«Արդեն բանակցություններ, ճշտումներ են գնում: Մարդիկ իրենց տներից իրերը հանում են». Որոտան համայնքի ղեկավար
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում պատերազմից հետո սահմանազատումների շուրջ բանակցությունները դեռ չավարտված՝ ադրբեջանցիները գյուղի մատույցներում բնակվողներին 1 ժամ ժամանակ էին տվել տարածքներն ազատելու համար։
Թե ի՞նչ իրավիճակ է այսօր գյուղում և ի՞նչ է սպասվում բնակիչներին՝ մեզ հետ զրույցում հակիրճ ներկայացրեց Որոտանի համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը.
«Նորմալ վիճակ է: Արդեն բանակցություններ, ճշտումներ են գնում: Մարզպետարանից մարդիկ կան, ճշտումներ ենք անում՝ թե՛ սահմանի վերաբերյալ, թե՛ ինչքան գույք, ինչքան տուն է մնում իրենց հատվածում: Մարդիկ իրենց տներից իրերը հանում են. ով հանում է, ով չի հանում»:
Որոտանի գյուղապետը չնշեց, թե քանի տուն է զիջվում հակառակորդին. «Չեմ կարող ասել, մարզպետարանը կհաշվարկի, կասի»:
Հարցին, թե ո՞ւր են գնալու. արդյոք մարզպետարա՞նը պետք է կացարաններով ապահովի, պատասխանեց.
«Չգիտեմ, դեռ ոչ մի բանից տեղյակ չեմ, որ ձեզ ասեմ»: