Հայաստանից՝ Թուրքիա
Քաղաքական անհայտություններն իրենց հետքն են թողնում տնտեսության վրա: Պաշտոնական վիճակագրությունը հերթով հրապարակում է տնտեսական անկման, գնաճի ու այլ տվյալներ:
Նախ հրապարակվեց արտաքին ապրանքաշրջանառության կրճատման մասին: Այս տարվա հունվարին անցած տարվա համեմատ այն կրճատվել է 16.8 տոկոսով: Սա ձևավորվել է արտահանման՝ 20, իսկ ներմուծման՝ 11.3 տոկոս կրճատվելու հետևանքով: Հունվարին արտահանումները կազմել են 156.6 մլն դոլար՝ 2020-ի 173.8 մլն-ի դիմաց: Ներմուծումները 247.3 մլն դոլար են (անցած տարի 305.2 մլն դոլար էր):
Ընդհանուր ապրանքաշրջանառության պատկերն այս է՝ 403.9 մլն դոլար՝ անցած տարվա 479 մլն-ի դիմաց: Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն կազմել է մոտ 90.7 մլն դոլար: Կամ, շատ կոպիտ ասած, մենք 90.7 մլն դոլարի չափով ավելի շատ գումար ենք ներդրել մեր տնտեսական գործընկեր երկրների տնտեսության մեջ, քան «ստացել» փոխադարձաբար: Ժամանակի հետ կհայտնվեն տնտեսական վերլուծություններ, թե ինչ կառուցվածքային փոփոխություններ են եղել մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ: Թե ըստ ապրանքախմբերի և, որ ավելի կարևոր է՝ ըստ երկրների:
Հավանաբար՝ կարելի է ենթադրել, որ մեր արտաքին ապրանքաշրջանառությունը նվազել է բոլոր տնտեսական գործընկեր երկրների հետ: Ընդհանուր անկման հետ: Բայց այս ցանկում անսպասելի թվեր կան:
Եթե հիշում եք, մեր իշխանությունները պատերազմի օրերին որոշեցին արգելք դնել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների վրա: Խոսքը թուրքական ներմուծումների արգելման մասին էր: Նույնիսկ հասարակական փնթփնթոցի պես մի բան եղավ, թե ինչու իշխանություններն անմիջապես չեն արգելում տնտեսական հարաբերությունները, այլ հետաձգում են մինչև 2021թ. հունվարի 1-ը: Հասարակական խոսք ու զրույցի թեման թուրքական ապրանքները մերժելն էր: Հետո բացատրություններ հայտնվեցին, որ տնտեսական կապերի անմիջական խզումից առաջին հերթին մեր գործարարները կտուժեն:
Հասարակությունը կամաց-կամաց համակերպվեց այն մտքի հետ, որ բոյկոտը կարելի է հետաձգել: Հիմա արդեն պաշտոնական վիճակագրությունը սկսում է հրապարակել, թե իրականում (եթե, իհարկե, վստահեք պաշտոնական վիճակագրությանը) որքանով է ի վիճակի կառավարությունը կատարել իր իսկ որոշումները: Պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում, որ մենք շարունակում ենք խթանել թուրքական տնտեսությունը: Այս տարվա հունվարին մենք Թուրքիա պաշտոնապես արտահանել ենք 4 հազար 400 դոլարի ապրանք: Կարելի է ասել, որ արտահանման առումով իշխանությունների հայտարարած «արգելքը» պահպանվել է:
Փոխարենը՝ թուրքական ապրանքների ներմուծումը հունվար ամսին կազմել է 2 մլն 236.200 դոլար: Փաստորեն, եթե վստահենք պաշտոնական վիճակագրությանը, մենք հունվարին, «խախտելով» ՀՀ Կառավարության որոշումը, թուրքական տնտեսության մեջ 2.236 մլն դոլար գումարը գերազանցող ներդրում ենք կատարել: Այսպես կարելի է մտածել, եթե լուրջ ենք ընդունել կառավարության 2020թ. հոկտեմբերի 20-ի N-1708 որոշումը «թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին»:
Բայց եթե ուշադրություն դարձնեք ամսաթվին, կնկատեք, որ որոշումն ընդունվել է պատերազմի օրերին, երբ դեռ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները խթանելու անհրաժեշտության մասին խոսելը մոդայիկ չէր: Ավելին՝ եթե կարդաք այդ որոշման առաջին պարբերությունը, կնկատեք, որ այն ՀՀ կառավարությունն ընդունել է՝ «Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 21 կարգադրությունը»:
Հիմա իրավիճակ է փոխվել: Հիմա ավելի մոդայիկ է մոռանալ նախկին պայմանագրերը: Մոռանալ ու խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները բարելավելու մասին: Ճիշտ ու ճիշտ այն հարաբերությամբ, որ արձանագրվել է այս տարվա հունվարին՝ 1-ին՝ 99-ի: Բարդ չէ հաշվարկել, որ հենց այդ հարաբերությամբ էլ տնտեսական սահմանների բացման հետ մենք «ֆինանսավորելու» ենք թուրքական տնտեսությունը: Բայց նման մանր-մունր հարցերը դժվար թե արժանանան իշխանությունների ուշադրությանը: Նրանք հերթական մեծումեծ խոստումներն են քննարկում: Հետո կասեն՝ կիմանանք: