Քաղաքական հայրերը՝ ընդդեմ մանկապարտեզի
Մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
Հանդիպման փաստն ինքնին կարելի է սենսացիոն համարել՝ հաշվի առնելով մասնակիցների միջև առնվազն անցյալում առկա խոր տարաձայնությունները։ Իհարկե, սա նման ձևաչափի արդեն երկրորդ կամ երրորդ հանդիպումն է, պատերազմի ընթացքում ՀՀ և Արցախի նախկին նախագահները կրկին հանդիպել են, սակայն, ըստ էության, այդ հանդիումները գործնական ազդեցություն չունեցան, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նրանց Մոսկվա մեկնելու պաշտոնական մանդատ տրամադրել։
Նախկին նախագահների հանդիպումն արդեն հետպատերազմյան իրողություններում, ընդ որում, հայտարարված արտահերթ ընտրություններից առաջ, ներկայանում է միանգամայն այլ լույսի ներքո։ Իհարկե, հանդիպման մասին հաղորդագրությունում շեշտվում է, որ այն նվիրված է եղել «Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին» և ուղղակիորեն չի շոշափվել ընտրությունների հարցը, սակայն հասկանալի է, որ այդ զրույցի ընթացքում ներքաղաքական զարգացումները չէին կարող շրջանցվել։
Բացի այդ, արտահերթ ընտրություններն ուղղակիորեն կապված են՝ ինչպես Արցախում ստեղծված իրավիճակի, այնպես էլ՝ հնարավոր զարգացումների հետ։ Դժվար է ասել՝ արդյոք Հայաստանի և Արցախի նախկին նախագահների այս հանդիպումն առարկայական հետևանքներ կունենա՞, ասենք, ընտրական միավորի տեսքով, թե՞ ոչ, այդուհանդերձ, հանդիպման փաստն անգամ խիստ ուշագրավ է։
Փաստորեն, հանդիպել են նախկին այն ղեկավարները, որոնցից Լևոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանությանը համարում է չարիք կամ պատուհաս՝ առնվազն գնահատականների մակարդակում, իսկ մյուսները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ներգրավված են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ավելի առարկայորեն, Քոչարյանն էլ հայտարարել է, որ բոլոր դեպքերում մասնակցելու է ընտրություններին։
Հանդիպման անսովորությունը, հասկանալիորեն, առավելապես պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի անձով, քանի որ հանդիպման մյուս մասնակիցների միջև ավելի կամ պակաս չափով առկա է համախոհություն։ Հնարավոր է՝ նույնպիսի համախոհություն արդեն իսկ ձևավորվել է կամ ձևավորվում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ընդգրկմամբ, ինչը բացառել չի կարելի՝ հաշվի առնելով մի կողմից՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին տրված Առաջին նախագահի կոշտ գնահատականները, մյուս կողմից՝ իրավիճակի լրջությունն ու վտանգավորությունը, որը նախկին նախագահներին ստիպել է ստորադասել միմյանց հանդեպ ունեցած քաղաքական և ոչ միայն քաղաքական հակակրանքը։
Այսպիսով, առնվազն հանդիպումների մակարդակում ձևավորվում է «կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան» ձևաչափ, որի մի կողմում՝ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներն են, անկախության ու արցախյան հաղթական պատերազմի կերտման անմիջական մասնակիցները, մյուս կողմում՝ Արցախի հանձնման պատճառ դարձած ուսապարկերի իշխանությունը։
Այլ կերպ ձևաչափը կարելի է որակել՝ «քաղաքական հայրերը՝ ընդդեմ քաղաքական մանկապարտեզի»։
Սխալ կլինի, իհարկե, միայն այս հանդիպմամբ եզրակացնել, որ դա կարող է առարկայական ազդեցություն ունենալ առաջիկա նախընտրական զարգացումների վրա։ Սակայն դա առնվազն չպետք է բացառել։
Ի դեպ, ուշագրավ է, որ նախկին նախագահների հանդիպման մասին տեղեկատվությունը տարածել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։ Դա գուցե տեխնիկական դետալ է, թեև քաղաքականության մեջ անկարևոր դետալներ չեն լինում։ Ուստի պետք չէ բացառել, որ հանդիպումը կայացել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում այն։
Արշավիր Իշխանյան