«Հեղափոխությունը չարիք է». Արչիլ Սիխարուլիձե

Հարցազրույց Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, վրացի քաղաքական վերլուծաբան Արչիլ Սիխարուլիձեի հետ

– Մի քանի օր է՝ տարածաշրջանը հետևում է զարգացումներին, որոնք ծավալվում են Վրաստանի ներքաղաքական կյանքում: Նախ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին՝ Գախարիայի հրաժարականից հետո, լարվածությունը կգնա դեպի մարո՞ւմ, թե՞ կլինի նոր ապակայունացում: Եվ քանի որ դրանք տեղի են ունենում տարածաշրջանային ինտենսիվ զարգացումների ֆոնին, հարկ է քննարկել, թե ի՞նչ արտաքին քաղաքական բաղադրիչ ունեն Վրաստանի ներքաղաքական զարգացումները, և ի՞նչ արտաքին խաղացողներ են հետաքրքրություն ցուցաբերում այս զարգացումների նկատմամբ:

– Սկսենք ամենապարզից՝ Գեորգի Գախարիայի հրաժարականը շատերի համար անսպասելի էր, իմ մի շարք գործընկերներ դա որակում են՝ ժողովրդավարության բացակայության ցուցիչ, քանի որ ժողովրդավարական երկրներում մարդիկ տեղյակ են, թե ինչ է կատարվում իշխող կուսակցությունում, իսկ մենք, անկեղծ ասած, մեծ զարմանք ապրեցինք, երբ նա հեռացավ: Արտաքին ազդեցության մասին երևի թե կարիք չկա խոսել, քանի որ Ռուսաստանը չունի ազդեցություն հատկապես մեծ քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, ապա նրանք գոհ էին այդ անձից և նրանք ակտիվորեն աջակցում են իշխանությանը բարեփոխումների հարցում, ուստի ինձ թվում է, որ չկա որևէ արտաքին ազդեցություն այս ամենում:

Իրականում, Գախարիան դիրքավորվում էր որպես ուժեղ գործիչ՝ չափավոր ուժային, ով ուժեղ դիվանագետ է և պատրաստ է անհրաժեշտ պահին ճիշտ որոշումներ կայացնել՝ հատուկջոկատայիններին դուրս բերել, ձերբակալություններ անել, հավաքներ ցրել և այլն: Սրանում մենք համոզվեցինք 2020 թվականի հունիսին, երբ անօրինական ցույցը ցրեցին ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների խախտումներով: Եվ նա այդպիսի աուրա էր ստեղծել իր շուրջ, իսկ այս փուլով տեսանք, որ նա այդքան էլ ուժային չէ, քանի որ ըստ էության հայտարարեց հետևյալը, որ չի պատրաստվում մի մարդու ձերբակալության օպերացիա իրականացնել, որը կարող է հանգեցնել արյունահեղության, ներքաղաքական մանր ինտրիգների, և շատերի մոտ հարց է առաջանում, որ, եթե նա այդքան չափավոր է, ընդհանրապես ինչպե՞ս հրաման տվեց ցրել հունիսյան հավաքը: Եվ այստեղ շատերը հասկացան, որ նրա ու թիմի միջև մինչ այդ ևս կային տարաձայնություններ, և այս փուլում ողջ թիմում նա միակն էր, ով դեմ էր ուժային սցենարին: Ողջ թիմը ցանկանում էր Ազգային շարժման առաջնորդ պատգամավորին ձերբակալել, քանի որ օրենքն ամեն ինչից վեր է:

– Իսկ կարելի՞ է ասել, որ երկրում կա ճգնաժամ:

– Երկրում ճգնաժամի նշաններ չեմ տեսնում, քանի որ այն ենթադրում է իշխանության կողմից անհնարինություն՝ կառավարելու ինստիտուտները, իսկ մեր իշխանությունը, ընդհակառակը՝ ինստիտուտները չափազանց լավ է կառավարում: Դա թե ՆԳՆ-ն է, թե ՊՆ-ն և մնացած կառույցները, բայց կա ժողովրդավարական մտածողության ճգնաժամ, ինչը, ի դեպ, շարունակվում է արդեն 20-30 տարի, դրանք երկու տարբեր բաներ են: Ինչպես գիտեք, նոր վարչապետը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է, և նրա թեկնածության առաջադրումն իշխանության կողմից ուժային մոտեցման հաստատում է, Ղարիբաշվիլին ևս ՆԳ նախարար է եղել, բայց ավելի շատ ուժային է, քան Գախարիան: Վրաստանում կայունությունն ու ժողովրդավարությունը հենվում է օրենքին ենթարկվելու և օրենքը կատարելու վրա: Ուստի Ղարիբաշվիլիի թեկնածությամբ իշխող ուժը հստակ ուղերձ տվեց այն մասին, որ բոլորն են ենթարկվում օրենքին, բոլորն են ծառայելու օրենքին, և բոլոր օրինախախտների դեմն առնելու են: Քաղաքական ընդդիմությունն ուրախացավ, որ Գախարիան գնաց, սակայն Ղարիբաշվիլիի գալուստից այնքան էլ ուրախ չեն, և դա ցույց է տալիս, որ Նիկա Մելիային ձերբակալելու են:

– Իսկ իրադարձությունների նման ընթացքի դեպքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

– Ոչ մի զարգացում չի լինի: Նիկա Մելիան Զվիադ Գամսախուրդիա չէ, Նիկոլ Փաշինյան չէ՝ նույնիսկ իր ժողովրդականությամբ, Մելիան երիտասարդ է, ում ոչ ոք չէր ճանաչում, Մ․ Սահակաշվիլիի ստվերում էր, նա Սահակաշվիլիի նշանակածն է, բայց նա երիտասարդ է, ով ցանկանում է խաղալ հեղափոխական տրամադրությունների ալիքի վրա, բայց շատ քչերն է, որ դուրս են գալու հանուն նրա: Պետք է հասկանալ, թե այս հարցում Վրաստանը որտեղ է՝ մեզ մոտ ակցիաներ ու հավաքներ են ամեն օր, դա մեզ համար բնականոն երևույթ է, և նրա օգտին հանդես կգան նրանք, ովքեր հանդես էին գալիս մեկ կամ երկու տարի առաջ: Մարդիկ նրա համար չեն պայքարի: Դա հասկանում է նաև ընդդիմությունը: Առաջին հերթին՝ Վրաստանում հեղափոխության դարաշրջանն ավարտվել է: Կա հստակ գիտակցում, որ թեև հեղափոխությունը Վրաստանում հանգեցրեց բեկման, բայց հեղափոխությունը չարիք է, դա հաստատ է, նույնիսկ այն անձինք, ովքեր դեմ են իշխանությանը, պնդում են, որ չպետք է լինեն հեղափոխություններ, հեղաշրջումներ կամ ուժային մեթոդներով իշխանազավթումներ: Սա հստակ ու հասկանալի մոտեցում է: Ընդդիմությունն իր հաղթանակի միակ բանաձև է դիտարկում հեղափոխությունը, բայց նրանց կողմնակիցներն էլ պատրաստ չեն դրան, համաձայն չեն հեղափոխական սցենարին, ուստի միակ ելքը նրանց դիտարկմամբ՝ լարել իրավիճակը, ստեղծել իրավիճակ, որ արյուն թափվի, և այլն, որը թույլ կտա բարձրացնել փոքր բունտ: Կարծում եմ՝ Մելիան կձերբակալվի, սակայն իշխանությանն ավելի անհանգստացնում է արևմտյան գործընկերների դիրքորոշումը, որն անհասկանալի է, քանի որ մի կողմից՝ պնդում են, որ օրենքը խախտել չի կարելի, բայց նաև քաղաքական գործչին դիպչել չի կարելի, որը օրենք է խախտել: Պետք է հասկանալ, որ Վրաստանը ժողովրդավարական է, սակայն Բրիտանիա կամ այլ ԵՄ երկիր չէ, որտեղ ընդդիմադիրը կարող է չենթարկվել օրենքին, մեր երկրում դա կարող է ցավալի ավարտ ունենալ: Վրաստանը կարողացել է զարգանալ, քանի որ ընդունել է երկու բանաձև՝ իշխանության փոփոխությունը կատարվում է օրենքով, և բոլորը ենթարկվում են օրենքին: Եթե սրանցից մեկը խախտվի, ապա կփլուզվի վրացական ժողովրդավարությունը: Պարզապես իշխանության և ընդդիմության միջև այս պայքարը շարունակվելու է, ռուսական ռուլետկա է, թե ով ինքն իրեն կոչնչացնի առաջինը:

– Պատերազմից հետո նոր պատկեր է ստեղծվում տարածաշրջանում, հիմնական խաղացողներն ավելի են ամրապնդում իրենց դիրքերը, խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի մասին է, զուգահեռաբար ապաշրջափակման բանակցություններ են սկսվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այս ամենին մասնակցում է նաև Թուրքիան: Օրերս Աբխազիան դիմեց Մոսկվային Աբխազական երկաթուղու վերաբացման հարցով, ինչը նշանակում է, որ ռուսական կողմը ցանկանում է ապաշրջափակման բանակցություններում ներառել այդ ճանապարհով Հայաստանի հետ կապ հաստատելու հարցը: Ընդհանրապես այս զարգացումներում Վրաստանն ինչպե՞ս է իրեն տեսնում և դիրքավորում:

– Ցավոք, Վրաստանը բաց թողեց պատերազմի փուլը, այդ ժամանակ մեր երկրում ընտրություններ էին, լարված ներքաղաքական իրավիճակ, և ես չեմ կարծում, որ լրջորեն գիտակցում են մեր երկրում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, և Վրաստանը չի ճանաչում, ըստ էության, նաև հետսովետական տարածքը՝ իր աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով: Վրաստանի համար գոյություն ունի մեկ ուղղություն՝ Արևմուտք, ուստի չունի գործողությունների հստակ ծրագիր մեր տարածաշրջանում, և դա գլխավոր մարտահրավերն է: Ուստի նրանք պարզապես աչք են փակում այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում, հույս ունենալով, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն Վրաստանին կօգնեն:

Ինչ վերաբերում է Աբխազական երկաթուղուն, ապա, այն կառավարությունը, որը կհամաձայնի դրան, կկիսի ոչ թե Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը, այլ նրան պարզապես նույն պահին գրողի ծոցը կուղարկեն՝ ակնթարթորեն, քանի որ քաղաքական էլիտան անընդհատ խոսել է այն մասին, որ ցանկացած զիջումը դա դավաճանություն է,  դա սպառնում է մահապատժով; Նման բանակցություն սկսելը տոտալ ձախողում կլինի, և նրանք իրենք են իրենց դրել նման իրավիճակում, որը կավարտվի հեռացմամբ և ազատազրկմամբ:

– Իսկ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ վերադասավորումներ են ընթանում ռեգիոնում: Դրանք նպաստավո՞ր են Վրաստանի համար:

– Գիտեք՝ Վրաստանում կան այնպիսիք, որոնք հասկանում են՝ ինչ է կատարվում: Պարզապես հետաքրքրված չեն դրա մասին խոսել, նրանք իրենց համոզել են, որ Վրաստանը Հարավային Կովկաս չէ, այլ սևծովյան տարածաշրջան է, որտեղ Ուկրաինան է, հետո՝ Արևմուտքը: Իսկ իրականում Հարավային Կովկասի բաժանում է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Հայաստանը, որը ստիպված է լինել ՌԴ-ի հետ, Ադրբեջանը, որը թեքվել է դեպի Թուրքիա, վերջինս վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել է տարածաշրջան, և ներկայումս Հարավային Կովկասը կիսվել է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են մաքսիմալը քաղել այս բաժանումներից: Իսկ Վրաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, քանի որ նա գտնվում է պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, մենք ունենք բարեկամական եղբայրական հարաբերություններ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք միմյանց հետ են պատերազմում, և մենք դիտարկում ենք Թուրքիային՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, քանի որ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան վարում է սեփական քաղաքականությունը, որը հաստատ ոչ արևմտյան է, դա անհանգստացնում է ողջ արևմտյան աշխարհին, և այնտեղ մտածում են, թե որքան երկար Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի անդամ՝ վարելով անկախ քաղաքականություն: Բայց ինչ-որ բան ասել վախենում են, քանի որ մենք ունենք կայուն ընկալումներ, որ կա մեկ չարիք մեզ համար, դա Ռուսաստանն է, Ադրբեջանն ու Հայաստանը մեր սուրբ բարեկամներն են, Թուրքիան ևս այդպիսին է, քանի որ ՆԱՏՕ է, իսկ մնացածը մենք բաց ենք թողնում:

– Թուրքիան գնում է տարածաշրջանային և գլոբալ առաջնորդության տարբեր գործիքներ կիրառելով: Վրաստանը ռիսկեր չի՞ զգում:

– Այն, որ Թուրքիան էքսպանսիա է իրականացնում Հարավային Կովկասում և իրականացնելու է, պետք է կույր լինել չտեսնելու համար: Եվ ասեմ, որ Վրաստանը բավականին խոցելի է ճնշումների համար՝ և տնտեսության, և Ադրբեջանի միջոցով Թուրքիայի կողմից: Մարդիկ սկսել են անհանգստանալ, որ Թուրքիան վարում է ոչ արևմտյան քաղաքականություն: Կարծում եմ՝ հարկ չկա խոսել ռազմական իմաստով վտանգի կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, բայց կան անհանգստություններ, որ Վրաստանը չափազանց կախված է ադրբեջանական էներգակիրներից և թուրքական ֆինանսական հոսքերից, որոնք խոցելի են դարձնում Վրաստանը Թուրքիայի համար:

Տեսանյութեր

Լրահոս