«Հրապարակային որևէ տեղեկություն չենք կարող փոխանցել. աշխատանքները նրանց ճակատագրերի պարզման ուղղությամբ շարունակվում են». Զառա Ամատունի

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հունվարի 20-ին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների թվին և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրին։

«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռազմագերիների թվի մասին է, որը, չգիտես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հանցագործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ։ Մարալ Նաջարյանին, իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առևանգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասել էր Դավիթ Շահնազարյանը։

168.amը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե Դավիթ Շահնազարյանի ասածները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ Մարալ Նաջարյանի դեպքում, որի մասով նույնիսկ բանտախցի համարն էր ասել։

««Կարմիր խաչը» ցանկացած երրորդ կողմի ասածները չի մեկնաբանում առհասարակ, առավել ևս՝ անձանց։ Նույնիսկ իշխանությունների հայտարարությունները մենք իրավասու չենք համարում մեզ մեկնաբանելու։

Ինչ վերաբերում է անձնական դեպքերին, մասնավորապես՝ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրի կամ այցելությունների հետ կապված, այստեղ նույնպես հրապարակայնորեն հրապարակում չենք անում։ Այն, ինչը վերաբերում է այս անձանց ճակատագրերին, եթե ունենում ենք լուրեր, ապա դրանք կապում ենք ընտանիքների և համապատասխան իշխանությանն ենք տեղեկացնում։ Այս առումով, մենք՝ որպես «Կարմիր խաչի» միջազգային կոմիտե, հրապարակային որևէ տեղեկություն չենք կարող փոխանցել թե՛ այս անձանց, թե՛ մյուս անձանց վերաբերյալ։ Բայց աշխատանքները նրանց ճակատագրերի պարզման ուղղությամբ շարունակվում են, և որևէ տեղեկություն ճշտելու համար կապ ենք հաստատում ընտանիքների հետ։ Այսինքն՝ այս առումով կապի մեջ ենք ընտանիքների հետ։ Սա նշանակում է, որ աշխատանքները տարվում են, սակայն դրանք հրապարակայնորեն, հաշվետվողական ոճով չեն ներկայացվում, մենք այդպես չենք աշխատում»,- ասաց Զառա Ամատունին։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներն ու ջանքերը չեն դադարել։ Նրանց վերաբերյալ ստանալով տեղեկություններ, հաստատումներ, տեսակցություն անում են այն դեպքում, երբ նման հնարավորություն են ստանում։ Իսկ երբ նման տվյալներ չեն ունենում և որևէ նորություն ստանում են գերության մեջ գտնվողների ընտանիքներից կամ բաց աղբյուրներից, գնում են այդ անձանց հետքերով՝ օգտագործելով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի առավելությունը, ըստ որի՝ տարբեր գրասենյակներ ունի տարբեր վայրերում, այս դեպքում՝ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում։

«Սա թույլ է տալիս այդ երկրների իշխանությունների հետ մեր գրասենյակների միջոցով ուղղակիորեն առնչվել, հարցումներ ուղարկել և որևէ հաստատում ստանալուց հետո դիմել, որպեսզի տեսակցենք։ Այս առումով աշխատանքներն ընթացիկ են։ Կրկնեմ՝ այս պահին մենք չենք կարող որևէ վիճակագրական տվյալներ հրապարակել, եթե հետագայում լինի հնարավորություն՝ մենք ինչ-ինչ պատճառներով խոսենք դրա մասին, անպայման կասենք։ Սակայն այս պահին և առհասարակ մեր աշխատանքում նման բանը չենք համարում կոռեկտ»,- նշեց Զառա Ամատունին։

Հարցին՝ եղե՞լ է դեպք, երբ անհայտ կորած զինվորի ծնողները դիմել են «Կարմիր խաչին», և կոմիտեի գրասենյակները պարզել են, որ տվյալ զինվորը գտնվում է  գերության մեջ, Զառա Ամատունին պատասխանեց, որ իրենց պրակտիկայում տարբեր դեպքեր են գրանցվել, սակայն այս պահին կդժվարանա նման դեպք հաստատել։

«Մինչև չի պարզաբանվում անձի գտնվելու վայրը կամ որպիսությունը՝ որտեղ է եղել, կամ ինչ է նրա հետ եղել՝ կարող են տարբեր փաստեր ի հայտ գալ։ Անհայտ կորածի հարազատը մինչև չի պարզաբանում կորածի ճակատագիրը, դիմում է և՛ մեզ, և՛ իշխանություններին։ Սովորաբար ես միշտ շեշտել եմ, որ զինվորականների հետ կապված դեպքերը հիմնականում ուղղորդում ենք Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողով, չնայած մեր դռները բոլորի առջև բաց են։ Եթե պարզվում է, որ անհայտ կորած անձը գտնվում է գերության մեջ, այդ հարցն անմիջապես գալիս է մեր օրակարգ։ Նման իրավիճակներում մենք համակարգված ենք աշխատում, որպեսզի կարողանանք մեր աշխատանքը շարունակել և հաջողության դեպքում կապի մեջ լինել ընտանիքների հետ»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս