ԵԱՀԿ ՄԽ-ն ակտիվ աշխատում է. Ֆրանսիան նախադրյալներ է ստեղծում համանախագահների առաջիկա այցի համար

Այս շաբաթ Լեհաստանում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հանդիպումը: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկել են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:

Այս հանդիպմանը հաջորդել է ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի զանգն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին: Ավելի վաղ Բայրամովին զանգահարել էր նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը: Միևնույն ժամանակ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ էր արել հաղթահարել ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությունը:

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պատերազմից հետո, երբ Ռուսաստանն է ղեկավարում և ուղղորդում կողմերի միջև բոլոր գործընթացները, հայտնվել են լուսանցքում և խնդիր ունեն ձևավորել բոլոր կողմերի համար ընդունելի օրակարգ այն դեպքում, երբ Ադրբեջանը, Ռուսաստանը նպատակահարմար չեն համարում այս փուլում Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը:

Նկատելի է, որ Ֆրանսիան ցանկանում է մեղմել լարվածությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում՝ կայուն շփումներ պահպանելով նաև ռուսական կողմի հետ:

Ուշագրավ է նաև այն, որ այս օրերին տարածաշրջանում է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը, ով հունվարի 26-ին Բաքվում էր, իսկ նախօրեին և այսօր՝ Երևանում: Թեև հանդիպումների օրակարգի բովանդակությունը կենտրոնացած է տնտեսական և հումանիտար համագործակցության շուրջ, նախօրեին լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը՝ ասելով, որ Մինսկի խումբը մնում է ամբողջովին ներգրավված գործընթացում:

«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը ներառում է որոշակի կետեր, բայց կան համաձայնությունից դուրս մնացած հարցեր։ Մինսկի խմբի կարևորությունը հենց այդտեղ է, զբաղվել այն հարցերով, որոնց անդրադարձ չկա։ Դեկտեմբերին Մինսկի խմբի ունեցած հանդիպումների շրջանակներում տարբեր կողմեր եկան համաձայնության, որ խումբը պահպանում է իր դերը գործընթացում։ Հետևաբար՝ մենք մյուս համանախագահների հետ մնում ենք ամբողջովին ներգրավված։ Մինսկի խմբի շրջանակներում, այս շաբաթվա սկզբին համանախագահները հանդիպել են Լեհաստանում։ Հաջորդ փուլում, կարծում եմ, օգտակար կլինի այցելել այս տարածաշրջան»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը։

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական ու առանցքային հարցը, որը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին նաև խոսել են համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Պատասխանելով հարցին, թե երբ է հնարավոր այդ հարցով առաջընթաց ունենալ, Այվազյանն ասել է․

«Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Եվ առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, և մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան»։

Հարկ է հիշեցնել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հունվարի 18-ի մեկնաբանություններն ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ռուս դիվանագետն արձանագրել էր, որ այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում ապագայում:

Նույն կարծիքին է, ըստ էության, նաև Ադրբեջանը: Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցելով Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի սեմինարին՝ ասել էր, որ Մինսկի խմբի հեղինակությունն Ադրբեջանում բավականին ցածր մակարդակի վրա է, քանի որ, նրա խոսքով, 30 տարի այդ ձևաչափից մեծ ակնկալիքներ կային կարգավորման հարցում, այնինչ նրան ոչինչ չհաջողվեց: Ուստի, ըստ նրա, ՄԽ-ն պետք է հարմարվի նոր իրողություններին՝ իր ներդրումն ունենալով կողմերի միջև վստահության ամրապնդման և տարբեր պրոյեկտների առաջմղման հարցերում: Ադրբեջանական կողմի կարծիքով, չափից ավելի և անհարկի կենտրոնացումը կարգավիճակի հարցի վրա կարող է անարդյունավետ լինել:

168.am-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը նշեց, որ այս դիրքորոշումները թույլ են տալիս ենթադրել, որ կարգավորման ապագայի հարցում երկու ճամբար է ձևավորվել, և կարգավիճակի հարցում Հայաստանը Մինսկի խմբում իր արևմտյան գործընկերների հետ նույնական մոտեցումներ ունի, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ այլ:

Ըստ նրա, Մինսկի խումբը պետք է զգույշ գործի, քանի որ մեկ անգամ արդեն իր վերջին տարածաշրջանային այցը, ըստ էության, մերժվել է և դրական մթնոլորտում չի անցել:

Վերլուծաբանն ասաց, որ դրական է համարում, որ համանախագահները հանդիպել են նախ՝ առանձին ռեժիմով, ամենայն հավանականությամբ, համանախագահ բոլոր երկրների մասնակցությամբ, այդ թվում՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի:

«Սա նշանակում է, որ համանախագահները հասկանում են, որ իրենց ներսում ևս ապագայի տեսլականի հարցում կան խնդիրներ, և ԵԱՀԿ ՄԽ-ն այս փուլում մինչ տարածաշրջանային այցը փորձում է այդ խնդիրը կարգավորել: Ի վերջո, նախորդ այցից ռուս համանախագահը բացակայում էր, թեև նշվեց առողջական պատճառ, սակայն չի բացառվում, որ խնդիրներ կան և հենց այս հարցում: ՌԴ-ն համարում է, որ Ղարաբաղն արդեն գոնե 5 տարի ունի կարգավիճակ և չի շտապում քննարկել կարգավիճակի հարցը: Սակայն ռուսական կողմի հռետորաբանությունից երևում է, որ ՌԴ-ն չի մերժում Մինսկի խումբը և զգույշ է արտահայտվում, դա նշանակում է, որ պետք է գան համաձայնության՝ սկսել քննարկումներ: Այլ հարց է, թե ինչ արդյունքների կարող են հանգեցնել այդ քննարկումները, երբ մենք ականատեսը դարձանք, թե ինչպես կարող են լուծվել հարցերը տասնամյակներով ԵԱՀԿ ՄԽ գործունեության ֆոնին»,- ասաց գերմանացի քաղաքագետը:

Ուստի, նրա կարծիքով, իսկապես կարևոր է նախ հասկանալ, թե ինչ է Մինսկի խումբն առաջարկելու կողմերին ընդունելի: Հալբախի գնահատմամբ, կարևոր է նաև հումանիտար աջակցությունը, տնտեսական համագործակցությունը, ինչը Ֆրանսիան անում է:

«Մինչ ամերիկյան համանախագահի ակտիվությունը, Ֆրանսիան է փորձում առաջնորդել արևմտյան հավակնությունները Հարավային Կովկասում: Մինչ հնարավոր այցը տարածաշրջան՝ Ֆրանսիան փորձում է մեղմել լարվածությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում, որպեսզի Մինսկի խումբն ընդունելի լինի նաև Ադրբեջանում, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապագա այցը ևս չտապալվի: Սրանում դերակատարություն ունի նաև Ֆրանսիայի հայ համայնքը: Սակայն Ֆրանսիայի քաղաքականությունը ճիշտ է, Ֆրանսիան փորձում է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, այդ թվում՝ ՌԴ ազդեցությունը ճանաչելով, ինչը նախադրյալներ է ստեղծում ԵԱՀԿ ՄԽ գործունեության համար»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս