«Այս տարի հունվարի 28-ին՝ այսօր, մասնակցում էի 19-ամյա եղբորս՝ մեր լուսավոր Դավիթի հուղարկավորությանը». Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կորսված հույսեր
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բանակի օրը։ Ինչպես շատերի, իմ և ընտանիքիս համար ևս այս տոնը մշտապես առանձնացել է իր խորհրդանշական բնույթով և միշտ եղել է սպասելի և սիրելի։
Այս տարի հունվարի 28-ին՝ այսօր, մասնակցում էի 19-ամյա եղբորս՝ մեր լուսավոր Դավիթի հուղարկավորությանը։
Դավիթը ծառայում էր ՀՀ զինված ուժերում և արցախյան երկրորդ պատերազմի մասնակից էր։ Հոկտեմբերի 5-ից Դավիթից լուր չկար։
Շուրջ երեք ամիս ամեն օր աչքերս փակել ու բացել ենք լավ լուրի հույսով:
Սակայն երկու օր առաջ առերեսվեցի դաժան ու անողոք իրականությանը։
Կորսվեց այդքան փայփայված հույսս։
Աննկարագրելի դաժանության ու անարդարության ենք բախվել բոլորս, ովքեր ճանաչում էինք պայծառ Դավիթին և նրա ընտանիքին՝ նրա պես պայծառ ու բարի քույրերին՝ Մարինեիս, լուսահոգի Լիլիթիս, և իր բարի, ազնիվ ու համեստ ծնողներին՝ Կարենին ու Կարինեին։
Ինձ համար կորսված է նաև սիրելի տոնս, կոտրվել է հայերիս հաղթանակած ոգին։
Սա մեր պատմությունն է, մեր դժբախտությունն ու անամոք ցավը, մեկն այն հազարավոր պատմություններից, որոնք փաթաթեցին մեր բոլորի պարանոցին, որով մեզ դարձրին դժգույն ու դժբախտ։
Երանի հոգով աղքատներին….»: