«Եթե մեր դիվանագիտությունն աշխատեր, այս օրին չէինք լինի». Հադրութի վարչական շրջանի ղեկավար

Ադրբեջանի կողմից Հադրութը գրավելուց հետո հադրութցիների 75 տոկոսը տեղափոխվել է Հայաստան՝ բնակվում են վարձով տներում, հյուրանոցներում, բարեկամների տներում, և այլն,  25 տոկոսն էլ մնացել է Արցախում և բնակություն հաստատել Արցախի տարբեր գյուղերում։

Հադրութի վարչական շրջանի ղեկավար Արթուր Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ունեն բազմաթիվ խնդիրներ, սակայն այսօր իրենց քայլերն ուղղված են հադրութցիներին բնականոն կյանք վերադարձնելուն։

«Հիմա հադրութցիների մեծ մասը՝ 75 տոկոսը, Հայաստանում է, իսկ 25 տոկոսը՝ Արցախում։ Ուզում ենք, որքան հնարավոր է՝ Արցախի գյուղերում, մեր անվտանգ գոտիներում տեղավորենք հադրութցիների մի մասին, այսինքն՝ ով ցանկություն հայտնի։ Մյուսների համար էլ՝ պետք է սպասենք, մինչև տներ կառուցեն, նոր աստիճանաբար տեղավորվենք։ Հիմա նրանց տրամադրվող օգնությունն այդքան էլ համակարգված չէ, մարդ կա՝ հինգ անգամ է օգնություն ստանում, մեկն ընդհանրապես չի ստանում, խառըխշտիկ վիճակ է։ Այսօր այս հարցերը պետք է մեր գյուղապետերի հետ քննարկենք»,- նշեց Արթուր Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս չեն հաշվարկել, թե Հադրութի հետ միասին որքան ֆինանսական միջոցներ են կորցրել, քանի որ այնտեղ կան բազմաթիվ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներ։

Նա վստահ է՝ եթե իշխանությունը ճիշտ քայլեր ձեռնարկի, ապա հադրութցիների մեծ մասը վերադառնալու է Արցախ, Հայաստանում կմնան շատ քչերը։

«Գիտե՞ք՝ հիմա ինչ վիճակ է Արցախում՝ թուրքերն ու ադրբեջանցիները ցանկանում են խաղաղապահ ուժերին ցույց տան, որ իրենք լավն են, ներկայանում են՝ որպես գրագետ ու խաղաղասեր մարդիկ, բայց մենք հո գիտե՞նք, որ այդպես չէ։ Ասում եմ՝ մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ մենք սրա վրա պետք է աշխատենք, սադրանքների չտրվենք։ Կարծում եմ՝ ճիշտ է, որ Արցախում խաղաղապահ ուժեր են տեղակայվել, դեռ մի բան էլ ուշացրել ենք, շուտ պետք է բերեին այդ ուժերին։ Ինչևէ, հիմա ունենք այն, ինչ ունենք, խաղաղապահների հետ պետք է ճիշտ ձևով աշխատենք, մեր հարցերը ճիշտ ձևով ներկայացնենք՝ ամբողջական»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հադրութի և Շուշիի կորստին, որոնք երբեք բանակցությունների մաս չեն կազմել, և հարցին՝ հնարավո՞ր է դիվանագիտության ու բանակցությունների միջոցով դրանք վերադարձնել, Ա. Բաղդասարյանը պատասխանեց, որ դիվանագիտական ճանապարհով առհասարակ հայկական կողմը որևէ բան անելու շանսեր չունի։

«Եթե մեր դիվանագիտությունն աշխատեր, ապա վաղուց շատ բաներ կանեինք և այս օրին չէինք լինի։ Կարծում եմ՝ թուրքը դիվանագիտության լեզուն չի հասկանում, և դժվար թե դիվանագիտության միջոցով նրա հետ լեզու գտնենք։ Պատմականորեն դաշտավայրային Արցախը հայկական հող է, երբեք ադրբեջանական չի եղել։ Մեր ժողովուրդը որոշ շրջան այդ վայրերում չի բնակվել, որովհետև դաշտավայրերում թշնամու դեմ պայքարելու հնարավորությունները քիչ են եղել, դրա համար էլ մեր ժողովուրդն իր քաղաքները, գյուղերը պատել է պաշտպանական դիրքերով։ Այդ հարթավայրերում աստիճանաբար խցկվել է թշնամին և տարածվել սարերում ու ձորերում։ Շամխորը, Քարվաճառը և մնացյալը պատմականորեն հայկական տարածքներ են, դա ապացուցված է, այդ տարածներում կան բերդեր, եկեղեցիներ․․․»,- շեշտեց նա։

Պատմական արդարությունը վերականգնելու և կորցրած տարածքները վերադարձնելու համար, ըստ նրա՝ առաջին նախապայմանը հզորանալն ու ճիշտ քայլեր իրականացնելն է։

«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Ես, իհարկե, կարող եմ ցույց տալ վերադարձնելու ճանապարհը, բայց հիմա չեմ բարձրաձայնի, գուցե այն մեկի համար ճիշտ լինի, մյուսի համար՝ սխալ։ Եթե հիմա ասեմ՝ պատերազմով վերադարձնենք, վստահ եմ, ժողովուրդն ասելու է՝ այս իրավիճակում այս ո՞վ է, որ նման բան է ասում։ Նախ՝ ապավինենք Մինսկի խմբին, որպեսզի խաղաղությամբ բանակցենք, այնուհետև՝ պատերազմին։ Մեր տարածքների վերադարձնելը միանշանակ իրատեսական եմ համարում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս