժվարությունները՝ հյուրընկալելու ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ միասին փնտրում ենք նաև ճանապարհներ՝ աջակցելու տեղահանված անձանց երկրի տարբեր բնակավայրերում: Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ կապված է անհայտ կորած համարվող անձանց խնդրի հետ:

ԿԽՄԿ-ն ամենօրյա ռեժիմով մասնակցել է զոհվածների որոնողական աշխատանքներին, որ սկսվել է դեռևս 2020թ․ նոյեմբերին: Մենք ներկա ենք ոչ միայն որոնողական աշխատանքներին, այլ նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում աճյունների նույնականացման գործին, որպեսզի նրանք վերադարձվեն ընտանիքներին: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ընտանիքները հնարավորություն ունենան ստանալ հարցի պատասխանը, թե որտեղ է իրենց հարազատը: Այս գործընթացը դեռ ավարտված չէ: Կարևոր ենք համարում աջակցել անհայտ կորած անձանց ընտանիքներին, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցությամբ, հնարավորության դեպքում՝ նաև տնտեսական աջակցությամբ: Մենք հասկանում ենք, որ աճյունների նույնականացման հարցը կարևոր է նաև իրավական պարտավորությունների տեսանկյունից: Օրենսդրությամբ են կարգավորվում անհայտ կորած ճանաչվելու և այլ հարցերը: Եվ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` բարելավելու իրավական դաշտը, որը կնպաստի, որ այդ ընտանիքներն օգտվեն մատուցվող բոլոր ծառայություններից ու աջակցությունից:

– Պատերազմից հետո Արցախում առկա են մի շարք հումանիտար խնդիրներ, սա արձանագրել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները: Հումանիտար ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԿԽՄԿ աշխատակիցները, և Կարմիր Խաչի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այդ խնդիրների լուծման և տեղի բնակչության կյանքի պայմանների ապահովման ուղղությամբ:

-Նախ մենք պետք է հասկանանք, որ հակամարտության արդյունքում բոլոր կողմերն էլ տուժում են՝ հատկապես քաղաքացիական բնակչությունը: Կան մարդիկ, որոնք չեն կարող վերադառնալ հակամարտության գոտի: Սկզբնապես՝ Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման օրերին մենք կենտրոնացել էինք արտակարգ արձագանքի վրա: Եվ հիմա ավելի շատ կենտրոնանում ենք կայուն արձագանքի վրա՝ կենսապահովման, պարենային անվտանգության և այլ հարցերով: Մենք փնտրում ենք ձևեր՝ այնպես անելու, որ մարդիկ կարողանան վերսկսել կյանքը, որտեղ էլ լինեն:

-Պատերազմի ավարտից հետո տեսակցություններ եղե՞լ են գերիների հետ: ԿԽՄԿ աշխատակիցներն ինչ խնդիրներ են արձանագրել Ադրբեջանում հայ գերիներին տեսակցելիս, ի՞նչ պայմաններում են նրանք: Կարո՞ղ եք հրապարակել նրանց ընդհանուր թիվը՝ ըստ ձեր տրամադրության տակ առկա փաստերի:

– Մենք, անշուշտ, շատ ավելին ենք անում, քան կարող ենք հանրայնացնել: Դա շատ զգայուն թեմա է: Որպես սկզբունք՝ ԿԽՄԿ-ն այս թեմաներով խոսում է համապատասխան մարմինների հետ գաղտնապահ երկխոսության շրջանակներում: Կարող եմ ասել ձեզ, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում տասնամյակներ շարունակ այցելում է պահվող անձանց, և դա չի դադարել անել նաև հակամարտության վերջին սրացումից հետո: Մենք շարունակում ենք այցելել պահվող անձանց Ադրբեջանում՝ օգնելով նրանց և նրանց հարազատների միջև ընտանեկան լուրերի փոխանակմանը: Հիմա, իհարկե, շատ բան է ասվում նրանց թվի, պահման պայմանների մասին, սակայն, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ԿԽՄԿ-ն խոսի թվերի վերաբերյալ, քանի որ սա կոնֆիդենցիալ երկխոսության մասն է, որը մենք վարում ենք համապատասխան իշխանությունների հետ:

Մենք այցելում ենք պահվող անձանց, գնահատում ենք պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, համոզվում, որ նրանք կարող են շփվել իրենց ընտանիքների հետ: Մենք կապի հնարավորություն ենք ընձեռում՝ Կարմիր խաչի ուղերձի, զանգի կամ բանավոր հաղորդագրության միջոցով: Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, ընտանիքների համար, որոնք չգիտեն, թե որտեղ է իրենց հարազատը, ԿԽՄԿ-ի միջոցով լուր ստանալը, որում ասվում է, որ նրանք լավ են, ապրում են, անգնահատելի արժեք ունի:

-Ադրբեջանի նախագահը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում է, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին: Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն, մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն Ադրբեջանում պահվող հայերը:

-Մենք չենք քննարկում պահվող անձանց կարգավիճակը հանրային հարթակում: Ադրբեջանն արտահայտում է իր տեսակետը, Հայաստանն՝ իրենը: Այս հարցի վերաբերյալ մեր տեսակետի մասին խոսում ենք իշխանությունների հետ երկկողմ զրույցների ընթացքում: Կարգավիճակի հարցը շատ զգայուն է և կարևոր, սա հիմնական հարցերից մեկն է` պահվող անձանց խնդրի հարցով աշխատելու մեր մանդատի շրջանակներում: Ադրբեջանից և Հայաստանից որոշակի թվով անձինք վերադարձվել են: Այս գործընթացում ԿԽՄԿ-ն ներառված չի եղել՝ բացառությամբ դեպքի, երբ վերջերս մեկ կին վերադարձավ Լիբանան: Դա կազմակերպվել է համապատասխան մակարդակում՝ Ռուսաստանի ներգրավմամբ:

Պահվող անձանց արտահանձնումից հետո ևս մենք նրանց այցելում ենք, որ գնահատենք իրավիճակը, նաև տեսնենք, թե ինչով կարող ենք աջակցել նրանց և նրանց ընտանիքներին:

– Մարտական գործողությունների տարածքներում զոհվածների դիերի մարմինների որոնման աշխատանքներ են իրականացվում: Ադրբեջանը երբեմն մի քանի օրով կամ շաբաթով անհայտ պատճառներով հետաձգում է որոնողական աշխատանքների իրականացումը՝ խոչընդոտելով դիերի հայտնաբերման գործընթացին: Արդյոք այս հանգամանքը հումանիտար պարտավորությունների խախտում չէ, այն դեպքում, երբ մասնագետները նշում են, որ որքան ուշ են հայտնաբերվում դիերը, այնքան դժվար է լինում դրանց նույնականացումը:

-Դուք միանգամայն ճիշտ եք․ որքան ուշ են հայտնաբերվում, այնքան դժվար է նույնականացումն անել: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ պայմաններում են այդ գործողություններն իրականացվում: Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես հրադադարի հաստատումից հետո: Դրանք իրապես չեն դադարեցվում, թեև ճիշտ եք նշում, որ երբեմն դրանք կանգնեցվել են երկու կամ մի քանի օրով: Բայց պետք է հասկանալ պայմանները: Որոնողական աշխատանքներն իրականացվում են նախկին մարտական գործողությունների տարածքներում, որոնք լի են չպայթած զինամթերքով, այսպիսով, դրանք շատ վտանգավոր են: Կա նաև տեղեկատվության հարց՝ ո՞րտեղ փնտրել: Սկզբնական փուլում դա ավելի հեշտ էր, իսկ որքան ժամանակն անցնում է, ավելի ու ավելի է դժվարանում հայտնաբերելը: Հիմա երբեմն այդ գործընթացը հաջողություն չի ունենում, քանի որ թիմերը գնում են որոնելու, սակայն չեն կարողանում գտնել որևէ մասունք:

Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաև տեղեկատվության փոխանակման առումով հարատև համագործակցության հարցին՝ նաև ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Սա շատ պարզ է թվում, բայց պետք է հաշվի առնել դժվարությունները: Եվ ես լիովին հասկանում եմ բոլոր այն ընտանիքներին, որոնք նորության են սպասում: Այնուամենայնիվ, նման գործողությունն ընդամենը գնալ, փնտրել ու գտնել չէ: Այս գործընթացի հետաձգումները երբեմն կարող են կապված լինել լոգիստիկ պատճառների հետ, երբեմն եղանակային պայմանները թույլ չէին տալիս որոնողական աշխատանքներն իրականացնել ըստ նախատեսվածի: Այդ գործողություններին ԿԽՄԿ-ից ներկա են լինում մեր դատաբժշկական փորձագետները և այլ, օրինակ՝ ականազերծման մասնագետները: Նրանք որոնող թիմերին տրամադրում են խորհրդատվություն տեղում, թե ինչպես աշխատել՝ անվտանգության կանոնների պահպանմամբ ու աճյունների պատշաճ դուրսբերման առումով:

– Պատերազմի ընթացքում «Տելեգրամ»-ի ալիքներում տեղադրված բազմաթիվ տեսանյութերում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ստորացնում, մահապատժի ենթարկում և անմարդկային այլ գործողություններ իրականացնում բազմաթիվ հայ ռազմագերիների, այդ թվում ՝ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ: Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, որում մասնավորապես ասվում է, որ ռազմագերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք պետք է ցուցաբերել, ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրությունից դրդված միջոցներն արգելված են: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները վերաբերվեն ադրբեջանական զինուժի այս պահվածքին:

-Կցանկանայի թույլ տալ իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային հանրությանը որոշել, թե ինչ են ուզում անել դրա հետ կապված: Որպես ԿԽՄԿ՝ մենք հետևել ենք ռազմական գործողություններին, որոնք իրականացրել են կողմերը: Եվ անշուշտ, սա ևս հարցերից մեկն է, որ այս տարածաշրջանում մենք քննարկել ենք իշխանությունների հետ տարիներ շարունակ: Այս քննարկումները կշարունակենք կողմերի պատկան մարմինների հետ նաև վերջին սրացման կապակցությամբ: Եթե գիտեք, ԿԽՄԿ-ի դերերից մեկն է խթանել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ: Քանի որ մենք նպաստում ենք միջազգային մարդասիրական իրավունքի իրացմանը ներպետական օրենքներում, մենք նաև նպաստում ենք արդարության սկզբունքներին: Այնուամենայնիվ, որպեսզի պահպանենք զգայուն միջավայրերում աշխատելու մեր՝ որպես անկախ ու անկողմնակալ մարդասիրական կազմակերպության կարողությունը, չենք ընդգրկվում արդարադատության գործընթացին: Դա մեր դերը չէ: Հակառակ դեպքում հետևանքն անմիջապես կլինի, և մենք մուտք չենք ունենա հակամարտությունից տուժող մարդկանց:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

 

Տեսանյութեր

Լրահոս