«Թուրքը եկել, նստել է մեր ճանապարհին, գյուղի «վիշկում» է պոստը դրել». Ճակատենի համայնքապետ
Սյունիքի մարզի Ճակատեն համայնքը փորձում է հաղաթահարել անվտանգության հետ կապված խնդիրները և սեփական ուժերով ապահովել բնակիչների անվտանգությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փետրվարի 15-ին հրապարակված ցուցակով Ճակատենը ներառվել է սահմանամերձ գյուղերի ցանկում։
168.am-ի հետ զրույցում Ճակատեն համայնքի ղեկավար Հուսիկ Սարուխանյանն ասաց, որ բնակիչները փորձում են ապրել իրենց առօրյա հոգսերով, չնայած գիտակցում են, որ կան խնդիրներ։
«Թուրքը եկել, նստել է մեր ճանապարհին, գյուղի «վիշկում» է պոստը դրել։ Ճակատենից արդեն երևում է, թե թուրքն իր պոստերում ինչպես է շարժվում։ Դե, գյուղում ծերեր, երեխաներ կան, մտավախություններ ունեն։ 1990-ականներին ադրբեջանցիների հետ հարաբերությունները նորմալ էր, գալ ու գնալ կար, բայց պատերազմից հետո նրանք ամեն ինչ փչացրեցին։ 90-ականներին գյուղը սահմանամերձ էր, այդ ժամանակ թշնամին մեր ճանապարհը որոշ ժամանակով վերցրել էր, բլոկադայի մեջ էինք հայտնվել, մինչև մենք գրոհեցինք ու իրենց մաքրեցինք։ Դե, ճանապարհներով գնում-գալիս ենք, դրանք ճանապարհներին կանգնած են, մեկ-մեկ դուրս են գալիս ճանապարհի վրա, ռուսն էլ է կանգնած։ Իրենց պոստն անմիջապես ճանապարհին կպած է»,- նշեց Հուսիկ Սարուխանյանը։
Ըստ նրա՝ թշնամու պոստերը գյուղից 250-300 մետր հեռավորության վրա են, ու վտանգավորն այն է, որ այդ դիրքերը գյուղի աշտարակի մոտ են։
«Նախկինում նման բան չկար, մեզանից շատ հեռու էին։ Մեր դաշտերը կպած են թուրքի գյուղին, մի 500 մետր է հեռու։ Արոտավայրերն էլ՝ մոտավորապես 30 հեկտար, կրկին վտանգավոր է, չենք կարողանալու անասուններին դաշտ հանել։ Դե, մեր արոտավայրերը գյուղից 8 կմ հեռու են, իրենց գյուղերին անմիջապես հարևանությամբ են։ Ցորեն ենք ցանել, վտանգավոր կլինի բերքահավաք անել, չգիտենք, դրանք կվառե՞ն, թե՞ կթողնեն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Համայնքի ղեկավարի համար դեռ անհասկանալի է, թե ինչու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, Արցախից բացի, գործընթացներ սկսվեցին նաև Սյունիքում։
«Մեր պոստերը երևի մի 10 կմ հետ տվեցինք, թողեցինք լավ պոստերը ու հետ եկանք։ Լավ բլինդաժներ էինք սաքրել, հետո, երբ հրամանը եկավ, թե՝ թողեք դուրս եկեք, դուրս եկանք։ Ամեն ինչ թողեցինք, առաջ դրանք լավ էլ պահում էինք, հետ քաշվեցինք, հասանք մինչև գյուղ։ Խառը վիճակ է, էլի»,- եզրափակեց Ճակատենի համայնքապետը։