Նիկոլ Փաշինյանը պետք է «վերանա և հեռանա». Վահան Բադասյան
Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել նաև Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։
«Դա պետք է անենք ազգովի և համաժողովրդական ճանապարհով: Դա հեռու չէ, սարերի հետևում չէ, մենք դա պարտավոր ենք և պետք է անենք, Նիկոլ Փաշինյանն ուղղակի կործանեց բանակը: Փաշինյանի հեռացումից պետք է սկսել, ինչպես նաև ամբողջ հրամանատարական կազմին՝ պատասխանատուներին, դատական կարգով պետք է հեռացնենք, իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն՝ պարտության սիմվոլ, այլ նաև՝ թշնամի»,- ասաց Բադասյանը:
Լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանեց.
«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»:
Բադասյանն ընդգծեց, որ Արցախի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ևս պետք է հեռանան.
«Այնտեղ նույնպես պետք է ամբողջովին փոփոխել, ամբողջ կազմը պետք է փոփոխվի՝ սկսած Հայաստանից, վերջացրած Արցախով, պետք է ամբողջովին փոխվի»:
Ըստ Բադասյանի՝ Նիկոլ Փաշինյանն այս պատերազմին պատրաստվել էր ծրագրավորված.
«Սկսած 2001 թվականից, որտեղ ինքն իր հայտնի հոդվածով հանդես եկավ, այդ օրվանից նա պատրաստվում է, և նրան պատրաստում են, նրան հայտնաբերել են դրսի ուժերը և նրան պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի»։
Լրագրողի հիշեցմանը, որ ինքը սատարում էր Նիկոլ Փաշինյանին՝ Բադասյանն ասաց.
«Ես, ցավոք սրտի, նրան սատարում էի՝ ատելով հներին։ Նա առաջին հերթին՝ դավաճանեց հեղափոխությանը, նա չպատժեց հանցավոր հներին, և առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին: Ես չգիտեի նրա ծրագրի մասին, նա դավաճանեց նաև մեզ»։
Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարեց, թե դավաճանել էին իրեն, բանակին, դրա համար էլ պարտվեցինք, Բադասյանն ասաց.
«Ո՛չ, ինքը մանիպուլյացնում է դա, ինքը ստում է, առավոտից երեկո, բացի իր պարտականությունից, զբաղվում է մանիպուլյացիայով և ստերով։ Ինքը ոչինչ չի հասկանում պետական կառավարումից, ինքը գերիների հարցով մատը մատին չի տալիս, ինքը միայն հասկանում է ստելուց և ուտելուց»։
Բադասյանն ընդգծեց, որ դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, և, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «վերանա և հեռանա».
«Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով և այսօրվանից սկսելու եմ կազմակերպել»։