«Չեմ ասում՝ էնպիսին, ինչպիսին, օրինակ՝ Երևանում, բայց Արցախի համար բավարար մակարդակով անվտանգության երաշխիքներ կան». Քաշաթաղի վարչակազմի ղեկավար
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղի շրջանի բնակիչները՝ կառավարությունից պահանջելով գույքի փոխհատուցում: Ակցիային ներկա էր նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Լրագրողների դիտարկմանը՝ քաշաթաղցիներն ասում են, թե ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի կողմից իրենց առաջարկ է եղել Արցախում տներ հատկացնել, սակայն անվտանգության երաշխիքներ չունեն, Մուշեղ Ալավերդյանն ասաց.
«Այո, անվտանգության երաշխիքներ բավարար մակարդակով կան, չեմ ասում՝ էնպիսին, ինչպիսին, օրինակ՝ Երևանում կա, բայց ամեն դեպքում Արցախի համար բավարար մակարդակով միանշանակ անվտանգության երաշխիքներ, կարելի է հավաստել, որ կան, գոյություն ունեն, ա՛յս պահի դրությամբ»:
Նրա խոսքով՝ մոտ 11.500 ընտանիք մնացել են անտուն, իսկ հարցին, թե ե՞րբ է նրանց փոխհատուցում տրվելու, պատասխանեց.
«Փոխհատուցում տրվելու է տարիների ընթացքում, կարծում եմ: Ախր հասկանում եք, հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, էլի: Բնակիչներն ինձ հարցնում են, ես բոլորին անհատապես ճանաչում եմ, բոլորին փորձում եմ պատասխանները տալ: Հիմա դուք՝ որպես լրագրող, ինձ հարցնում եք՝ ե՞րբ են փոխատուցումը տալու, երբ որ տնտեսությունը, այսինքն՝ պետբյուջեն, այդքան գումար ունենա, պարզ տրամաբանական չէ՞, պատասխանեցի ձեր հարցին»:
Ավելի ուշ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը լրագրողներին հայտնեց, որ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ, և, որ չորեքշաբթի օրն իրենց կընդունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: