«Ցավոտ փոփոխություններ են լինելու. ունենալու ենք կենսաթոշակի մակարդակն ապահովելու խնդիր». Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կառավարության այդ գործարքին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց նաև.
«Թյուրըմբռնում կա, սակայն, այդ պարտատոմսերի թողարկման տոկոսադրույքների հետ կապված։ Պետք է խոսել այն մասին, որ մենք այդքան գումար ենք տեղաբաշխել մեր պետության ունեցած ռիսկերին համարժեք տոկոսադրույքով։ Միևնույն ժամանակ, չեմ կիսում տեսակետը, թե մենք եվրոպարտատոմսեր ենք ներգրավել շատ լավ պայմաններով. կրկնում եմ՝ ներգրավել ենք այն պայմաններով, որոնք բնորոշ են մեզ նման պետություններին։ Այո՛, իհարկե, համաշխարհային միջազգային շուկայում առկա տոկոսադրույքների ցածր մակարդակը ենթադրում էր, որ ավելի ցածր պետք է լիներ մեր թողարկման տոկոսադրույքը, սակայն մենք եվրապարտատոմսերը թողարկել ենք այն տոկոսով, որոնք բնորոշ են մեզ նման ռիսկեր ունեցող երկրներին»,- ասաց Տիգան Ջրբաշյանը՝ շեշտելով, որ չի կիսում այն կարծիքը, որ մենք կարող էինք եվրոպարտատոմսեր թողարկել, օրինակ, 2 տոկոսով։
Խոսելով արտաքին պարտքի ներգրավման միջոցով ընթացիկ ծախսերի՝ աշխատավարձ, թոշակ, նպաստ բաժանելու քաղաքականության մասին, Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ, ըստ ՀՀ բյուջեի մասին օրենքի, եթե արտաքին պարտքը հատում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, այլևս թույլ չի տրվում արտաքին պարտքը ծախսել ընթացիկ ծախսերի համար, ուստի, նախևառաջ, պետք է փոխել օրենքը, որովհետև մեզ մոտ արտաքին պարտքը գերազանցում է օրենքով սահմանված չափը, սակայն այդ պարտքով իրականացվում են ընթացիկ ծախսեր, որոնք ունեն մշտական դառնալու սովորություն։
«Այո՛, կարող ես այս տարի այդ պարտքով ընթացիկ ծախսերը կատարել, բայց պետք է ներկայացնել ծրագիր, թե ի՞նչ է լինելու հաջորդ տարվա համար։ Ես հիմա նման ծրագիր չեմ տեսնում, ավելին, մենք ունենք մի բյուջե, որը չի էլ արտացոլում մեր իրականությունն առհասարակ։ Խնդրահարույց էր պատերազմի ընթացքում բյուջե ընդունելը, թեև կարող էին բյուջե ընդհանրապես չընդունել։ Այս ֆորս մաժորից ելնելով՝ պետք էր սթափ գնահատել մեր բյուջեի կառուցվածքը։ Ավելի շատ տրամաբանական կլիներ, որ երկիրը մտներ ֆինանսական տարի՝առանց ընդունելու նոր բյուջե և ֆինանսական ծախսերն իրականացներ նախորդ տարվա միջինացված ցուցանիշներով։ Ավելի լավ էր՝ մենք շարունակեինք իներցիոն նախորդ տարվա ցուցանիշներով, որից հետո նոր մշակեինք քաղաքականության փոփոխություն»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այսօր կա լրջագույն խնդիր բյուջեի վերանայման ու ցավոտ լուծումների գնալու։
«Քաղաքականության փոփոխությունը լինելու է շատ ցավոտ. ցավը կարող է հասնել ամեն ինչին. Օրինակ, 2023 թվականին ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ՝ առանց աշխատունակ բնակչության թվի աճի, ուստի, եթե մենք հաշվի առնենք նաև հնարավոր միգրացիան ու այս պատերազմի հետևանքով աշխատունակ հատվածի թվի նվազումը, ապա այսօր պետք է հասարակությանը պատրաստենք, որ 2023 թվականին ունենալու ենք խնդիր, չենք կարողանալու կենսաթոշակային մակարդակն ապահովել, ուստի եկեք պայմանավորվենք, որ իմաստ ունի խոսել արդեն կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին»,- ասաց նա։
Տնտեսագետն անդրադարձավ նաև Հայաստանի ներդրումային միջավայրին ու նշեց, որ այստեղ տեսնում է լուրջ խնդիրներ։
Ըստ նրա՝ ներդրումներն առհասարակ հոսում են այն երկրներ, որտեղ կան ադեկվատ ռիսկեր և տոկոսադրույքներ, բացի այդ, ներդրումների համար կարևոր է շահութաբերությունը, իսկ մեր երկրի շահութաբերությունը ներդրումների մասով չէր համապատասխանում անհրաժեշտ չափին անգամ մինչև կորոնավիրուսը։
«Օրինակ, հայկական բանկային համակարգերում մեկ դոլարի ներդրման շահութաբերությունը կազմում է 7-9 տոկոս, բայց եթե հայացք ենք գցում մեր տարածաշրջանի մրցակից երկրների վրա, ապա տեսնում ենք, որ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 18 է, կան նաև բանկեր, որոնք ցույց են տալիս 24 տոկոսի շահութաբերություն։ Պարզ է, որ այդ տեսանկյունից մեր երկիր ներդրում չեն անելու, իսկ, օրինակ, եթե նայենք Քուրդիստանին, որը, ի դեպ, չճանաչված պետություն է. ունի այնպիսի շահութաբերության մակարդակ, որ այնտեղ ավելի շատ ներդրումներ են գնում, քան գալիս են Հայաստանում»,- ասաց Ջրբաշյանը՝ նշելով, որ, եթե Էկոնոմիկայի նախարարը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, ապա նախ պետք է ասի, թե դրանք որ ոլորտներում են լինելու, բացի այդ, պետք է ներկայացնեն, թե այդ ոլորտներում խաղի կանոններն ինչպես են փոխելու, որ համապատասխանեն շահութաբերության անհրաժեշտ մակարդակին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում