Կրկեսի փակվելուց հետո բոլոր ծաղրածուներն ու գազաններն անցան պետական աշխատանքի. Բորիս Մուրազի
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով պետական պաշտոնյաների լռությանն ու վարքագծին, politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ պետական ամբողջ համակարգում միայն մի քանի մարդիկ համարձակություն ունեցան հրապարակային կարծիք հայտնել:
«Ցավոք սրտի, ունենք մի իրավիճակ, որ պետական ամբողջ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող ընդամենը երկու մարդ կար, ովքեր հրապարակային հայտարարությամբ քննադատեց Փաշինյանին. գեներալներից՝ Մովսես Հակոբյանը, և Նիկոլ Փաշինյանի թիմից՝ Վարագ Սիսեռյանը, որը հայտարարեց, որ չի պատրաստվում Փաշինյանի հետ շարունակել աշխատել, մնացած բոլորի դեպքում ունենք մի զանգված, որոնք իրենց զբաղեցրած աթոռներն ու ստացած աշխատավարձերը գերադասեցին հայրենիքից, որը մենք արդեն կորցրել ենք՝ Արցախը: Մենք պետք է խնդրենք ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին շատ արագ բացել կրկեսը, որ իշխանության ներկայացուցիչներին հնարավորություն տանք ինքնադրսևորվելու իրենց ոլորտում, որովհետև կրկեսը փակվելուց հետո ծաղրածուներն ու կրկեսի վարժեցրած գազաններն աշխատանք չունեին և անցել են պետական համակարգ»,- ասաց Բորիս Մուրազին:
Նրա խոսքով, այս իշխանությունը չի հեռանալու, քանի որ դեռ ապացուցելու բան ունի աշխարհին:
«Իրենք խնդիր ունեն ապացուցելու և, կարծեք թե, դրսի հանրությանն ապացուցում են, որ գործ ունեն, ցավոք սրտի, մեծամասամբ անթասիբ հասարակության հետ: Սա ևս թշնամիներին վերլուծության տեղիք է տալիս, քանի որ, եթե իրենք 2020-ի պատերազմը սկսում էին այն հաշվարկով, որ Հայաստանում բոլորը դեմ են Արցախի կորստին, ծանր կտանեն, դժվար կլինի հաղթել, Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ մեծամասամբ անթասիբ հասարակության հետ գործ ունեն, իրենց հաշվարկները հիմա հենց այսպիսի հասարակության հետ գործ ունենալով է լինելու: Իրադարձությունները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներն ու թուրքերը հանրային անթասիբության արդյունքում ստանում են այն, ինչ ուզում են, տեսնում եք՝ Սյունիքում ինչ է կատարվում»,- ասաց Մուրազին: