1919 թվականի Խծաբերդի կատաղի կռիվն ու 2020-ի լուռ հանձնումն Ադրբեջանին

1919 թվականի մայիսի 28-ին թուրքերը մեծ ուժերով հարձակվում են Խծաբերդի վրա։ Այդ ժամանակաշրջանում Արցախում էին գտնվում նաև անգլիացի զինվորականները, ովքեր պիտի հսկեին անդորրն ու թույլ չտային, որպեսզի տեղի ունենան բախումներ, սակայն բրիտանացիների գերագույն նպատակներից մեկն Արցախի ժողովրդին համոզելն էր, որպեսզի նրանք ընդունեն Ադրբեջանի իշխանությունը։

Փաստացի թուրքերը, որ Մուդրոսի զինադադարով պիտի լքեին Անդրկովկասը, այստեղ էին թողել իրենց իրավահաջորդներին, և հակայական քաղաքականությունը վարվում էր հենց նրանց ձեռքով։ Բայց պետք է ընդգծել, որ թուրքերն ամբողջությամբ չէին հեռացել։

Հատկանշական է, որ այդ շրջանի իրադարձությունների մասին գրող հայ հեղինակներն ու քաղաքական գործիչներն իրենց հուշագրություններում նշում են, որ մեր դաշնակիցները մեզ պաշտպանելու փոխարեն՝ օգնում էին, որպեսզի թուրք-ադրբեջանական ծրագրերն իրականացվեն։ Եղիշե Իշխանյանն իր «Լեռնային Ղարաբաղ» գրքում մանրամասն ներկայացնում է Խծաբերդի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Մայիսի 29-ին  Դիզակի Տումի և Տող գյուղերից քաղաք եկած գյուղացիները ասում են, որ Խծաբերդի վրայ հարձակւող թուրքերի թիւը մի քանի հազար է, ընդհանուր ղեկավար-հրամանատարը Աղդամի նախկին տաճկական կոմենդանտ Քեազըմ բէյն է, որին հաւանօրէն տաճիկները թողել էին համիսլամական իրենց գործունեութիւնը շարունակելու համար»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ. 1917-1920» գրքից։ Երևան, 1999 թվական, էջ 419)։

Այդ տարիներին Խծաբերդ գյուղում կար մոտ 130 տուն։ Գյուղն իր լեռնային դիրքով կարծես թե բնական, ռազմական պատնեշ ունենար։ 1902-1903 թվականներին թուրքերի կողմից փորձ արվել էր գյուղը գրավելու, սակայն հայ գյուղացիների ցույց տված դիմադրությունից հետո թուրքերը նահանջել են։ Այս անգամ ևս թուրքերին մեծ փորձություն էր սպասվում։ Մայիսի 28-ին հայ դիրքապահները տեսնում են, որ թուրքական 2 խմբից բաղկացած զորքը փորձում է մտնել Խծաբերդ։

Այդ ամենը տեսնելուց հետո գյուղի մարտիկներն ինքնակազմակերպվում են և սկսում են թուրքական հարձակումը հետ մղելու գործողությունը։ Խծաբերդի մարտիկներին օգնության են հասնում նաև  Հին Թաղ գյուղի մարտիկները։ Գյուղացիների ինքնակազմակերպումից զատ, գյուղի պաշտպանության գործում իրենց մասնակցությունն են ունենում և գործի մեջ մտնում Արտեմ Լալայան ու Արշակ Շահնազարյանը.

«Թրքական ուժերը երկու հազարից աւելի էր հաշւում և 29-ի առաւօտեան գոռում-գոչիւնով ուժեղ յարձակում են սկսում։ Մերոնց առաջին իսկ համազարկերից թուրքերը հասկանում են, որ գիւղի կռւողների թիւը շատացել է, սակայն, այնուամենայնիւ, Քեազըմ բէյի խրոխտ հրամաններով քանիցս թուրք ամբոխը մոլեգնած, կատաղի յարձակումներ է գործում, բայց յետ մղւում։ Այդպէս կռիւը շարունակւում է մինչև երեկոյ։ Արտեմն ու Արշակը, փորձառու մարտիկների հետ խորհրդակցելով, որոշում են միւս օրը, լոյսը չբացւած, յարձակման անցնել, դուրս գալով պաշտպանողական դրութիւնից։…… Եւ լոյսը չբացւած, մեր մարտիկները միահամուռ ուռա գոռալով համազարկ տալով դուրս են նետւում դիրքերից ու առաջ վազում։ Թուրքերը, պիտի ասել, որ կատաղի դիմադրութիւն են ցոյց տալիս մի քանի ժամ, սակայն յետոյ նահանջելու նշան է նկատւում, և դա մերոնց աւելի է ոգևորում և ոյժ  տալիս»։ (Նույն տեղում` էջ 421):

Կատաղի կռվի թեժ պահին հայկական կողմին օգնության են գալիս այլ ուժեր։ Թուրքական կողմը տեսնելով, որ չի կարող դիմադրել հայ մարտիկներին, որոշում է նահանջել։ Եղիշե Իշխանյանն այդ նահանջն առավել շատ նմանեցնում է ռազմի դաշտից փախուստի.

«Թուրքերը 200-ից աւելի սպանւածներ են տալիս, 10-12 հոգի ծանր վիրաւորներ, որոնք յետ մնալով սրախողխող են լինում։ Եւ որ շատ կարևոր է, երբ սկսւում է նահանջը, Քեազըմ բէյը մի խումբ ձիաւորների գլուխն անցած սրարշաւ փախչում է կռւի դաշտից»։ (Նույն տեղում` էջ 421):

Արցախցիներն այս կռվով թուրքերին, ադրբեջանցիներին ու անգլիացիներին ապացուցեցին, որ իրենց համար ամեն ինչ հեշտ չի լինելու։ Մոտ 100 տարի անց պատմությունը կարծես թե նորից կրկնվեց։ Սակայն այս անգամ՝ արդեն այլ սցենարով։ 2020 թվականի դեկտեմբերին  Արցախում ռուս խաղաղապահներն էին։

Նոյեմբերի 9-ին հայկական կողմի ձեռքով ստորագրված ստորացուցիչ պայմանագրից հետո Հադրութի շրջանից Արցախի Հանրապետության կազմում էին մնացել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բռնազավթեց Խծաբերդն ու Հին Թաղերը։ Արդյունքում՝ եղան հայտարարություններ, կոչեր, սակայն գյուղերը մնացին Ադրբեջանի ձեռքում։

1919 թվականին Խծաբերդի դեմ կռվում հայ հասարակական-քաղաքական գործիչները ջանք ու եռանդ չխնայեցին և մեծ ապտակ տվեցին թուրք-ադրբեջանական կողմին։ Նրանք օգնեցին և կանգնեցին իրենց մարտիկների կողքին։ Այդկերպ ցուցաբերեցին իրենց նվիրումն ու սերը առ հայրենիք։ Ժամանակները փոխվեցին, թշնամիներն ու պայքարի գաղափարախոսությունը` ոչ, սակայն փոխվեցին հայ իշխանավորներն ու պետության գլուխ անցած մարդիկ։

Արդյունքում՝ պետության ղեկին նստած մարդիկ լուռ դիտեցին, թե Խծաբերդի համար պայքարում ինչպես ընկան, գերեվարվեցին հայ մարտիկները։ Իսկ պետությունը ձեռք չմեկնեց, չօգնեց, այլ լուռ հետևեց։ Նրանք լուռ հանձնեցին նաև հայրենիքը մեր թշնամուն։

Զ.Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս