«Նիկոլ, Հակոբկոխյանը որ Հայաստանի պատիվն էր պահում, դու ձեր բոստանում կաթի շիշը ձեռքդ՝ հավ էիր լարում». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով երեկ «Հայահավաքի» ընթացքում տեղի ունեցած ձերբակալություններին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին, որ երբ ինքը նոր էր եկել իշխանության, պնդում էր, թե Կառավարության դուռը ժողովրդինն է:
«Դու ասում էիր, որ Կառավարության դռները բոլորի համար բաց են, ժողովուրդը կարող է ոտքով, քացով բացել, արա, ժողովուրդն երեկ եկել էր խաղաղ, առանց զենքի, առանց որևէ բանի, ուզում էին մտնել շենք, քանի որ քեզ ուրիշ տեղ այլևս չեն կարողանում բռնել, որ բացատրություն ստանային քեզանից այս իրավիճակի վերաբերյալ, ինչո՞ւ ես 10 շարք ոստիկան կանգնացրել, կամ ամոթ չունե՞ք, Իսրայել Հակոբկոխյանի նման մարդուն բերման եք ենթարկում, ձերբակալում եք, գետինը մտնեն էդ ոստիկաններն էլ, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր հրամանով են արել: Արա, Նիկոլ, Իսրայել Հակոբկոխյանը, որ Հայաստանի պատիվը բարձր էր պահում, դու ենթադրաբար, էդ ժամանակ ձեր բոստանում կաթի շիշը ձեռդ՝ հավ էիր լարում: Էդ տարիքում եղած կլինի: Պատմությունը Ձեզ չի ներելու»,- ասաց Պետրոսյանը:
Անդրադառնալով ԱԺ-ն ինքնալուծարելու մասին խոսակցություններին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ աշխարհում չկա նման բան, որ պետական մարմինն ինքնալուծարվի:
«ԱԺ-ն ժողովրդի կողմից ուղղակի մանդատ ստացած մարմին է: Նիկոլ Փաշինյանի իրավաբանական անգրագիտությունը հասել է տիեզերքի բոլոր աստղերին, գերազանցել ա: Ասում է՝ ինքնալուծարվի, ինչի՞ համար ինքնալուծարվի, կարա՞նք իմանանք: Ես այնպես չէ, որ ԱԺ կազմից գոհ եմ, այնտեղ մարդիկ կան, որ իրենց վկայականը 3 օրով կորցնեն, չեն հիշի, թե ի՞նչ են աշխատում, բայց դա չի խնդիրը, հիմա, այս պահին ինչի՞ պետք է ԱԺ-ն լուծարվի, ինչի՞ պետական բյուջեից այդքան ծախս անենք, նոր ընտրություններ անենք, եղբայր, դո՞ւ ես խորտակել ամեն ինչ, ձախողել կառավարման գործընթացը, դո՞ւ ես ձախողել պատերազմը, բարի եղիր՝ հել գնա, դու ես խորտակել պետությունը, հիմա ընկել՝ ուզում է ԱԺ-ն լուծարի»,- հարց ուղղեց Պետրոսյանը: