Բաժիններ՝

Էյնշտեյնի և ամեոբայի տարբերությունը

Թվում էր, թե պատերազմից հետո մենք կփորձենք նոր ձևով մոտենալ կրթության, գիտության խնդիրների քննարկմանը։ Բայց այս շաբաթ Ազգային ժողովում գիտության մասին կազմակերպված լսումները նորից նույն սցենարով էին ընթանում։ Մարդիկ մոտենում էին ամբիոնին և բարձրաձայնում էին իրենց մտքերը, որոնք կարող էին անել նաև սոցիալական ցանցերում գրառումներ անելու կամ հոդված գրելու միջոցով։ Նման լսումները պարզապես ժամանակի կորուստ են։ Դրանք մի քանի օր դառնում են քննարկումների առարկա, ներառվում են Ազգային ժողովի ամսական, տարեկան հաշվետվություններում՝ որպես կատարված աշխատանք, հետո ամեն ինչ մոռացվում է։

Հայաստանում դեռևս գերիշխում է այն տեսակետը, որ կրթությունը և գիտությունը ներկա իրավիճակում կարող են փոխել երկրի իրավիճակը, երաշխավորել երկրի անվտանգությունը։ Որքան էլ հաճելի է հնչում այս տեսակետը, այդուհանդերձ, այդպես լինել չի կարող։ Ոչ կրթության համակարգը, ոչ էլ գիտությունը չեն կարող այսօր Հայաստանում իրավիճակ փոխել։ Որպեսզի դա տեղի ունենա, պետք է տնտեսության զարգացում և կառավարման համակարգի բարելավում։ Օրինակ, ճիշտ կլիներ ԱԺ լսումներին հրավիրել երկրի վարչապետին, փոխվարչապետին, որպեսզի նրանք նշեին, թե առաջիկայում ինչպիսի պետական և մասնավոր ներդրումներ են արվելու կրթության և գիտության ոլորտներում։ Եթե ներդրումներ չեն լինելու, ռազմավարական փաստաթուղթ չկա, ապա ինչի՞ համար ենք հավաքվում։ Մասնագետներին լսելն իշխանության գլխավոր գործառույթներից մեկն է։ Բայց լսելու գործընթացը շատ ավելի արդյունավետ է, երբ կրում է տևական բնույթ, տեսախցիկներից դուրս է, տարբեր ձևաչափեր ունի։

Կա տեսակետ, որ մենք պատերազմում պարտվեցինք, քանի որ պարտվեցինք գիտության ոլորտում։ Իրականում մենք պարտվել ենք երկրի ձախողված կառավարման պատճառով, որի դրսևորումներից մեկն էլ  գիտության վատ կառավարումն էր։ Այդ կառավարման արդյունքում Հայաստանում ունենք հարուստ անհատներ, աղքատ ինստիտուտներ։ Օրինակ, Հայաստանում բավականին մեծ գումարներ են շրջանառվել տարբեր մարդկանց համար ատենախոսություններ գրելու նպատակով։ Անհատները ստացել են գիտական կոչումներ, գրողները գումար են վաստակել, իսկ գիտության ինստիտուտը ոչ միայն ոչինչ չի ստացել այդ գործարքներից, այլև հեղինակազրկվել է։ Այսինքն՝ ինստիտուտի ներսում ստեղծվել է ստվերային ինստիտուտ, որը սպասարկել է անհատների շահերը։

Մյուս խնդիրն այն է, որ գիտության զարգացման համար համայնք է անհրաժեշտ։ Գիտությունը միայն անհատ գիտնականները չեն։ Գիտության զարգացման համար անհրաժեշտ են համայնքներ, որոնց միջոցով պետք է ծավալվեն քննարկումներ, բանավեճեր։ Սա մի բան է, որը կրթության, գիտության գերմանացի հայտնի մասնագետ Հումբոլդտը կոչում էր գիտական դպրոց։ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել գիտական դպրոցները։ Չկան նաև բանավեճեր տարբեր մոտեցումների միջև։ Փոխարենը, Հայաստանում կա գիտական օլիգարխիա երևույթը, երբ առանձին անհատներ հիերարխիկ ձևով կառավարում են կոնկրետ ոլորտներ։

Ոլորտի վրա բացասաբար է ազդում նաև սակավ ռեսուրսների համար մղվող դաժան մրցակցությունը։ Բազմաթիվ գիտնականներ ծրագրերի, պարգևների, մրցանակների շուրջ հայտնվում են մրցակցության մեջ, ինչը պարարտ հող է ստեղծում անառողջ միջավայրի ձևավորման համար։

Հայաստանում գիտության մասին խոսելիս հաճախ նկատի են ունենում միայն բնագիտությունը, ճշգրիտ գիտությունները։ Այս համատեքստում Հայաստանում անտեսվում են հումանիտար գիտությունները։ Բայց այդ գիտությունները շատ կարևոր են Հայաստանի կառավարման համակարգը, հասարակական միջավայրը բարելավելու առումներով։ Մեր երկրում առողջ բանավեճի, քննարկումների բացակայության պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ իրար հետ հաղորդակցվում են կարծրատիպերի, նախապաշարմունքների, նախընտրությունների շրջանակներում։ Այդպես են հաղորդակցվում անգամ գիտնականները։ Դա նորմալ է, քանի որ գիտնականները նույնպես մարդիկ են և ունեն կարծրատիպեր, նախընտրություններ։ Նորմալ է, երբ գիտնականներն ունեն կարծրատիպեր, սխալներ, բայց նորմալ չէ, երբ այդ կարծրատիպերը, տեսակետները չեն ենթարկվում ստուգման, քննադատական վերլուծության։ Այսինքն՝ անգամ գիտության ոլորտում տեսակետները, կարծիքները քննադատական վերլուծության չեն ենթարկվում։ Եվ այս ամենի շարունակությունն էլ դառնում է այն, որ հասարակական լայն շրջանակներում ծավալվող քննարկումներում ևս չկան ճշմարտության բարոմետրեր։ Հաղթում է նա, ով ավելի բարձր է գոռում, ով ավելի պերճախոս է, ով ավելի ազդեցիկ է, ով ավելի հարուստ է։

Հայաստանի նման երկիրը չի կարող մեծ հավակնություններ ունենալ գիտության ասպարեզում, քանի դեռ մեր տնտեսական վիճակը ծանր է։ Բայց կա մի հարց, որտեղ այսօր էլ գիտությունը կարող է օգնել մեզ։ Դա հանրային հաղորդակցությունը գիտական կանոնների վրա կառուցելն է։ Սրա համար լաբորատորիաներ, ֆինանսական ներդրումներ պետք չեն։ Այդ կանոնները կարելի է սովորեցնել դպրոցներում, բուհերում։ Հասկանալի է, որ միանգամից անհնար է կառավարել սոցիալական ցանցերում, մասնավոր զրույցներում հնչող բազմաթիվ աբսուրդ, անհիմն կարծիքների հոսքը։ Բայց գոնե  փորձագիտական քննարկումներում կարելի է առաջնորդվել գիտական կանոններով։ Օրինակ՝ որևէ տեսակետ հնչեցնելիս բերել հիմնավորումներ, փաստեր, ապացույցներ։ Տեսակետներ հնչեցնելիս՝ չխոսել վերջնական ճշմարտությանը տիրապետողի դիրքերից։ Վատ չզգալ, եթե սխալվում ես։ 20-րդ դարի հայտնի փիլիսոփա Կարլ Պոպպերն իր գրքերից մեկում խոսում է Էյնշտեյնի և ամեոբայի նմանության ու տարբերության մասին։ Երկուսն էլ հիմնվում են փորձի ու սխալների վերացման վրա։ Բայց ամեոբային սխալները դուր չեն գալիս, իսկ Էյնշտեյնը սիրում է սխալները, քանի որ սովորում է դրանցից և բացահայտումներ անում։ Փորձենք դուրս գալ ամեոբայի դերից և գիտությունն օգտագործենք հասարակական միջավայրն առողջացնելու համար։ Առայժմ սա կարող ենք անել։

Իսկ մնացած մեծամեծ ծրագրերի համար կառավարությունը պետք է հիմքեր նախապատրաստի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս