«Նիկոլ Փաշինյանը Եղիշե Չարե՞նցն ա, թե՞ Հովհաննես Շիրազը, էդ ի՞նչ գրող ա, որ դու նրան կարդացել ես». Գևորգ Պետրոսյանը՝ իմքայլական պատգամավորին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի պնդմանը, որ եթե Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանի հետ անհամաձայնություններ ուներ, կարող էր գալ, դա ներկայացնել «Իմ քայլը» խմբակցությանը, ասաց.
«Այսինքն` Արցախի պատերազմը լուծվում է «Իմ քայլը» խմբակցությունում, հլը սրանց վերաբերմունքը նայեք: Այսինքն՝ Արցախի պատերազմում, այդ ծանր մարտերի մեջ գեներալների աշխատուժը, ունակությունը, ռազմական փորձագետների, տեղի Պաշտպանության բանակի հրամանատարի, տեղի Պաշտպանության նախարարի, այնտեղի մարտնչած զինվորների, գնդապետների կարծիքն ընդհանրապես կարևոր չի, ասում է՝ Դավիթ Տոնոյանը թող գար «Իմ քայլը» խմբակցության հետ քննարկեր: Ես ուզում եմ իմանալ՝ «Իմ քայլը» խմբակցությունում ո՞ւմ հետ էր քննարկելու, օրինակ՝ Արփի Դավոյանի՞, Արթուր Մանուկյանի՞, Ալեն Սիմոնյանի՞, ո՞ւմ հետ պետք է քննարկեր Դավիթ Տոնոյանը Արցախի պատերազմի հարցը: Նման անլուրջ վերաբերմունք էս պատասխանատու պահերին, սա ոչ ավել, ոչ պակաս՝ պետական դավաճանություն է, դրա համար մենք որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, մենք սխալ ենք ասում, մենք չպետք է ասենք՝ միայն Նիկոլ Փաշինյանը, Փաշինյանի թիմն է պետական դավաճանության մեջ մխրճված: Իհարկե, մի քանի նորմալ մարդիկ կան, ես չեմ կարող ասել, որ բոլորը նույնն են»,- ասաց Պետրոսյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը, անուն չհնչեցնելով, անդրադարձավ նույն պատգամավորի մեկ այլ պնդման.
«Այդ նույն պատգամավորը, կներեք, մանդատակիր է, պատգամավոր չէ, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, չլինելով ռազմական խոշորագույն մասնագետ․․․ այսինքն՝ Փաշինյանը մասնագետ է, բայց խոշորագույն չէ, արա, Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ բանակ չի գնացել, ի՞նչ մասնագետի մասին է խոսքը: Նիկոլ Փաշինյանը ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտին: Իրենք վախենում են օբյեկտիվ բան խոսեն, որովհետև կարող ա ծեծ ուտեն»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը մեջբերեց պատգամավորի մեկ այլ հարցազրույց ևս, որում նա ասել է, թե Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի հետ չի ունեցել այնպիսի զրույց, որը հետո կարող են օգտագործել իր դեմ:
«Այս նույն մարդն ասում է՝ վարչապետն իմ ճանաչած, լսած, իմ կարդացած մարդկանցից մեկն ա, բառացի ցիտում եմ, որ ոչ մեկի հետ չի ունեցել այնպիսի զրույց, որը որևէ մեկը այդ զրույցը վաղն օգտագործի իր դեմ: Դուք հասկանո՞ւմ եք, թե էս ի՞նչ միտք է, նախ Նիկոլ Փաշինյանը Եղիշե Չարե՞նցն ա, Հովհաննես Շիրա՞զն ա, Մա՞րքսն ա, Էնգե՞լսն ա, էդ ո՞ր գրողն ա, որ դու իրան կարդացել ես, էդ մարդը սկի համալսարանը չի ավարտել, էդ ի՞նչն ես կարդացել դու: Երկրորդ՝ նա ամբողջ ազգին իր կեղծ խոստումներով խաբեց, հիմա ասում են՝ նա էն միակ մարդն ա, որ իր դեմ ոչ մեկը չի կարող բերել դնել նենց մի բան, որ ինքը ասել ու չի արել, այսինքն՝ խաբել է: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ 1 ստախոսն ա: Նա ինչ ասել, չի արել»,- ասաց Պետրոսյանը և հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2017թ․ Շուշիում խմել է այն ազատագրողների կենացը, վերջում էլ ասում է, թե Շուշին հայկական չէր:
Պետրոսյանն անդրադարձավ նույն պատգամավորի մեկ այլ պնդման ևս, թե եթե չեն ուզում, որ որևէ պատգամավոր կամ վարչապետը շարունակի աշխատել, ապա թող դիմեն դատարան:
«Պատգամավոր լինելով՝ նա չի իմանում, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար չեն դիմում Ընդհանուր իրավասության դատարան: Ասում է ՝ թող դիմեն դատարան, վարչապետին կամ պատգամավորին պաշտոնից հանեն․․․ հլը էս մարդկանց խելքը նայի, ու էս մարդիկ 500․000 դրամ աշխատավարձ, եսիմ ինչքան էլ փոխհատուցում են ստանում, չգիտեմ՝ ինչի՞ համար են խրախուսվում»:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ ռազմագերիների մասին խոսելիս ասել է, թե Իլհամ Ալիևը նրանց պատանդ է պահել, բայց ինչպես ֆիլմերում, նրանց էլ մի օր կվերադարձնեն:
«Ես դրան ի՞նչ ասեմ, որ սիրտս հանգստանա: Նախ՝ նրա իրավաբանական անգրագիտությունը, ԱԺ պատգամավոր կոչեցյալը, էն դերասան կոչեցյալի մասին է, չնայած՝ նա ի՞նչ դերասան, բեմում թռվռացող ամեն մեկը դերասան չէ: Նախ՝ պատանդին ռազմագերուց չի տարբերում, այս մարդու համար Քրեական օրենսգիրքը մի մութ անտառ է, չի տեսել, անգամ չի կարող ասել՝ կազմն ինչ գույնի է, վրան ի՞նչ է գրված: Դու ամոթ չունե՞ս, ասում է՝ դե, կինոների մեջ տեսել եք, մի օր կբերեն կհանձնեն, էլի: Ռազմագերուն գույքի տե՞ղ եք դրել, այսինքն՝ ամբարված գո՞ւյք է, դու մի օր չերևաս՝ տնեցիքդ հացադուլ կհայտարարեն, իրենց կտան պատերով, եթե քո համար անհանգստացող տնեցի ունես»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այս պատգամավորի համար գերխնդիրը հիմա արտահերթ ընտրություններն են: