Արյան կոմերսանտը
Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։
Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։
Եթե գոնե պատերազմից հետո շուտ գնացած լիներ, երկրում արդեն վիճակը կայունացած կլիներ, ու մենք՝ ժողովուրդ թե պետություն, Հայաստան թե սփյուռք, զբաղված կլինեինք մեր վերքերը բուժելով։ Բայց չէ, նա կա ու նա նոր արյուն է պլանավորում։
Նա դարձել է իր արյան գերին։ Նա վախից չի կարողանում մնալ իր աշխատասենյակում, շրջապատում է իրեն մարդկային վահանով ու ժպիտը դեմքին շրջում է փողոցներով, անդադար միտինգ ու երթ անում։
Քանի նա կա՝ նոր արյան հնարավորությունն ամենօրյա վտանգ է՝ ներսից, թե հարևան պետություններից։
Հանուն Հայաստանի Հանրապետության՝ նրան պետք է տալ անվտանգության երաշխիքներ՝ պետության անունից, բանակի, նախագահի, ընդդիմության անունից, պետք է տալ անձնական երաշխիքներ, միայն թե՝ արագ և խաղաղ հեռանա։ Զսպելով բոլոր էմոցիաները, արդար պահանջները, այնուհանդերձ նրան պետք է տալ այդ երաշխիքները։ Պետության շահը դա է պահանջում։Պայմանով՝ հեռանալ արագ և խաղաղ։
Չպետության ղեկավարը
Նա Չպետության ղեկավարն է։ Պետությունն ու նա անհամատեղելի գաղափարներ են։ Նրա հրապարակային տեքստերը, նրա գործողությունները, ձևակերպումները, սեփական ժողովրդին ու արտաքին աշխարհին ուղղված մեսիջները պետականության հետ անհամատեղելի են։
Նա ժողովրդի մի մասի մոտ արթնացրել է Չպետության գենետիկ հիշողությունը, ու այդպես իրար հետ դաշինք են կնքել, սիմբիոզ կազմել։ Ինչպես 2018-ի վառվռուն աչքերով փողոց փակած սերնդին երկու տարի հետո կոտորեց իր կողմից հրահրված պատերազմում, նույնն անելու է նաև այսօր իրեն սատարող 10-15 տոկոսի հետ։ Բայց Չպետության ժողովուրդը դա դարձյալ չի հասկանալու։
Նա մեր Չպետության սիմվոլն է։ Մեր պայքարը հիմա Պետության և Չպետության գաղափարների մեջ է։ Մեր պայքարի հաղթանակի կամ պարտության արդյունքը շատ հստակ է։ Սա փորձենք բացատրել հանրության՝ մշտական դիտորդ զանգվածին։ Չպետությանը հնարավոր է հաղթել միայն պետականության գործիքներով՝ պետական ինստիտուտներ՝ բանակ, նախագահ, պետական կառույցներ, գիտակից սոլիդ հասարակություն, մտավորականություն, հանրային ինստիտուտներ, եկեղեցի, սփյուռք։
Նրան պետք է տրվեն խաղաղ հեռանալու երաշխիքներ, որովհետև մեր նպատակը նա չէ։ Մեր նպատակը պետությունն է։
Եվ շատ պարզ պետք է հասկանալ ու հանրության դիտորդ հատվածին բացատրել մեր հեռանկարը։ Չպետության հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք 2014 թվականի Սինջարի եզդիների ճակատագիրը։ Սահմռկեցուցիչ մի ցեղասպանություն, որը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի, դեմոկրատական Եվրոպայի, ԱՄՆ-ի աչքի առաջ ու «Սկանդինավյան խաղաղապահների» միֆական հնարավորության պայմաններում։ Իսկ գիտե՞ք, թե տեխնիկապես ինչպես էր. սկզբում հարձակվել են Իսլամական պետության զինյալները (մեր պարագայում դա լինելու են ադրբեջանական միավորներ), կոտորել տղամարդկանց, կանանց և երեխաներին գերեվարել… Հազարավոր եզդիներ կարողացել են փախչել և թաքնվել սարերում, և նրանց թվացել է, թե փրկվել են, բայց կարճ ժամանակ անց ենթարկվել են Թուրքականբանակի F-35-ների ռմբակոծությանը՝ 21-րդ դարում, ՆԱՏՕ-ի անդամ պետության ինքնաթիռներից։ Բոլորի աչքի առաջ։ Ու ի՞նչ. Ու ոչինչ։ Հետո եզդի ակտիվիստներին տվեցին Նոբելյան մրցանակ, Սախարովի մրցանակ ու էլի մի քանի մրցանակներ՝ խաղաղության և իրավապաշտպանության համար։
Հիմա պետք է լինել առավելագույնս անկեղծ. եթե մենք բոլորս չենք կարողանում հաղթել Պետության և Չպետության պայքարում, ու Չպետության ղեկավարը շարունակում է կառավարել, ապա գուցե ավելի ազնիվ է՝ մեր ընտանիքները, կանանց և երեխաներին, դուրս հանել Հայաստանից։ Սա արտագաղթի կոչ չէ, որովհետև դա արտագաղթ չէ, ուղղակի պետք է լավ հասկանանք, որ երբ մեկ հոգին ինչ-որ մի ձևով կարողանումէ հաղթել բոլորին, ապա պետությունը չի կարող չփլուզվել, իսկ այդ պայմաններում ցանկացած արհեստական պատրվակով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումը մի խաղաղ օրվա թեմա է։ Ինչպես սեպտեմբերի 27-ին։
Հայ ժողովուրդը սեփական ճակատագրի նկատմամբ իր սահմռկեցուցիչ անտարբերությամբ այսօր դարձել է քաղաքակրթական էքսպերիմենտ։
Վերջին մեկ տարում Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր, որ գնալու են պատերազմի, «պատժելու են» մեզ՝ մեր իսկ սխալների համար։ Հայ ժողովուրդը չլսեց ու ոչ մի հետևություն չարեց. եղավ պատերազմ, եղան ահռելի քանակի զոհեր, եղավ պարտություն։
Հիմա հայկական բանակն արդեն չի լռում, տագնապի ձայն է հնչեցնում. «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», սա մեր անվտանգության միակ երաշխավորի՝ հայկական բանակի, նրա ղեկավար կազմի, բոլոր առանցքային դեմքերի բառերն են։
Ի՞նչ է ստացվում. իր անվտանգությանը սպառնացող իրական վտանգի շուրջ հայ ժողովուրդը չի լրջանում, չի լսում ո´չ թշնամու նախազգուշացումները, ոչ անգամ՝ սեփական բանակի տագնապի ազդանշանները։
Կրկնում եմ. կամ մենք շատ արագ, շաբաթների ընթացքում սկսում ենք կայունացնել պետության վիճակը, ունենում ենք նոր, էֆեկտիվ իշխանություն և Ռուսաստանի հետ գրագետ, ինտենսիվ աշխատանքի շնորհիվ մեծացնում անվտանգության մակարդակը, կամ ավելի ազնիվ է կանանց և երեխաներին նախապես հեռացնել Հայաստանից։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ