«Դուդուկը հայի հետ ծնված, հայի հետ տառապած, հայի հետ ուրախացած գործիք է»․ Երևանում Դուդուկահարների մրցույթ-փառատոն կանցկացվի
Դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը ծիրանափող է նվագում ավելի քան քսան տարի: Կարծում է, որ դուդուկը մարդկային հույզերը, ապրումները փոխանցելու լավագույն գործիքն է: Դուդուկը ոչ միայն գերում, հուզում է մեղմ ելևէջներով, այլև ներկայացնում է ազգային հպարտությունը, ամրությունը:
Աշխարհում հայկական երաժշտական փողային գործիքը հանրահռչակելու, հայ դուդուկահարների վարպետությունն ընդգծելու, երիտասարդ տաղանդներին բացահայտելու նպատակով Հովհաննիսյանի և «Dudukman Production»-ի նախաձեռնությամբ ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում՝ «Նարեկացի» արվեստի միությունում, կանցկացվի Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էմանուելը պատմել է դուդուկի հանդեպ սիրո, գործիքի առանձնահատկությունների, մրցույթ-փառատոնի կարևորության մասին:
Էմանուել Հովհաննիսյանին դուդուկ նվագել սովորեցրել է ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանը, հետո Հովհաննիսյանն ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և սովորել ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի դասարանում, սովորել է նաև ասպիրանտուրայում: Այժմ դասավանդում է հարազատ բուհում:
«Շվի էի նվագում, հետո ընտրեցի դուդուկը, որովհետև այն ինձ ավելի հոգեհարազատ է. դուդուկի միջոցով շատ ավելի լավ եմ կարող արտահայտել այն, ինչ կա իմ ներսում: Դուդուկը մարդու ձայնին ամենամոտ գործիքներից է ու թույլ է տալիս արտահայտել հույզերը, ապրումները, բողոքը: Երաժշտությունն առհասարակ հույզերի արտահայտչամիջոց է. լինի բողոք, վիշտ, հպարտություն, թե պարծենկոտություն: Երբ դուդուկով կատարում ես հայրենասիրական ստեղծագործություններ, ներկայացնում ես մեր ժողովրդի հպարտությունը, ամրությունը»,-շեշտում է երաժիշտը:
Նրա խոսքով՝ դուդուկը հայի հետ ծնված, հայի հետ տառապած, հայի հետ ուրախացած երաժշտական գործիք է:
Հովհաննիսյանը խոստովանում է, որ չի սիրում դուդուկի մատուցման լալահառաչ ձևը: Ըստ դուդուկահարի՝ ցանկացած ցավ, վիշտ պետք է հպարտորեն տանել: «Երբ նայում ենք մեր սարերին, տեսնում ենք, որ նրանք պատմության ընթացքում վիշտ ու ցավ են ապրել, բայց լաց չեն լինում, փուլ չեն գալիս, չեն կորանում, կանգուն են ու վեհ կեցվածքով են դիմանում ամեն փորձության: Ինչպես հայ տղամարդուն չես տեսնի գոռալով լաց լինելիս, մազերը պոկելիս, այնպես էլ մեր լեռները: Փորձում են խեղդել արցունքները, որոնք բյուրեղանում են և ուժ են տալիս մեզ, որ կարողանանք այնպես անել, որ ցավը չկրկնվի, որ դասեր քաղենք ու աշխատենք ճիշտ քայլերով առաջ գնալ, կերտել ապագան»,-ընդգծում է Հովհաննիսյանը:
Նա հանդես է գալիս մի շարք համույթներում, համագործակցում է «Գյուրջիև» և «Նաղաշ» համույթների հետ: Տարվա ընթացքում ավելի քան հիսուն համերգային ծրագրով են ներկայանում արտերկրում, մասնակցում հեղինակավոր փառատոնների, հանդես գալիս հայտնի բեմերում: Հովհաննիսյանը «Գյուրջիև» անսամբլի հետ երկու ձայնասկավառակ է ձայնագրել, որը թողարկել է ACM Records-ը: «Նաղաշ» համույթի հետ ձայնագրել է երեք CD, այժմ աշխատում են չորրորդի վրա:
Դուդուկահարի սեփական նախագծերից է «Emmanuel Hovhannisyan and Emotion Band» քառյակը, որը հինգ տարվա պատմություն ունի: Ձայնագրել են սկավառակ, որի թողարկումը հետաձգվում է համավարակի պատճառով: Էմանուելը կարևորում է նաև «Շերամ» համույթը, որը կրկին իր նախագծերից է: Համույթում նվագում են Հայաստանում բնակվող լավագույն երաժիշտները: Գործիքավորումներն իրականացնում է թառահար Արտեմ Խաչատուրը, քանոնահարուհին ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Հովհաննիսյանն է, քամանչա է նվագում ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյանը, մեներգիչն է ժողովրդական երգերի սիրված կատարող Վարդան Բադալյանը: «Շատ սիրելի Կարեն Ասատրյանի հետ ենք հանդես գալիս դուտեով: Նա դաշնամուր է նվագում, իսկ ես՝ դուդուկ: Նրա՝ Armenian Spirit Band-ի հետ եմ հանդես գալիս: Նախագծում ներկայանում են տարբեր ազգերի երաժիշտներ, և ես հայկական ժողովրդական փայտյա փողային գործիքներ եմ նվագում»,-տեղեկացնում է դուդուկահարը:
Էմանուել Հովհաննիսյանը խոստովանում է, որ արտերկրում ներկայանալիս երբեմն ստիպված են լինում ապացուցել, որ դուդուկը հայկական ժողովրդական գործիք է: «Կան խմբեր, որոնց շրջանակում համագործակցում ենք ադրբեջանցի կամ թուրք երաժիշտների հետ: Շատ պարզ ենք նրանց ապացուցում, որ դուդուկը հայկական է, քանի որ Ադրբեջանում թե՛ թառի, թե՛ դուդուկի, թե՛ կլառնետի դպրոցի հիմնադիրները հայեր են: Թառահար Սողոմոն Սեյրանյանն է հիմնադրել Բաքվի թառի դպրոցը, Սաշա Օգանեզաշվիլին՝ քամանչայի դպրոցը, դուդուկի դպրոցի հիմնադիրը Գեորգի Մինասովն է, կլառնետի դպրոցի հիմնադիրը՝ գյումրեցի Կարո Չարչօղլյանը: Երբ նրանց հարցնում ես, թե ո՞վ է թառի կամ մյուս դպրոցների հիմնադիրը, թվարկում են վերոնշյալ անունները: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Հայն է հիմնել դպրոցը, էլ բանավիճելու կարիք չկա»,-պատմում է դուդուկահարը:
Անդրադառնալով Դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոնին՝ նա ընդգծում է, որ պատերազմից հետո ադրբեջանցի հայտնի դուդուկահարներից մեկը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում դուդուկ է նվագել: «Դա ինձ համար մեծ ցավ է: Բազմիցս եղել եմ Շուշիի եկեղեցում, բայց ինձ թույլ չեմ տվել այնտեղ նվագել: Ինչո՞ւ նրանք այնտեղ թառ չէին նվագում, այլ դուդուկ, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է, որ դուդուկը հայկական ժողովրդական գործիք է, իսկ նրանք ցանկացան հենց դուդուկով ներկայանալ՝ փորձելով ցույց տալ, որ այդ գործիքն իրենցն է: Եթե մրցույթ-փառատոնի միջոցով կարողանանք հասնել նրան, որ շատ մասնակիցներ լինեն, ևս մի քայլով կապացուցենք, որ ունենք դուդուկահարների մեծ բանակ և ցույց կտանք, որ դուդուկը մեր գործիքն է»,-նշեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։
Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։
Բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։ Առաջին մրցանակակիրները հնարավորություն կունենան ձայնագրելու CD՝ բաղկացած իրենց կատարումներից: Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները հինգ ստեղծագործություն կձայնագրեն, երրորդ տեղը գրաված դուդուկահարներին երկու ստեղծագործություն ձայնագրելու հնարավորություն կընձեռվի:
Պատվավոր հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանն է: Ժյուրիի կազմում կլինեն այնպիսի երաժիշտներ, որոնց վաստակը թույլ չի տա կասկածել մրցույթի հեղիանակությանը:
«Արցախից ժամանող դուդուկահարները, անկախ նրանից մրցանակների կարժանանան թե ոչ, ձայնագրվելու հնարավորություն կստանան: Նրանց համար սկավառակ կթողարկենք, որը կվաճառենք օնլայն հարթակում: Վաճառքի հասույթը կուղղենք Արցախի երաժշտական հաստատություններին, որ հոգան իրենց ծախսերը: Գուցե կարողանան դաշնամուր գնել»,-եզրափակում է Էմանուել Հովհաննիսյանը:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով։
Անժելա Համբարձումյան