Նիկոլ Փաշինյան․ մահապարտը

Նիկոլ Փաշինյանը զոդում է Ազգային ժողովի ցանկապատերը, դարպասները։

Սա շատ նշանային իրադարձություն է, որը խորհրդանշականորեն արտահայտում է նրա ու իշխանության այսօրվա հոգեվիճակն ու վերաբերմունքն ամենայնին։

Հազարավոր ոստիկանների մեջ շղթայված տեղաշարժվելով քաղաքում՝ նա որոշել է զոդել «ժողովրդի իշխանության» թիվ մեկ խորհրդանիշը՝ Ազգային ժողովը։

Իր հակաէսթետիկությամբ հանդերձ, այդ որոշումը ազնվության մեծ չափաբաժին է պարունակում։

Զոդելով Ազգային ժողովի դարպասները՝ Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ է հղում առ այն, որ վերջնականապես սահմանազատվում է «ժողովրդից», մյուս կողմից՝ սիմվոլիկ կերպով ցույց է տալիս, որ ինքն անձամբ զոդվել է իշխանությանն այնպես ու այնքան, որքան ԱԺ դարպասները զարդարող ձողերը։

Նիկոլ Փաշինյանը խաղում է ժանրի բոլոր կանոնների համաձայն, նա իշխանությանը վերաբերվում է՝ որպես դասական մահապարտ․ Նիկոլ Փաշինյանը գործնականում այրել է իշխանությունից անցնցում, խաղաղ հեռանալու գրեթե բոլոր ճանապարհները՝ իշխանության պահպանումն իր համար դարձնելով որպես լինելիության հարց, կենաց-մահու պայքար։ Հենց այդ մոտեցումն էլ նրան դարձրել է մահապարտ, որը գործում է ոչինչ չկորցնելու սկզբունքով։

Նիկոլ Փաշինյանի համար պայքարն արդեն քաղաքական չէ, քաղաքական դաշտն էլ նրա համար վերածվել է ռազմաճակատի, պատահական չէ, որ նրա վերջին թիրախը դարձել են զինված ուժերը, իսկ արդեն զոդված դարպասներով Ազգային ժողովն էլ վերածվել է ձայնային նռնակների պահեստի, որի վրա խրոխտ հերթապահում են դիպուկահարները և ավտոբուսներով բերված հսկայաքանակ ոստիկանական և ԱԱԾ ուժերը։

Ասված է՝ պատերազմում՝ ինչպես պատերազմում։ Ահա այս տրամաբանությամբ ու վերաբերմունքով է Նիկոլ Փաշինյանը որպես մահապարտ մասնակցում այսօրվա քաղաքական կոչվող գործընթացին, որն ամեն պահի կարող է վերածվել արյունահեղության։

Իսկ ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ հնարավոր արյունահեղությունը կանխելու ներքին արգելակներ ու վճռականություն։ Եթե նա այս գործընթացին մասնակցեր քաղաքական տրամաբանությամբ, ապա գուցե հնարավոր կլիներ ենթադրել, որ նա այնուամենայնիվ զերծ կմնա արյունահեղության վտանգ պարունակող քայլերից։ Բայց եթե նա մահապարտ է, այսինքն՝ դիմացիններն իր համար ոչ թե քաղաքական օպոնենտներ են, այլ թշնամիներ, ապա վերջիններիս դեմ ցանկացած քայլ, այդ թվում՝ արյունահեղություն ենթադրող, կարող է արդարացված լինել։

Նիկոլ Փաշինյանը մահապարտ է, բայց այս պատմության միակ մահապարտը չէ։ Նա կարողացել է սեփական խմբակցության անդամների մեծ մասով, իրավապահ կառույցների ղեկավարներով ու առայժմ ծառայողներով հավաքագրել մահապարտների բանակ, ովքեր կա՛մ իր հաղթանակի դեպքում դառնալու են իշխանության փայատերեր, կա՛մ՝ պարտության դեպքում վերածվելու են հանցակիցների։

Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս