«Մենք ռազմի դաշտում ենք եղել, մեր տարածքները հանձնվել են». քաշաթաղցիները կառավարությունից գույքի փոխհատուցում են պահանջում
«Մենք պահանջում ենք մեր տները, ամեն ինչ կորցրել ենք ու մնացել փողոցներում, ինչքա՞ն վարձով մնանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասացին Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով գույքի փոխհատուցում:
«Կարգին օգնություն չեն տալիս, չենք կարողանում օգտվել ոչ մի բանից: Մենք միայն տուն ենք պահանջում, ուրիշ ոչ մի բան չենք պահանջում, մեր կորցրածն ենք ուզում»,- ասաց մեծահասակ մի կին:
Քաշաթաղցի տղամարդկանցից մեկն էլ նշեց, որ իրենք բռնի կերպով են տեղահանվել և հիմա փոխհատուցում են պահանջում կառավարությունից.
«Մենք եղել ենք ռազմի դաշտում, մեր տարածքները հանձնվել է, հիմա փոխհատուցում ենք ուզում: Մարդիկ կան, որ մի սենյակի մեջ 12 անձ է բնակվում, կա, որ մի սենյակում 4 ընտանիք է ապրում, մենք ապրում ենք շատ վատ պայմաններում, ժամանակին մենք ինքներս ենք բարեգործությամբ զբաղվել, իսկ հիմա ինքներս բարեգործության կարիք ունենք»:
Քաշաթաղցի մի կին էլ ասաց, որ որդին պատերազմի ժամանակ է զոհվել, որոշ ժամանակ անց էլ՝ տունն է կոցրել.
«Ես Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից եմ, տղաս զոհվել է հոկտեմբերի 6-ին, որ դին հայտնվեց, ինձ բերեցին Երևան, եկել եմ հուղարկավորմանը: Հետո իմացա, որ բնակիչները վեշերն ուզում են հանեն, գնացինք հետ, բայց էլ չէինք կարողանում մտնել, թուրքերը մեջն էին, թույլ չտվեցին, որ ներս գնայինք: Տղաս զոհվեց, տունս կորցրի, ապրուստս էլ՝ հետը… Ես ուրախ կլինեմ, որ մեր հողերը նորից վերադառնա մեզ, երջանիկ կլինեմ, որ նորից գնամ իմ հողը, իմ տուն…»:
Հավաքված քաշաթաղցիներից մի երիտասարդ տղամարդ էլ ասաց, որ 20 տարի ապրում էին այնտեղ, իսկ հիմա ստիպված են 11 հոգով մի սենյակում ապրել.
«Ոչ մեկիս չեն թողել վեշ հանենք, ասել են՝ խի՞ եք պանիկա գցում ժողովրդի մեջ, ասել են՝ կգան, կասեն, նոր վեշերը կհանեք, ու վերջին օրը եկել ասել են՝ դավայ, հելեք»:
Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը ևս կառավարության շենքի դիմաց էր, նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ տեղահանված քաշաթաղցիների ընդհանուր թիվը 13.000 է.
«Մեր բնակչությունը տեղահանվել է սկսած հոկտեմբերի 18-ից, բռնի ձևով: Բնակչության մեծ մասը եղել է ռազմաճակատում, համայնքները հանձնվել են: Այժմ մեր պահանջն է՝ մեր գույքի փոխհատուցում: Մոտավորապես 3000 ընտանիք է տեղահանվել, որոնց մեծ մասը բնակվում է Հայաստանում»: